«Դա կլինի դեմարշ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ, որից կտուժենք մենք բոլորս». Ստեփան Դանիելյան
Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ
– Պարոն Դանիելյան, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:
– Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը կարող ենք երկու ձևով գնահատել, մեկը՝ որպես կողքից դիտորդ, մյուսը՝ այդ կարծիքը հիմնել որոշակի կոմպետենտ կարծիքների վրա: Այդ կոմպետենտ կարծիքներն այն մարդկանցն են, որոնք այդ պրոցեսներում դերակատարություն ունեն, բայց չեն կարող հրապարակային արտահայտվել:
Ես երկու կարծիք ասեմ, մեկը՝ իմ կարծիքը. մենք ունենք գնալով վատացող հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ անհասկանալի հարաբերություններ, որը նաև ունի օբյեկտիվ պահը, որովհետև մենք գիտենք՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ինչ զարգացումներ են գնում, և այդ իրավիճակում իրոք օբյեկտիվորեն դժվար է կողմնորոշվելը: Այդ առումով գուցե ես Նիկոլ Փաշինյանին այդքան էլ չքննադատեմ, և կան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք լավ չեն: Օրինակ՝ մինչև հիմա չի մարսվել դատարանները փակելու գործընթացը: Որովհետև դա նույն եվրոպական կառույցներում շոկ է առաջացրել: Հայաստանը մի կերպ է դրանից պրծել, որ Հայաստանի դեմ բանաձևեր չլինեն, իսկ ամեն ինչ դրան էր տանում:
Հիմա կոմպետենտ կարծիքների տեսակետն ասեմ, որոնք արտաքին քաղաքականության մեջ դերակատարություն ունեն: Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնպես շատ բացասական է գնահատվում այն պատճառով, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը բոլորի համար անհասկանալի է, և անընդհատ իրար հակասող հայտարարություններ և գործողություններ են կատարվում:
Նաև՝ մյուս կողմից նույն խորհրդարանական դիվանագիտության ոլորտում շատ ցածր մակարդակ է: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ներկայացնում են Հայաստանը, եվրոպական գործընկերների մոտ շոկ են առաջացնում: Դրանք այն մարդիկ են, որոնք գնում են բանակցությունների եվրոպական կառույցների հետ, Հայաստանի անունից հանդես են գալիս և նույնիսկ չեն հասկանում՝ դրանք ինչ կառույցներ են, դրանց մանդատը որն է, դրանց հետ ընդհանրապես ինչ լեզվով պետք է խոսել:
– Այս փուլում հավանական համարո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի այցը, նաև՝ Հասան Ռուհանիի հնարավոր այցի մասին է խոսվում. Դուք նշեցիք, որ երկուսի հետ էլ հարաբերություններն այդքան էլ հասկանալի չեն:
– Դժվար հարց եք տալիս, որովհետև այն ազդակները, որոնք գալիս են Ռուսաստանից, պետական լրատվամիջոցներից… ակնհայտորեն Քոչարյանի խնդիրը ռեալ կա, որը Ռուսաստանի ղեկավարության համար շատ կարևոր է, որովհետև դա նախադեպ է այս տարածքում, որ երկրի ղեկավարին ձերբակալում են, վաղը չէ մյուս օրը կարող է իրենց ձերբակալեն: Սա նախադեպ է, սա Քոչարյանի անձի խնդիրը չէ, և իրենց համար դա շատ կենսական խնդիր է:
Հիմա, եթե Քոչարյանը մնա բանտարկության մեջ, Պուտինը կգա, թե չի գա, նույնիսկ՝ մյուս երկրների ղեկավարները կգան, թե ոչ, տրամաբանության առումով, կարծես թե, չպետք է գան: Եթե նույնիսկ գան, ապա այստեղ երևի ինչ-որ տհաճ անակնկալներ մենք կունենանք:
Բայց, համենայնդեպս, միջպետական առումով ստանալ այն պայմանավորվածությունները, որոնք Հայաստանը կցանկանար, դա կարծես թե չի ստանա, դա կլինի դեմարշ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ, որից կտուժենք մենք բոլորս:
Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան. գազի գնի խնդիր գոյություն ունի, գոյություն ունեն տնտեսական շատ լուրջ խնդիրներ՝ հենց նույն վարորդական իրավունքների հետ կապված, էլ չեմ ցանկանում խոսել զենքի վաճառքի, ռազմական տվյալներ ստանալու մասին՝ Ադրբեջանի գործոնը հաշվի առնելով:
– Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:
– Ես կարծում եմ՝ որևէ քաղաքականություն չկա: Սրանք իրարամերժ հայտարարություններ են, որոնք ուղղակի անհասկանալի են միջազգային հանրությանը կամ այն անդամներին, որոնք ներկայացված են այս խմբում և ունեն աշխարհաքաղաքական շահեր:
Իրարամերժ հայտարարություններ են անում, չկա կոնցեպցիա, և այլն: Իրենք նույնպես լուրջ խնդիրներն ունեն և ուզում են կայուն գործընկեր ունենալ Հայաստանում, և իմ իմացած տվյալներով՝ արդեն նույն Փաշինյանի հանդեպ կա անվստահություն ոչ միայն՝ Ռուսաստանում, այլև՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, և կարծես թե նոր կուրսի պահանջ կա, երևի՝ նոր մարդու կատարմամբ:
– Այսինքն՝ Հայաստանում նոր իշխանություն կձևավորվի՞:
– Այդ պահանջը կա նաև միջազգային հանրության մոտ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, համենայնդեպս, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տրամադրությունները սկսում են լրջանալ:
– Իսկ Հայաստանում այդ պահանջը ե՞րբ կհասունանա:
– Դժվարանում եմ ասել՝ Հայաստանում այդ պահանջը երբ կհասունանա, այդտեղ կարելի է հետևել մամուլին, սոցցանցերին, հանրային տրամադրություններին և եզրակացության գալ: Ես չեմ ուզում սուբյեկտիվ լինել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում