«Այո՛, մեծ հաշվով, սա փախուստ է». Էդգար Առաքելյանը՝ իր մանդատից հրաժարվելու մասին
Պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր որոշման պատճառները:
«Խոսքն այն մասին է, որ կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես և հասկանում ես, որ այդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներ են լինելու, որ ավելի վաղ փուլում չես կայացրել այդ որոշումը: Եթե մարդը չունի քաղաքականությամբ զբաղվելու համար պահանջվող որակները, օրինակ՝ չես կարողանում թեթև վերաբերվել այնտեղ, որտեղ միշտ մինչև պատգամավոր դառնալդ ծանր կտանեիր դա, այսինքն՝ չես կարողանում ցինիզմով վերաբերվել, ասել՝ կանցնի-կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում, և քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, և դու պարբերաբար կարող ես անհամաձայնություն ունենալ դրանց հետ, բայց անընդհատ կրել պատասխանատվություն որոշումների համար, որոնց հետ ընդհանրապես կամ այնքան էլ համաձայն չես, եթե դա տևական ժամանակ է լինում, դա ուղղակի հոգեկան տառապանքների է բերում մարդուն: Ես չեմ չափազանցնում: Ես շատ ծանր ապրումներ եմ անընդհատ ունեցել, որովհետև ես չեմ կարողանում թեթև նայել, մոռանալ, անցնել-գնալ, ասել՝ դա ինձ չի վերաբերում»,- ասաց Է.Առաքելյանը:
Ըստ նրա՝ թիմային աշխատանքը ենթադրում է, որ պետք է առնվազն լռել, եթե որևէ հարցի հետ համաձայն չես, կամ չարտահայտվես այնպես, ինչպես կարտահայտվեիր, եթե չլինեիր այդ թիմի անդամ:
Է.Առաքելյանի խոսքով՝ նախքան թիմի անդամ դառնալը մտածել է, որ նոր Հայաստանում կարևոր է իր ստանձնելիք առաքելությունը՝ ներքին ժողովրդավարության գործում սեփական լումայի ներդրում: Նա նշեց, որ հաճախ նաև հրապարակային է ասել տարբերվող կարծիք, սակայն ժամանակի ընթացքում գիտակցել է, որ այդպես շարունակելը ճիշտ չէ:
Անդրադառնալով իր թիմակիցների հորդորներին, որ իր տեսակն անհրաժեշտ է խորհրդարանին, և պետք է հրաժարվի մանդատը վայր դնելուց, Է.Առաքելյանը նշեց. «Դա առաքելություն է, իսկ առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, դժբախտ սրտով առաքելության չեն գնում: Իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաքելությունն անում: Պարոն Կարապետյանն ասել է, որ սա փախուստ է: Այո՛, մեծ հաշվով, սա փախուստ է»:
Հարցին՝ թիմը լավ բան չի՞ անում, ճի՞շտ չի գործում, պատգամավորը պատասխանեց. «Դրա մասին չի խոսքը: Այս քաղաքական ուժը լավագույն բանն է, որ եղել է Հայաստանի հետ՝ անկախությունից սկսած: Այն ազատության աստիճանը, որ մենք այստեղ ունեցել ենք, միջանձնային հարաբերությունները, այդ ամենը կա և չի խաթարվել այս ընթացքում: Ես խոսում եմ ավելի գլոբալ բաների մասին: Այսինքն՝ դու կարող ես համաձայն լինել 1000 որոշման հետ ու պաշտպանել դրանք, բայց կարող ես 3 որոշման հետ համաձայն չլինել, ու տեսնում ես, որ առաջիկա 4.5 տարում այդպիսի որոշումների քանակը կարող է ավելի շատ լինել: Եվ եթե այդ 3 որոշումների հետ դու հաշտ չես, ծանր ապրումների են բերում, պետք է ժամանակի հետ քո մեջ ձևավորես հատկություններ, որ ավելի թեթև տանես նման բաները, թե որոշելու ես, որ այս ֆորմատով չես կարող աշխատել: Այսինքն՝ այստեղ քաղաքական թիմը չի, Նիկոլ Փաշինյանը չի, «Իմ քայլը» չի, ՔՊ-ն չի, որևէ թիմում, եթե մարդն էսպիսին է, ինքը խնդիր է ունենալու: Սա լավագույն քաղաքական թիմն է եղել, որևէ մարդ կարող էր պատկերացնել: Ես՝ գալով այստեղ, այսպիսի առողջ մթնոլորտ չէի կարող պատկերացնել: Հակասություն չկա»:
Է.Առաքելյանը հույս հայտնեց, որ նոր անդամներ թիմից չեն հեռանա:
Նա հերքեց մամուլում տարածված լուրերը, որ ինքը ցանկացել է Արման Բաբաջանյանի հետ անկախ պատգամավորական խումբ ստեղծել.
«Ես կասկածներ ունեմ, որ սա պայմանավորված է իմ այն նախաձեռնությամբ, որ հետո խեղաթյուրվել է, իմ այն գործընկերներին, որոնք դեմ դիրքորոշում ունեն Ամուլսարին, առաջարկել եմ պարոն Փաշինյանին բաց նամակ գրել, դիրքավորվել «դեմ» դիրքորոշում ունեցող պատգամավորներ, և ինչպես «կողմ» դիրքորոշում ունեցող պատգամավորներն են ազատ խոսում, մենք նույնպես այդ ձևով մեր ճիշտն առաջ տանենք, այսինքն՝ հնարավորինս հրապարակայնացնելով հարցը, ավելի մեծ կշիռ ստանանք, որպեսզի վաղ փուլում կարողանանք կանխել Ամուլսարի հարցում որոշումը, որովհետև Ամուլսարը, միևնույն է՝ հանք չի դառնալու, սար է մնալու»: