Մանուկ Նիգոյանի դասագրքային պատասխանը «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի հայտարարությանը
Ցավում եմ, որ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները հաճախ չեն տիրապետում Հայաստանի Հանրապետության այն օրենքներին, որոնց առնչվում են ամեն աշխատանքային օր, և հետևաբար հաճախ, անտեղյակության արդյունքում, նրանք իրականացնում են օրենքից դուրս գործողություններ։ Առավել ցավում եմ այն դեպքերի համար, երբ ՀԿ֊ն, իմանալով իր իսկ թույլ տված օրինախախտումների մասին, դրանք շտկելու փոխարեն փորձում է հակընդդեմ մեղադրանքների միջոցով հասարակությանը համոզել, թե իրենք սուրբ են, իսկ իրենց մեղադրողները` ստոր տառակերներ:
Ուրեմն այսպես.
Ես ասել եմ, որ «Գրքի երևանյան փառատոն»-ը «Մշակութային հասարակություն» ՀԿ֊ին տրվել է առանց մրցույթի։ Դրամաշնորհային ծրագրերը ֆինանսավորելու նոր ընթացակարգը բնավ կապ չունի «Գրքի երևանյան փառատոն»-ի հետ, դրամաշնորհային ծրագրերի աջակցության մրցույթին կարող են մասնակցել ՀԿ֊ներն իրենց սեփական նախաձեռնություններով` դրանց իրականացման համար նախարարությունից ստանալով մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում։
«Գրքի երևանյան փառատոն»-ը 2017-ին հիմնադրվել է Մշակույթի նախարարության կողմից, որի համար նախարարությունը, դարձյալ խախտելով ընթացակարգերը, առանց օրենքով նախատեսված մրցույթի, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Միհր» ՀԿ-ին։ Հաջորդ տարի՝ 2018-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է «Գրքի երևանյան փառատոն»-ի կազմակերպիչ դառնալու մրցույթ, որին մասնակցած ՀԿ֊ները ներկայացրել են փառատոնի ծրագիր և նախահաշիվ, որում նշել են նաև սեփական աղբյուրներից տրամադրվող ֆինանսավորման չափը: Ցավոք, մրցույթը ձախողվեց ու այդպես էլ չկայացավ, որովհետև նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորություններն ու ունեցած տեղեկատվությունը, դրանք ծառայեցրեց ի շահ հայտ ներկայացրած ՀԿ֊ներից մեկի։ Արդյունքում առաջացած անհամաձայնությունները չլուծվեցին, և փառատոնը համատեղ ուժերով կազմակերպելու մասին ՀԿ֊ների բանակցությունը ձախողվեց, իսկ նախարարությունը որոշեց փառատոնն իրականացնել իր հիմնադրած Հայաստանի Ազգային գրադարան ՊՈԱԿ֊ի միջոցով` պետբյուջեից տրամադրված հատկացումը ծախսելով պետության հիմնադրած կազմակերպության միջոցով: «Մշակութային հասարակություն» ՀԿ֊ն հայտարարել է, որ մշակույթի նախարարությունը պետական պատվերով (փակագծերում նշել է «տենդեռ») կարող է իրականացնել տետր կամ գրիչ առնելու պատվեր: Ի պատասխան տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենքի 2֊րդ հոդվածում հստակ գրված են օրենքում կիրառված տերմինների բացատրությունները։ Մասնավորապես, հոդվածը սահմանում է հետևյալը. «Գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում»:
Հետևաբար, «Գրքի երևանյան փառատոն»-ի կազմակերպման համար հայտարարված մրցույթից հետո ընտրված մասնակցի հետ նախարարությունը կարող է և պարտավոր է կնքել փառատոնի կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագիր:
«Մշակութային հասարակություն» ՀԿ֊ն, խոսելով իր գործունեության մասին, նշել է «7 տարիներ» արտահայտությունը։ Ես մեծագույն հարգանք եմ տածում բազմաչարչար ՀԿ֊ի և նրա հերոսական կենսագրություն ունեցող աշխատակիցների նկատմամբ, բայց թույլ տվեք նկատել, որ 2012 թվականին հիմնադրվածՀԿ֊ն իր կայքում նշել է, որ ծրագրերն ավարտվում են 2015 թվականին, և վերսկսում 2019֊ին` «Գրքի երևանյան փառատոն»-ի համար դրամաշնորհ ստանալով: Ուրախ կլինեմ իմանալ, որ իմ ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՀԿ֊ի նախագահ Հասմիկ Խեչիկյանը երկար տարիներ չի բացակայել Հայաստանի Հանրապետությունից, այլ ի հեճուկս իշխանությունների ռեպրեսիաների ու ճնշումների, շարունակել է իրականացնել ծրագրեր, որոնց մասին պարզապես մոռացել են նշել իրենց կայքում:
ՀԿ֊ն հավաստել է, որ ունի բոլոր իրավունքներն իրենց ստվերային գործունեության ծավալելու մասին զրպարտություն տարածած մարդկանց պատասխանատվության կանչելու։ Ես էլ իմ կողմից պարտավոր եմ հայտնել, որ ինձ համար մեծ պատիվ է պաշտպանել Հայաստանում գործող յուրաքանչյուր ՀԿ-ի իրավունքի անկաշկանդ իրացման ցանկացած փորձ, հետևաբար, այո՛, կոչ եմ անում րոպե առաջ պատասխանատվության ենթարկել բոլոր զրպարտիչներին, որովհետև զրպարտությունը մեղք է, այն որևէ աղերս չունի գրականության և բարոյական արժեքների հետ, ու զրպարտիչները պիտի օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տան Հայաստանի քաղաքացիների առաջ նրանց ապակողմնորոշելու, ստելու և հերյուրանքներ տարածելու համար:
«Մշակութային հասարակություն» ՀԿ-ն, խոսքն ուղղելով ինձ հայտնում է, որ Հասմիկ Խեչիկյանը ոչ թե նախարարության, այլ Ազգային գրադարան ՊՈԱԿ-ի աշխատակից է, և իր աշխատանքային պայմանագիրը կնքված է ՊՈԱԿ-ի հետ։ Այո՛, աշխատանքային պայմանագրի մի կողմում իսկապես Ազգային գրադարան ՊՈԱԿ-ն է, մյուս կողմում՝ քաղաքացի Հասմիկ Խեչիկյանը։ Բայց ի՞նչ է ՊՈԱԿ-ը. բացեմ հապավումը՝ Պետական ոչ առևտրային կազմակերպություն: ՊՈԱԿ-ների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածն ասում է, որ ՊՈԱԿ-ի հիմնադիր կարող է հանդիսանալ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ՊՈԱԿ-ն իր կանոնադրական նպատակների իրականացման ամբողջ ընթացքում հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ կառավարության կողմից լիազորված պետական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հետևաբար, երբ ՊՈԱԿ-ի աշխատակիցը, աշխատանքային պայմանագրի ժամկետի ընթացքում օգտագործելով ՊՈԱԿ-ում իրեն վստահված պաշտոնը և այն տեղեկատվությունը, որն ի պաշտոնե հասանելի է իրեն և հասանելի չէ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներին, օգտագործում է ի շահ իրեն, նշանակում է, որ նա ստացել է արտոնյալի կարգավիճակ, և հետևաբար դարձել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասնակից։ Առավել ևս, երբ Հասմիկ Խեչիկյանի կողմից ղեկավարվող Գրքի հանրահռչակման բաժնի գործառույթները վերաբերվում են ո՛չ թե Ազգային գրադարան ՊՈԱԿ-ին, այլ նախարարությանը։ Ասվածի ապացույցն է Ազգային գրադարան ՊՈԱԿ-ի կայքում տեղադրված պաշտոնական փաստաթուղթը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է՝ «Գրականության հանրահռչակման բաժինը» «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որն անցկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության գրական դրամաշնորհային ծրագրերի, գրականության և մամուլին տրվող աջակցության մրցույթները, վերահսկում ֆինանսավորում ստացած գրական մամուլի և գրքերի հրատարակման կամ գնման գործընթացները, կազմում պետական պատվերով և պետական աջակցությամբ տպագրված գրքերի անվճար բաշխումը: Ստացվում է, որ տիկին Խեչիկյանը, լինելով նախարարությանը գրական դրամաշնորհային ծրագրերի, դրանց վերաբերյալ մրցույթների և ֆինանսավորումների կազմակերպման և վերահսկման գործընթացի պատասխանատուն, շրջանցել է սեփական պաշտոնից բխող լիազորություններն ի շահ իր կազմակերպության:
ՀԿ֊ն, նշում է, որ որպես սրտհովանք գանգատվողների հայտնում է, թե փառատոնը կազմակերպելու է ոչ թե Խեչիկյանը, այլ վերջինիս կողմից լիազորված Դոլմազյանը։ Հարգելի գործընկերներ, նախ՝ մենք ոչ թե գանգատվողներ ենք, այլ Հասմիկ Խեչիկյանի գործատուներն ու նրան աշխատավարձ վճարողները։ Հետևաբար, մեր հայտարարությունները ոչ թե գանգատներ են, այլ հրամաններ կամ պահանջներ: Իսկ լիազորության վերաբերյալ հայտնում եմ, որ ՀԿ-ի նախագահի կողմից մեկ այլ անձի լիազորություն տալը վերջինիս իրականացրած գործողություններից բխած պատասխանատվությունից չի ազատում ո՛չ լիազորող անձին, ո՛չ լիազորող մարմնին, այսինքն՝ անկախ լիազորագրի առկայությունից գործընթացը շարունակում է մնալ «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի և վերջինիս նախագահ Հասմիկ Խեչիկյանի պատասխանատվության դաշտում:
Ամենակարևորը՝ Մշակութային հասարակությունը ՀԿ-ն նշում է, որ իրենք գրքի փառատոն իրականացնելու դրամաշնորհի հայցով դիմել են նախարարությանը, և հաշվի առնելով, որ նրանց ծրագիրն իր ձևաչափով համապատասխանում է «Գրքի երևանյան փառատոն»-ին վերջինս ստացել են աջակցություն «Գրքի երևանյան փառատոն»-ի կազմակերպման համար: Այսինքն, վստահեցնում են, որ իրենց ՀԿ-ի և Գրքի երևանյան փառատոնի ձևաչափային նմանությունը զուտ պատահականություն է:
Հարգելի համաքաղաքացիներ, Ձեր ուշադրությունն ուզում եմ սևեռել այս հանգամանքի վրա և հայտնել, որ «Մշակութային հասարակություն» ՀԿ֊ն երբեք չէր կարող նույն ձևաչափով ծրագրի հայտ ներկայացնել, եթե նախարարության կողմից հիմնադրված ՊՈԱԿ-ի պաշտոնյա համարվող տիկին Խեչիկյանը չտիրապետեր նախարարության ներքին տեղեկատվությանը, պայմանավորվածություն չունենար ոլորտը համակարգող փոխնախարար Նարինե Թուխիկյանի և գրական ծրագրերը նախկինում աշխատանքային պայմանագրով, իսկ վերջին մեկ ու կես ամիսներին՝ առանց աշխատանքային պայմանագրի համակարգող Արմեն Սարգսյանի հետ: Նարինե Թուխիկյանը ևս, պատասխանելով իմ հայտարարություններին, ասել է, թե Մանուկ Նիգոյանը ևս կարող էր նման հայտ ներակայացնել, շահել դրամաշնորհ ու կազմակերպել այդ փառատոնը։ Հարգելիներս, ո՛չ Մանուկ Նիգոյանը, և ո՛չ որևէ այլ մարդ նման հայտ չէր կարող ներկայացնել, որովհետև Մշակույթի նախարարությունը չի հրապարակել որևէ հայտարարություն առ այն, որ փոխվում է Գրքի երևանյան փառատոնի կազմակերպման ձևաչափը, ինչպես նաև այն, որ նախարարությունն այսուհետ չի հանդիսանալու փառատոնի կազմակերպիչ: Նման հայտարարություն եղել է կուլիսներում, նախարարության պաշտոնյաների սենյակներում, որտեղ Հասմիկ Խեչիկյանի ներկայությունը պայմանավորված է եղել զբաղեցրած պետական պաշտոնով։ Ուստի Հասմիկ Խեչիկյանը, չարաշահելով պաշտոնը, տիրապետել ու ի շահ իրեն է ծառայեցրել այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չի եղել Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիներին: Եվ վերը շարադրածս գործընթացին չի խանգարել նաև այն հանգամանքը, որ գրական դրամաշնորհային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի անդամները, նկատելով ակնհայտ կոռուպցիոն ռիսկ, փորձել են կանխել «Մշակութային հասարակություն» ՀԿ-ին «Գրքի երևանայնան փառատոն» կազմակերպելու համար դրամաշնորհ տալու որոշումը։ Մասնավորապես, սույն թեմայով ժողովի ընթացքում հանձնաժողովի անդամ Հայկ Համբարձումյանը նկատել է, որ փառատոնի կազմակերպիչը պիտի ընտրվի առանձին մրցույթով:
ՀԿ-ն հարկ է համարում նշել, որ Մանուկ Նիգոյանը ևս նախարարության կողմից երբեմն տարին երկու անգամ ստացել է դրամաշնորհներ։ Թույլ տվեք շտկել՝ եղել են տարիներ, երբ իմ կազմակերպությունը ոչ թե երկու, այլ երեք, չորս և երբեմն հինգ անգամ ստացել է դրամաշնորհներ տարբեր ծրագրերի իրականացման համար, ծրագրեր, որոնց մասին տեղյակ եք բոլորդ, որին մասնակցել են բոլոր ցանկացողները, ծրագրեր, որոնց ֆինանսական և բովանդակային հաշվետվությունը ներկայացվել է նախարարությանը, և որոնք չեն արժանացել որևէ առարկության, կասկածի տակ չի դրվել ֆինանսների օգտագործումը կամ պետական բյուջեի նկատմամբ բարեխղճությունը: ՀԿ-ի ներկայացուցիչները գրել են, որ պարոն Նիգոյանը և նրա հետևում կանգնած անձինք դժգոհ են, քանի որ սովոր են՝ «եթե ոչ մենք, ապա ոչ մեկը» կարգավիճակին: Ինձ համար խորթ է «հետևում կանգնած անձինք» արտահայտությունը, իմ համախոհներն ու ընկերները միշտ կանգնել են կողք կողքի, ոչ թե առջևից կամ հետևից: Մյուս չակետներում մեջբերված մեղադրանքը պատասխանի չեմ արժանացնի, որովհետև սա ոչ թե մանկապարտեզի կամ բակի տղաների վեճ է, այլ հանուն պետական շահի, հանուն արդարության, հանուն կոռուպցիայի վերացմանն ուղղված պայքար, պայքար, որը չեմ պատրաստվում արժեզրկել փողոցային արտահայտություններով:
ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Նարինե Թուխիկյանի ինձ ուղղված պատասխանին չեմ արձագանքում, որովհետև աշխատում եմ չշփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատեհապաշտության րոպեներին մոռանում են իրենց պաշտոնների ժամանակավորության մասին, և, ընդունելով բուրժուական կեցվածք, փորձում են ոչ թե շտկել իրենց ոլորտում ծագած խնդիրները, այլ հասարակությանը թվալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ:
Հ․Գ. Ես Ձեզ հավաստիացնում եմ, «Գրքի Երևանյան փառատոն»ը տեղի չի ունենալու, քանի դեռ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրա կազմակերպումը չի բերել օրինականության դաշտ, և չի հայտարարել Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված մրցութային գործընթաց:
Հարգանքով
Ձեր՝ Մանուկ Նիգոյան