«Կարծում եմ՝ սա ուժեղ պետության հայտարարություն է». Դավիթ Անանյան
Հայաստանում ԱԱՀ դեբետ ունեցող հարկ վճարողներ թիվը շուրջ 9000 է, որից մոտ 2835-ը հին դեբետներ ունեցողներ են։ Այսօր կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պարզեցնել հին ու նոր դեբետների վճարման խնդիրը։
Ըստ նրա՝ հին դեբետ ունեցողներին կառավարության պարտքը 56 մլրդ 443 մլն դրամ է։ Պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը վերանայվում է՝ այն 20 մլն դրամից դարձնելով 40 մլն դրամ, նախագիծն ուժի եջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչև 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց ստուգման:
«56 միլիարդից 5.5-6 միլիարդը կասկածելի ենք համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ, մենք 56-ից շուրջ 50-ը վերադարձնելու ենք մինչև տարվա վերջ»,- ասաց Դ.Անանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրանով 2 խնդիր է լուծվում՝ տնտեսվարողների շրջանառու միջոցներն ավելացվում է և պետության վրայից այդ 56 մլրդ պարտքը հանվում է։
Դ.Անանյանը հիշեցրեց, որ 2018 թ. հունվարի 1-ին Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու դրությամբ հարկ վճարողներին պարտքը կազմել է 275 մլրդ դրամ, որը հետզհետե մարվում է և 56 մլրդի հարցը կարգավորելուց հետո մնում են 72-75 մլրդ ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են.
«2020 թ. հունվարի 1-ին, կարծում եմ, որ մենք հայտարարելու ենք, որ 2 տարվա ընթացքում 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության և հարկ վճարողների հանդեպ։ Կարծում եմ՝ սա ուժեղ պետության հայտարարություն է»։
Ն.Փաշինյանը նկատեց, որ այդ 56 մլրդը ոչ ոք հույս չուներ, որ կստանա, և այս հնարավորությունը ստեղծվել է բյուջեի եկամուտների աճի շնորհիվ։
ՊԵԿ նախագահը հավելեց, որ շուտով նախաձեռնությամբ հանդես կգան, որ սառեցված նվազագույն շահութահարկի պարտքը՝ շուրջ 6 մլրդ, մարվի։