«Ամուլսարի խնդիրը ցցուն օրինակ է, թե ինչպես է այսօրվա իշխանությունն աշխատում». Վլադիմիր Մարտիրոսյան

Հարցազրույց քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանի հետ

– Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ամուլսարի մասով հետաքրքիր հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է. «Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հասարակ լուծում՝ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության, և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը»: Եթե նման հանրաքվե անցկացվի, ըստ Ձեզ՝ ի՞նչ պատկեր կունենանք, նախկին բարձր վարկանիշն ունի՞ այս իշխանությունը:

– Նախ՝ այդպիսի հայտարարությունը շատ դժվար է մեկնաբանել, այդպիսի հայտարարությունը նախ պետք է հասկանալ: Բայց այսպիսի հայտարարության առհասարակ գոյությունը, ինչը մասնավոր հայտարարություն է, այլ ոչ թե՝ քաղաքական, խոսում է այն մասին, որ 70 տոկոս վստահության քվե ունեցող ուժն արեդն խոսում է վստահության կամ անվստահության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին: Սա կամ քաղաքական որոշումների և դրանց բացարձակ բացասական ազդեցության էֆեկտ է և լուծումների որոնում, կամ ուղղակի սովորական կառավարչական և վարչարարական մեթոդաբանությանը չտիրապետելու արդյունք, երբ դու փորձում ես հասարակության հետ շփվել, խոսել, լուծումներ առաջարկել շատ բաց ռեժիմով, բայց այդ լուծումների մեջ բացարձակապես բովանդակություն չկա: Եվ սա, կարծում եմ, այդպիսի ենթադրությունների մակարդակի մասին է խոսում:

– Քաղաքական դաշտում լուրջ ընդդիմություն ձևավորվելու նշաններ տեսնո՞ւմ եք: Կան տարբեր ուժեր, որոնք այս կամ այն հարցում դեմ են արտահայտվում իշխանություններին, բայց կոնկրետ ընդդիմություն կարծես թե չկա:

– Դա օրգանական պրոցես է: Կոնկրետ ընդդիմություն, ենթադրել, որ պետք է արագ ձևավորվի, և այդ ընդդիմությունն ունենա հստակ օրակարգ, դեռ շատ վաղ է: Բայց պետք է ասել, որ հասարակության լայն զանգվածներն ունեն կոնկրետ պահանջ և կոնկրետ խնդիր՝ իրենց կողմից ձևավորած մտահոգությունները քաղաքական հարթակ տեղափոխելու, ինչը ենթադրում է, որ բնականոն և պահանջարկ ունեցող ընդդիմության ձևավորումը ժամանակի հարց է: Եկեք հասկանանք մի բան՝ աննախադեպ ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում, որոնք լեգիտիմության և լեգալության բավականին բարձր մակարդակ շնորհեցին իշխանություններին, սա Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ երևույթ էր: Իմ խորին համոզմամբ՝ այդպիսի երևույթ այլևս տեղի չի ունենալու, այդպիսի լեգիտիմության բարձր մակարդակ հայ հանրությունը որևէ իշխանության այլևս չի տալու:

– Ինչո՞ւ: Հիասթափությո՞ւն կլինի:

– Դա օրգանական, քաղաքական պրոցես չէ, առավել ևս՝ պառլամենտական կառավարման համակարգում: Պառլամենտական կառավարման համակարգը ենթադրում է բազմաբևեռ քաղաքական մասնակիցների մասնակցություն քաղաքական գործընթացներին, ինչը հետագայում նաև իր տեղն է գտնում կոնկրետ պառլամենտում: Այսինքն՝ տարբեր բևեռներ, տարբեր քաղաքական գաղափարախոսություն ունեցողներ հավակնում են իշխանության, իսկ պառլամենտարիզմի պարագայում դրա բավականին օգտավետ լուծումը, որպես կանոն, միշտ լինում է կոալիցիոն կառավարման մեթոդաբանությունը, կոալիցիոն կառավարության մոտեցումը:

70 տոկոսից ավելի ձայն ունենալ խորհրդարանական կառավարման համակարգում, օրգանապես նորմալ քաղաքական գործընթաց չէ, և քաղաքական գործընթացներն արդեն գտնվելու են իրենց բնականոն և օրգանական տիրույթում: Կձևավորվի՞ քաղաքական ընդդիմություն՝ կարծում եմ, որ կա քաղաքական ընդդիմություն, և նա բավականին էֆեկտիվ աշխատում է՝ մատնացույց անելով բոլոր այն խնդիրները, մտահոգությունները, վնասները և ռիսկերը, որոնք բոլորս տեսնում ենք այսօրվա իշխանության գործելաոճի, որդեգրած քաղաքականության, մոտեցումների առումով:

– «Մեկ Հայաստան» կուսակցությո՞ւնը նկատի ունեք:

– Ես մասնավորապես խոսում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից:

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր թեժ աշնան մասին, բայց նա դեռևս կալանավայրում է: Հետևաբար՝ թեժ աշուն ո՞ր քաղաքական ուժից կամ ուժերից պետք է սպասել:

– Մեր բոլոր եղանակային էտապները ընտրություններից հետո թեժ են: Եթե մենք խոսում ենք կոնկրետ քաղաքական էտապի, հատկապես՝ հիմիկվա մասին, ապա այս պրոցեսը քաղաքական առումով որևէ կերպ չի տարբերվում նախորդ գործընթացներից: Տեղի է ունենում հետհեղափոխական գործընթաց, բոլոր քաղաքական գործընթացները գալիս են իրենց բնականոն հուն՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության: Իշխանությունն արդեն 1.5 տարի գործունեություն է ծավալում և բնականոն կերպով կուտակել է և՛ սխալների, և՛ որոշակի խնդիրների պաշար: Այդ խնդիրների պաշարից խոսում են մարդիկ, խոսում են հանրույթները, քաղաքական կուսակցությունները, և սա շատ էական գործընթաց է: Այսինքն՝ քաղաքական գործընթացը դեռ շարունակվում է՝ գալով իր բնականոն գործընթացի և տրամաբանության մեջ, և մենք առաջիկայում, կարծում եմ, որ կտեսնենք այդ գործընթացի բավականին հետաքրքիր էվոլյուցիոն զարգացումները:

– Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը:

– Իշխանությունը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր քաղաքականության, արժեքային տրամաբանության և հատկապես՝ վարչարարության մեջ: Երկիրն այսօր ունի խորը կառավարման խնդիր: Ես չեմ խոսում լավ կառավարման մեթոդաբանության մասին, բայց բոլոր այն խնդիրները, որոնց փորձում է լուծում տալ իշխանությունը, ավելի խորանում են և ավելի անհասկանալի ուղի են բռնում: Սա կապ չունի հանրության հետ թափանցիկ աշխատելու ոճի, հասարակության առաջ հաշվետվողականության ռեժիմի հետ, որը կարծես որդեգրել և իրականացնում է իշխանությունը, սա միմիայն կապ ունի վարչարարության և լավ կառավարման խնդրի հետ, որն իշխանությունն ունի:

– Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատում են նաև ոչ պրոֆեսիոնալ կադրերի, կառավարչական հմտություններ չունենալու համար, Ձեր խոսքում էլ դա նշեցիք, ինչին նա մշտապես հակադարձում է, թե կարևորը՝ նրանք կոռումպացված չեն, իսկ փորձը ձեռք կբերեն ընթացքում: Համոզի՞չ է նրա այս փաստարկը:

– Այդ հակափաստարկից խնդիրները չեն լուծվում, այդ հակափաստարկն ավելի է ցցուն դարձնում այն խնդիրների առկայությունը, որոնց մասին բոլորը խոսում են: Սա լուրջ խնդիր է, և այս խնդիրը դեռևս ունի շատ կարճ ժամանակահատված՝ դրա խորացման միտումները և հակադարձ բումերանգի էֆեկտները առաջիկայում բնականոն կերպով շատ ավելի մեծանալու են, շատ ավելի: Օրինակ՝ Ամուլսարի խնդիրը, որը ցցուն օրինակ է, թե ինչպես է այսօրվա իշխանությունն աշխատում. ոչ թե լուծում, այլ աշխատում խնդիրների հետ, որքանով է նա կարողանում համադրել երկու շահախնդիր հանրույթների կարծիքը, որքանով է հետևություններ անում և որքանով է իր վարչարարության մեջ էֆեկտիվ: Սա լրջագույն խնդիր է, որը ցցուն օրինակ է նույն լավ կառավարման, այլ ոչ թե՝ ուղղակի կառավարման առումով:

– Կարծիքներ կան, որ վերջին գործողություններով՝ Ամուլսարն ապաշրջափակելու կոչը, «Սասնա ծռերի» հետ հանդիպումը, Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին մասնակցությունը, այն դեպքում, երբ նախկինում հենց ինքն էր քննադատում նման հարսանիքներին իշխանությունների մասնակցությունը, Փաշինյանը լուրջ հարված հասցրեց իր իմիջին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլերը:

– Տարերային և չբալանսավորված: Ես այդ քայլերը գնահատում եմ՝ սցենարային առումով մինչև վերջ չմշակված, դրանց մինուսները և պլյուսները չհաշվարկած, սեփական վարչարարական ռեսուրսի առումով՝ թերացած: Սրանք խնդիրներ են, որոնց մասին հասարակությունն արդեն սկսել է խոսել և մատնացույց անել այդ խնդիրները: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այդ խնդիրներն օրգանական, բնականոն են իրենց պարագայում, որովհետև քաղաքականությունը բազմաշերտ երևույթ է, և որքանով է այսօրվա իշխանությունը կարողանում այդ բոլոր շերտերում ճիշտ իմպուլսներ զգալ և այդ իմպուլսները կարողանալ գոնե քիչ թե շատ կառավարել, մենք տեսնում ենք այսօրվա դժգոհությունների մակարդակով:

Երբ ես խոսում եմ լավ կառավարումից, սա ուղղակիորեն քննադատություն չէ, ես ընկալում եմ սա՝ որպես իրողություն, և դրա բացակայությունն այսօր՝ որպես իրողություն: Մենք կարող ենք մի շարք հարցերի մասին խոսել, որոնք իշխանությունը որակում է՝ որպես նախորդներից փոխանցված: Բոլոր իշխանությունները լուծում են բարդագույն խնդիրներ, դա իշխանության համար առաջին գործառույթն է՝ լուծել խնդիրներ, հասարակությանը պահել հանդարտ վիճակում և չներգրավել հասարակությանը՝ խնդիրների բոլոր շերտերի մեջ:

Նույն Ամուլսարի խնդրի պարագայում մենք տեսնում ենք, որ իշխանությունը հասարակությանը ստիպեց լուրջ դեբատի և քննարկումների մեջ մտնել: Հասարակությունն իր ֆունկցիան արեց լավագույն կերպով, իշխանությունը իր որոշման, ճիշտ քաղաքականության առումով, շահախնդիր խմբերի հետ աշխատելու առումով խորը թերացավ: Ես շատ հաճախ մտածում եմ, որ մենք առավել բարդ, առավել խորը խնդիրների առջև չկանգնենք, որովհետև այսպիսի վարչարարական, կառավարչական մոտեցումը շատ ավելի բարդ խնդիրների դեպքում մեր իշխանություններին շատ ավելի բարդ ընտրության առաջ կկանգնեցնի, նույն՝ որոշումների ընդունման առումով նաև:

– Իսկ հնարավո՞ր է, որ ինչ ճանապարհով եկել են իշխանության, նույն ճանապարհով հեռանան իշխանությունից` հաշվի առնելով հասարակության մեջ առաջացող ընդվզումները:

– Մեր հասարակությունը կարծես թե միշտ պահանջում է էվոլյուցիա, բայց լուծումը տեսնում է ռևոլյուցիայի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ մեր ժողովուրդն ունի լրջագույն պոտենցիալ էվոլյուցիայի համար, ռևոլյուցիաները միշտ չէ, որ բերում են այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց ակնկալիքն ունի նույն ռևոլյուցիա կատարողը: Մենք պետք է հանդարտվենք, մեր հասարակությունը պետք է կոնցենտրացնի իր ողջ արժեքային, ներուժային պոտենցիալը, և պետք է լինեն և լրջագույն պատասխանատվություն ստանձնեն այն ուժերը, որոնք կյանքի կկոչեն ոչ միայն շահախնդիր խմբերին, ոչ միայն ժողովրդի ձգտումներն ու պահանջները, այլ բոլոր այդ երևույթներին կնայեն մի քիչ հեռվից, մի քիչ ավելի լայն դիտանկյունով, և կյանքի կոչեն նաև ազգային շահերը, որոնք կենտրոնական և առանցքային դերակատարություն կարող են ունենալ պետության զարգացման համար:

Սա պետական քաղաքականության ամենակենտրոնական ֆունկցիան է, և դա կարող են անել միայն այն ուժերը, որոնք ոչ թե պարբերաբար հագուրդ են տալիս հասարակության ռևոլյուցիոն պահանջներին, այլ նաև լրջագույն ռեսուրս և պոտենցիալ ունեն՝ էվոլյուցիա ապահովելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս