««Լայվերի» միջոցով ՀՀ վարչապետը փորձում է ժամանակ շահել ու գտնել ոսկե մի միջին, ինչը նրան չի հաջողվելու». Քաղաքագետ
168.am-ի զրուցակիցն ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն է
– Պարոն Մարգարյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել են, հանդիպումից հետո Սէֆիլյանը նշեց, որ քննարկել են ներքաղաքական խնդիրներ, այնուհետև ասաց, որ նախկինները պատրաստվում են ռևանշի, իսկ իրենք այն ուժն են, որը պետք է նման բան թույլ չտա։ Ձեր կարծիքով՝ «Սասնա ծռերն» ի՞նչ խնդիրներ պետք է քննարկեն վարչապետի հետ, եթե իսկապես ռևանշ լինի, ի՞նչ պետք է անեն «Սասնա ծռերը»։
– Ենթադրում եմ՝ մինչև նախկինների ռևանշին անցնելը կամ դրան զուգահեռ՝ նրանք ունեին քննարկման ևս մեկ այլ թեմա, որի շուրջ թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ «Սասնա ծռերն» ընդհանուր եզրեր ունեն: Դա Արցախում սպասվող ընտրությունների թեման է: Երկու կողմերն էլ, իհարկե, իրենց նախընտրած մեթոդներով ու նաև հնարավորություններով փորձում են ազդեցություն գործել Արցախում սպասվող ընտրությունների վրա ու այդտեղ տեսնել իրենց ցանկացած իշխանություններին: Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, հիշյալ ընտրություններին գոնե առերևույթ ուղղակի միջամտության հնարավորություն չի ունենա և կփորձի դա իրականացնել Արցախ գործուղվող հ/կ-ների միջոցով, որոնց արդեն համապատասխան բյուջե է հատկացվել: Ուղղակի միջամտության գործառույթը, ենթադրում եմ, որ վստահված պիտի լինի «Սասնա ծռեր», այսպես կոչված, «համահայկական» կուսակցությանը:
Ինչ վերաբերում է ռևանշի հնարավորությանը՝ ենթադրում եմ, որ հանդիպումն ավելի շուտ նպատակ ուներ ռևանշի կանխման ուղերձ հղել ընդդիմությանը՝ փորձելով «Սասնա ծռերի» կողմից հնարավոր զինված դիմադրության լծակն օգտագործելով՝ նրանց հեռու պահել ցանկացած քայլից, որը կարող է սպառնալ ներկա իշխանությունների դիրքերին:
– «Սասնա ծռերը» Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ դերակատարում կարող են ունենալ։
– «Սասնա ծռերի» օրինակով ու ձևաչափով խմբավորումների կարելի է հանդիպել գրեթե բոլոր այն ուժերի կողքին, որոնք իշխանության են հասնում հեղափոխությունների արդյունքում: Ժողովրդավարության, ազատությունների ու մարդու իրավունքների կարգախոսներով իրականացված հեղափոխությունների արդյունքում իշխանության ղեկը ստանձնած ուժերը գոնե որոշակի ժամանակով կորցնում են իրենց կողքին ձևավորվող ընդդիմությանը հալածելու համար ուժային միջոցներից օգտվելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ՝ չեն կարող անտարբեր մնալ իրենց իշխանությանը վտանգ սպառնացող ընդդիմության դիմաց:
Հետևաբար՝ ձևավորվում են իրավապահ շրջանակներից դուրս գտնվող, երբեմն նույնիսկ զինված «ճնշման խմբեր», որոնք պարտականություն ունեն առերևույթ իշխանություններից անկախ, հանուն «հեղափոխության վեհ իդեալների» դիմել ցանկացած քայլի: Նրանք, բնականաբար, չունեն իրավապահ ուժերի օրինական սահմանափակությունները, և միևնույն ժամանակ՝ իշխանությունները, շահելով հանդերձ նրանց գործողություններից, դրանց գործողությունների կապակցությամբ որևէ պատասխանատվություն չեն կրում: Ես դեռ մեկ տարի առաջ կանխատեսել էի, որ նման գործառույթ է վերապահված «Սասնա ծռերին»:
– Հետևելով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ այսօր Հայաստանում որքանո՞վ են հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
– Ինչպես գիտեք, ՀՀ գործող Սահմանադրությամբ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների գնալու սահմանափակ հնարավորություն է նախատեսված: Դրա համար պահանջվում է կա՛մ վարչապետի հրաժարականը, որից հետո խորհրդարանը հստակեցված երկու ժամկետներում նոր վարչապետ չընտրելու դեպքում լուծարված է համարվելու, կա՛մ խորհրդարանը պիտի մերժի նոր կառավարության ներկայացրած ծրագիրը, և կա՛մ էլ՝ կառավարության գործունեությունը սկսվելուց մեկ տարի անց նրա հանդեպ անվստահություն հայտնի ու կրկին չկարողանա նոր վարչապետ ընտրել: Նկատի առնելով ներկա ԱԺ-ի կառույցը՝ վերջին տարբերակը գրեթե բացառվում է: Հետևաբար՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միակ օրինական հնարավորությունը վարչապետի հրաժարականն է:
– Ո՞ր դեպքում երկրի վարչապետը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հնարավո՞ր է՝ վարչապետն իշխանությունը կորցնելու մտավախություններ ունի։
– Իրապես խորհրդարանական համակարգով կառավարվող երկրում հանրությանը հուզող ցանկացած թեմայի շուրջ հանրության կարծիքի և գործող վարչապետի որդեգրած ուղեգծի միջև սուր հակասություններ առաջանալու դեպքում բնական կերպով վարչապետը հրաժարական է ներկայացնում՝ ղեկավարող կուսակցությանը հնարավորություն տալով ընտրել նոր վարչապետ և պահպանել խորհրդարանում իր մեծամասնությունը:
Իսկ այսօր Հայաստանը թեև կառավարվում է խորհրդարանական համակարգով, սակայն այդտեղ իշխում է ոչ թե կուսակցությունը՝ իր ներկայացրած ծրագրով ու գաղափարախոսությամբ, այլ անձը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը, որի անձնական ցանկություններին էլ ծառայում են իր գլխավորած կուսակցության բոլոր ծրագրերն ու որոշումները: Նման իրավիճակում շատ պարզ է, որ ՔՊ-ն չունի իրավիճակի սրման դեպքում Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու ո՛չ կամք, և ո՛չ էլ հզորություն: Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանին հրաժարական կարող է պարտադրել Հայաստանի հասարակության առայժմ լուռ դիտորդի դերում հանդես եկող այն ստվար խավը, որը համբերությամբ սպասում է ապագա զարգացումներին:
Մի քանի օր առաջ՝ հղում կատարելով BBC-ի կողմից հրապարակված մի ուսումնասիրության արդյունքների, նշել էի, որ վերջին տասնամյակներում իշխանափոխության են հանգել առանց բացառությամբ բոլոր այն շարժումները, որոնց մասնակցել է հասարակության 3,5 տոկոսը: Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու համար պահանջվում է 100 հազար քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ շարժում: Միայն ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում շուրջ 60.000 ձայն էր շահել:
– Հնարավո՞ր է՝ նման բան տեղի ունենա Ամուլսարի հարցի շուրջ, կամ, օրինակ, Արցախի հարցից շեղելու համար, որից վարչապետը փորձում է խուսափել։
– Ամուլսարի հարցն ու Ստամբուլյան կոնվենցիան այն երկու կարևոր թեմաներն են, որոնք երկսայր սրի նման սպառնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Երկուսի դեպքում էլ մի կողմում՝ Հայաստանի հանրության տեսակետն է, իսկ մյուս կողմում՝ Արևմուտքի շահերը: Ինչ որոշում էլ որ ընդունի Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում դրանից ծանր հարված է ստանալու: «Լայվերի» միջոցով ՀՀ վարչապետը փորձում է ժամանակ շահել ու գտնել ոսկե մի միջին, ինչը նրան չի հաջողվելու: Իսկ ներկա պայմաններում Արցախի հարցին անդրադառնալն արդեն մի տեսակ ինքնասպանություն կարող է համարվել գործող իշխանությունների համար:
– Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Ձեր կարծիքով՝ ի՞նչ լուծում կունենա Քոչարյանի գործը, այս գործի հետ կապված՝ ո՞րն է իշխանությունների մտավախությունը։
– Ռոբերտ Քոչարյանի գործը, մեկ է` ուշ թե շուտ իր դրական լուծումը կստանա հօգուտ երկրորդ նախագահի: Առաջադրված մեղադրանքը միջազգային բոլոր չափանիշերով անիմաստ ու ծիծաղելի է թվում: Քոչարյանին մեղադրում են ՀՀ նախագահի պաշտոնում այնպիսի մի քայլի դիմելու համար, որին վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր առիթներով դիմել են Ֆրանսիայի նախագահը, Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը: Իմ մոտ այնպիսի տպավորություն գոյություն ունի, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ հարուցելով՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պարանով հորն է իջել ու չի կարողանում այդտեղից դուրս գալ: Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործընթացի մեկնարկի շեմին, եթե հիշեք, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը, կարծում եմ, անցած 1,5 տարվա ընթացքում նրանց հանրայնացված միակ հանդիպումն է եղել: Նրանք այնպիսի պատկերացում ունեին, որ արտասահմանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա, ու նրանք կկարողանան առանց արգելքի իրենց ցանկությամբ ձևել ու կտրել դատական գործը:
Բայց Քոչարյանն ավելի «դուխով» գտնվեց: Նրա վերադարձով դատական գործն այլ ընթացք ստացավ: Իշխանություններին մնում է տարբեր հնարքներով ավելի երկար ժամկետով կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին: Դա են հուշում ժամանակ առ ժամանակ երևան եկող նամակները, ցուցմունքներն ու նույնիսկ արտասահմանից հրավիրված վկաները:
Բացի անձնական վենդետայից, Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի հիմքում ընկած են մի շարք այլ դրդապատճառներ: Նախ՝ Արցախի թեման է: Արցախի հարցի կարգավորման համար տարածքների զիջման տարբերակն օրակարգ մտցվելու դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, Ռոբերտ Քոչարյանը՝ որպես հիշյալ տարածքներն ազատագրած նախագահ, անշուշտ, լուռ չի մնալու:
Հաջորդ դրդապատճառն այսօրվա իշխանության կառույցներում սորոսականների ակտիվ ներկայությունն ու Քոչարյանի հանդեպ նրանց վաղեմի թշնամանքն է: Վրաստանում, Ուկրաինայում ու Ղրղըզստանում «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ գունավոր հեղափոխությունների հաջողությունների շարանը 2008 թվականի մարտի 1-ին՝ Հայաստանում, բախվեց Ռոբերտ Քոչարյանի ամուր պատնեշին, ու նրանք կրեցին առաջին լուրջ պարտությունը, ինչը դեռ չեն մարսել:
Հիշենք, որ ՀՔԾ-ի պետի եղբայրը Հայաստանում «Սորոսի» հիմնադրամի գործադիր տնօրենն է: Իսկ վերջին ու գլխավոր դրդապատճառը նախագահության շրջանում Ռոբերտ Քոչարյանի արձանագրած տնտեսական հաջողությունները, նաև միջազգային կապերն ու վայելած հեղինակությունն են, որոնք իշխանությունների մոտ լուրջ մտավախություն են առաջացրել այն կապակցությամբ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմությանը համախմբող գործոնը:
Հիշենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից որպես կառավարության ձեռքբերում ներկայացվող տնտեսական ցուցանիշները մեծ չափերով զիջում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արձանագրված ցուցանիշներին: Որպես օրինակ՝ 2006-2008 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին երեք տարիների ընթացքում, Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի սուվերեն վարկանիշը, ինչը մեկ աստիճանով գերազանցում է 2019 թվականին հայտարարված Ba3 վարկանիշին:
Ինչ վերաբերում ՍԴ-ին, վերջերս բացահայտված սահմանադրական փոփոխությունների փաթեթում նախատեսված ու բացահայտորեն պետական կաշառք հիշեցնող առաջարկները վկայում են այն մասին, որ իշխանությունները համոզվել են, կամ ավելի ճիշտ՝ նրանց դրսից հասկացրել են, որ ժողովրդի անունից զորաշարժ կատարելով՝ չի կարելի դատարան ու ՍԴ գրավել:
– Շատ փորձագետներ նշում են, որ այսօրվա իշխանություններն այլընտրանք չունեն, քաղաքական դաշտում իշխանություններն ունե՞ն այլընտրանք, և արտախորհրդարանական ուժերից ո՞վ կարող է այսօր ստանձնել ընդդիմադիր ուժի դերը։
– Այսօրվա տվյալներով կարելի է հաստատել, որ Հայաստանի քաղաքական դաշտն ամայացած է, և չկա հզոր ընդդիմություն, որը կարող է հանդես գալ՝ որպես լուրջ այլընտրանք: Նման իրավիճակում քաղաքական ընդդիմությունը կարող է ձևավորվել ոչ թե քաղաքական որևէ ուժի, այլ խարիզմատիկ առաջնորդի շուրջ, որը հնարավորություն կունենա հանուն մեկ նպատակի (ամեն գնով ձերբազատվել ներկա իշխանություններից) իրար շուրջ համախմբել տարբեր ու երբեմն իրար հակասող գաղափարներով քաղաքական ուժերի: Ինչքան էլ որ տարօրինակ հնչի, նման խարիզմով այսօր օժտված է Ռոբերտ Քոչարյանը: Վերջին շրջանում ուղղակի կամ անուղղակի կերպով նրան իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական ամենատարբեր ուժերը՝ սկսած ՀՀԿ-ից, վերջացրած Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանիով»: Այդ մասին են հուշում նաև Ռոբերտ Քոչարյանի խոստացած «Կոնսենսուս մինուս մեկն» ու «թեժ աշունը»:
Վերջին օրերին Հայաստանում ընդդիմության առաջնորդի դերակատարությունը ստանձնելու համար տարբեր թեկնածուների անուններ են հիշատակվում: Դրանց մեջ ամենագլխավորը վերջին օրերին որոշակի ակտիվություն ցուցաբերող Միքայել Մինասյանն է: Որպես կրթված ու միջազգային դիվանագիտական փորձ ունեցող անհատ՝ անշուշտ, նա կարող է լինել ՀՀ ապագա վարչապետի լավագույն թեկնածուներից մեկը, բայց դա վերաբերում է հետնիկոլփաշինյական շրջանին:
Մինչ այդ փուլին ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելը, ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է քաղաքական այնպիսի մի դեմք, որի շուրջ կարող են կոնսենսուսի հանգել քաղաքական տարբեր մտածողություն ունեցող, բայց միևնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակում համախոհ քաղաքական ուժերի մեծամասնությունը:
Զվարթ Խաչատրյան