«Հայ-ռուսական հարաբերություններում կա կիսատ-պռատ մտքերի շարան, խառնաշփոթ իրավիճակ, անհետևողականություն, ասել՝ մեկ, անել՝ մեկ այլ բան, ջուրծեծոցի». Կարախանյան

«Հայ-ռուսական հարաբերություններում բացակայում է համակարգված աշխատանքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկելիք ԵԱՏՄ գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությանը հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաձայնությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ այս օրերին հայաստանյան մամուլում ակտիվորեն քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ այցի կայացման հարցը: Նշենք նաև, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՌԴ նախագահը դեռ չի այցելել Հայաստան, սակայն պաշտոնական մակարդակով այդ այցի կայացման շատ տարբեր ժամկետներ են քննարկվել շուրջ մեկ տարի շարունակ: Որոշ փորձագետներ ՌԴ նախագահի այցի ձգձգումը բացատրում են հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաձայնություններով կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով:

Ռուսաստանցի լավատեղյակ փորձագետների խոսքով՝ ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանություններին դիմել է Քոչարյանի հարցով և ստացել մերժում, որի պատճառով էլ երկկողմ հարաբերություններում փոխըմբռնման պակաս է առաջացել: Վերջին շրջանում շատ են քննարկումները նաև այն մասին, որ ՌԴ նախագահը ՀՀ կատարելիք այցի շրջանակում գուցե փորձի տեսակցել անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին:

Սմբատ Կարախանյանի խոսքով՝ իհարկե, իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում միանշանակ չէ, ինչի համար խորը պատճառներ կան: Բայց, նրա վստահեցմամբ՝ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահը գալու է Երևան և մասնակցելու է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: «Իհարկե, կան անվտանգության տեխնիկական բնույթի հարցեր, ՀՀ հատուկ ծառայություններն ու անվտանգության մարմինները պետք է ապահովեն ՌԴ նախագահի անվտանգությունը, պետք է դիտարկեն բոլոր հնարավոր տարբերակներն ու վարկածները՝ գտնելով բոլոր ռիսկերը և հնարավոր համարելով բոլոր քայլերը: ՌԴ նախագահն իր մարդկային հատկանիշների շնորհիվ դրական վերաբերմունք ունի իր նախկին բոլոր գործընկերների հանդեպ՝ կապ չունի՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան: Տեսաք, որ Պուտինը Նազարբաևին ընդունեց Կրեմլում, այսինքն՝ մարդկային հատկանիշներից ելնելով՝ նա պարզ հարաբերությունները պահպանում է իր նախկին գործընկերների հետ:

Ուստի այն մարմինները, որոնք պետք է ապահովեն ՌԴ նախագահի անվտանգությունը Հայաստանում, պետք է դիտարկեն նրա տեղաշարժի բոլոր հնարավոր վարկածներն ու տարբերակները, բոլոր հնարավոր և անհնար սցենարները, այդ թվում՝ շրջանառվող վարկածը, որ գուցե փորձի քրեակատարողական հիմնարկում տեսակցել Քոչարյանին: Սակայն ուզում եմ շեշտել, որ նման տեսակցության հարց ՌԴ նախագահի օրակարգում չկա:

Իսկ թե այդ այցի ընթացքում՝ տեղում, ինչ-որ դեպքեր ինչպես տեղի կունենան, և ինչպես կընթանա իրավիճակը՝ դա արդեն անկանխատեսելի վարկածների ժանրից է: Դա պարտավոր են կանխատեսել և վերլուծել մեր անվտանգության մարմինները, այսինքն՝ պատրաստել փաթեթները, թե այդ ընթացքում ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն: Բնական է, որ այս ամենը պետք է կատարվի հայկական ծառայությունների և իշխանությունների հետ համաձայնեցված, այս հարցերը կան, հնարավորինս քննարկվում են, ինձ թվում է՝ ստացել են պատասխանները: Բայց այսօրվա դրությամբ կա մի հստակ իրավիճակ, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին գալու է, և ոչ մի քրեակատարողական այց նախատեսված չէ: Կան սպեկուլյատիվ շատ խոսակցություններ, նաև շատ հարցեր, որոնք ունեն իրենց պատճառները: Կան խնդիրներ, որոնք հիմնականում ստեղծվում են ՀՀ իշխանությունների գործելակերպի, ոճի պատճառով: Ռուսաստանը շատ նորմալ դիրքորոշում է որդեգրել, չի միջամտում ՀՀ ներքին գործերին, սակայն կան մտահոգություններ, խնդիրներ»,- ասաց Կարախանյանը:

Ռուսաստանաբնակ գործչի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրների պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունների կողմից համակարգային, ծրագրային աշխատանք չկա Ռուսաստանի ուղղությամբ:

«Օրինակ՝ ՀՀ սփյուռքի հանձնակատարն այցելում է Մոսկվա, բազմաբնույթ հանդիպումներ է ունենում, անհասկանալի ելույթներ է ունենում ռուսական իշխանությունների համար և ռուսական իրականությունից կտրված: ԱԳ նախարարությունն ինչ-որ աշխատանքներ տանում է, բայց Ռուսաստանի հետ չկա նման համակարգված, հասկանալի աշխատանք անհրաժեշտ օղակներով, որոնք կարող են ճիշտ աշխատանք տանել: Ամենահաջողվածը Պաշտպանության նախարարության աշխատանքն է, մնացած տեսակետներից խայտառակություն է՝ անհասկացվածություն, կիսատ-պռատ մտքերի շարան, խառնաշփոթ իրավիճակ, անհետևողականություն, ասել մի բան, անել մեկ այլ բան, ոչ մի ծրագիր չիրականացնել, ջուրծեծոցի, և այլն:

Չկա համակարգված նորմալ աշխատանք, կապեր առանձին օղակների, գերատեսչությունների միջև, խողովակներ գործնական քննարկումների համար: Իշխանության վերին օղակների միջև չկա աշխատանք: Կան անհասկացվածություններ բոլոր հարցերի վերաբերյալ: Այդ հարցերն առաջանում են նրանից, որ ընթացիկ նորմալ աշխատանքները չեն կատարվում, չեն բացատրվում, կարելի է բարձրաստիճան հանդիպումների ժամանակ շատ հարցեր քննարկել, բայց մինչ դա և դրանից հետո պետք է նաև վերջնական փաստաթղթեր պատրաստել, այս աշխատանքը չկա, կա անիմաստ գնալ-գալ, գնալ-գալ: Եթե իշխանություններին թվում է՝ իրենք աշխատում են Ռուսաստանի հետ, ապա ասեմ, որ այդ աշխատանքն անպտուղ է, այդ մակարդակի վրա լինելը կիսագրագիտության դրսևորում է:

ՌԴ իշխանությունը Հայաստանից ակնկալում է համակարգված խողովակային հստակ ծրագրավորված աշխատանք՝ բոլոր հարցերի մանրամասն բացատրություններով: Եթե այս աշխատանքը տեղի ունենա, ընդհանրապես ոչ մի հարց չէր առաջանաս: Երբ այդ աշխատանքը չկա, ցանկացած հարց՝ լինի Շիշկին, հանձնել-չհանձնելու հարց, տարբեր միջպետական հարցեր, չէին ստեղծվի: Իսկ երբ այդ աշխատանքը չկա, ռուսական լրատվամիջոցներն իրավիճակները վերցնելու են, իրենց տեսանկյունից՝ օբյեկտիվ նյութեր են հրապարակելու, հայկական կողմին էլ դա դուր չի գալու, ասելու են. «Ինչո՞ւ այսպես եղավ»: Է աշխատեք, բացատրվեք, հասկացեք: Ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է»,- նման կարծիք հայտնեց Սմբատ Կարախանյանը:

Հարցին, թե սա պարզապես վատ աշխատանքի՞, թե՞ քաղաքական որոշման հետևանք է, Կարախանյանը պատասխանեց, որ 1.5 տարի է անցել, և այս իրավիճակները հանգեցնում են կասկածների, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում աշխատել, խուսափում են լուրջ, բաց աշխատանքից, քանի որ ծրագրեր ունեն, ինչ-որ հարցեր կան, որոնք հետագայում բերելու են իրավիճակների վատթարացման, և կարծիք կարող է լինել, որ դա դիտավորյալ քաղաքականություն է:

«Բայց մյուս կողմից էլ՝ ռուսական կողմն այսօրվա դրությամբ դեռ սպասում է, վերագրում է անհասկացվածությանը, համարում այս ամենը խառնաշփոթ իրավիճակների հետևանք, դեռ սպասում է, որ հույս կա՝ այս աշխատանքները կկարգավորվեն ու կգան գործնական նորմալ հարաբերությունների հուն: Երկու տեսակետներն էլ կան, և վերջնական տեսակետ չկա այն հարցի վերաբերյալ, թե իրականում չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում: Եթե այսպես շարունակվի՝ ասեն մեկ բան, բայց ներսից ռեալ աշխատանք չկատարեն, ապա այդ կասկածները կամրապնդվեն»,- ասաց Կարախանյանը:

Տեսանյութեր

Լրահոս