«Բավականաչափ թերակատարում ունենք. դա լուրջ մարտահրավեր է». Արկադի Խաչատրյան
«Արտաքին պարտքն ու կապիտալ ծախսերն առհասարակ փոխկապակցված հարցեր են։ Կապիտալ ծախսերի իրականացումը մեծացնում է տնտեսական աճն ու տնտեսական ներուժը, իսկ տնտեսական ներուժը հնարավորություն է ստեղծում ապագայում պետական պարտքի սպասարկման համար, այսինքն՝ այդ հարցերը չի կարելի իրարից տարանջատ քննարկել։ Երկուսն էլ էապես փոխկապակցված են և միմյանց փոխլրացնում են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարել է 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրված արտաքին պետական պարտքի նվազման մասին և նշել, որ դա պետական միջոցներն արդյունավետ ծախսելու արդյունք է, ինչը, սակայն, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ այսօր չարված կապիտալ ծախսերը վաղվա չստացած տնտեսական աճն է. «Առհասարակ, եթե կապիտալ ծախսեր, ներդրումներ չլինեն տնտեսության մեջ, ներուժը գնալով նվազում է, ինչն էապես ազդում է պետական պարտքի սպասարկման, նոր պարտք վերցնելու կարողությունների վրա, տնտեսական ապագա զարգացման հնարավորությունների վրա»։
Նա կարևորեց կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, սակայն ուշադրություն հրավիրեց այն խնդրին, որ այս պահի դրությամբ այս տարի նախատեսված կապիտալ ծախսերը ևս թերակատարվում են.
«Ոչ միայն անցած տարվանը թերակատարվեցին, այլ նաև այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում բավականաչափ թերակատարում ունենք։ Իսկ դա լուրջ մարտահրավեր է տնտեսության պոտենցիալի ավելացման առումով, առանց այն էլ մենք խնդիր ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով։ Արդյունավետության բարձրացումը չափազանց կարևոր հարց է, բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, այսօր կապիտալ ծախսերը չանելը ևս արդարացված չի որևէ ձևով»։
Ա.Խաչատրյանը նշեց, որ դրական է այն, որ պետական պարտքը, որ տարեսկզբին գերազանցում էր ՀՆԱ 50%-ը, ծրագրվում է տարեվերջին նվազեցնել այդ շեմից, քանի որ օրենքի պահանջն է, որ, երբ պարտքն անցնում է ՀՆԱ 50%-ից, կառավարությունը պարտավոր է ներկայացնել այն նվազեցնելու ուղեգիծ.
«Այս տարի նախատեսված է, որ 50% շեմից պետք է նվազի, ինչը կարևոր քայլ է պետական պարտքի կայունության ապահովման համար, իսկ դա մակրոտնտեսական կայունության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մնացածը՝ պարտքի ցանկացած ավելացում և այլն, դիտարկվում է դրա արդյունավետության տեսանկյունից։
Եթե նոր ներգրավվող պետական պարտքն օգտագործվում է նպատակային, արդյունավետ, և դա բերում է երկրի տնտեսական զարգացման պոտենցիալի ավելացման, որի արդյունքում ոչ միայն ավելանում են սպասարկման կարողությունները, կարողանում ես մարել այն, այլև ապահովել լրացուցիչ տնտեսական աճ և զարգացում երկրի համար։ Այդ համատեքստում պետք է պարտքը քննարկել։ Իսկ առանձին դիտարկումներ, թե այսքան պարտքը քիչ է, շատ է, ճիշտ չեն։ Քաղաքականությունը դիտարկվում է բազմավեկտոր բոլոր ցուցանիշները հաշվի առնելով»։