Բաժիններ՝

«Ես հասկանում եմ, որ վարկանիշի կտրուկ անկման պարագայում ծագում է անհագուրդ անհրաժեշտություն՝ ինչ-որ բաներ լավ նկարագրելու». Տնտեսագետ

«Ես հասկանում եմ, որ վարկանիշի կտրուկ անկման պարագայում ծագում է անհագուրդ անհրաժեշտություն՝ ինչ-որ բաներ լավ նկարագրելու, սակայն պարբերաբար բարձրաձայնված ցուցանիշները համալիր բնույթ չեն կրում, որպեսզի իսկապես ցույց տան տնտեսական զարգացման, այդ ուղղության լավ կամ վատ կողմերը: Սա հենց վերաբերում է նաև արտաքին պարտքին»,- անդրադառնալով արտաքին պարտքի նվազան միտումների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբույքան վերջին գրառմանը՝ 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»:

Տնտեսագետը, սակայն, նման հայտարարությունները համարում է լոկալ բնույթի. «Պարտքի ավելի փոքրացման միտումները դեռևս ոչինչ չեն նշանակում. ընդհանրապես, պարտքը՝ լինի ներքին թե արտաքին, բոլոր պարագաներում պետք է հետապնդի մի նպատակ՝ տնտեսության աշխուժացման, տնտեսական կարևոր ծրագրերի իրականացման: Այսինքն, եթե դա պակասել է, նշանակում է՝ մենք, փաստորեն, այդպիսի ծրագրեր չենք իրականացնում, այսինքն՝ դա չի կարելի որակել՝ որպես հաջողություն և բարձրաձայնել. դա կարող է այդպես ընկալվել այն մարդկանց կողմից, որոնք երևույթի հետ բացարձակապես կապ չունեն»:

Վ. Բոստանջյանը համեմատության համար հիշատակեց նաև միջազգային մի քանի օրինակներ՝ նկատելով, որ խնդիրը ոչ թե պարտքի մեծության մեջ է, այլ  դրա ռացիոնալ օգտագործման. «ԱՄՆ-ի նման հարուստ, զարգացած երկրի  պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 120 տոկոսը, նույնը՝ Ճապոնիայում և մի շարք այլ զարգացած երկրներում»:

Ըստ նրա՝ մեր պետությունը՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա պարտքային ռեսուրսները լավ չի օգտագործում. «Միայն այն հանգամանքը, որ 2019 թվականի անցյալ վեց ամիսների ընթացքում 74 տոկոս կապիտալ ծախսերը չեն կատարվել, և դրա հաշվին մենք կարողացել ենք որոշակի աշխատավարձերի բարձրացում ապահովել, նման  վիճակը կարելի է բարձրաձայնել, բայց դա տնտեսության համար առոչինչ է»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս