Տուգանքների բալային համակարգի ներդրման թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է. Հովհաննես Քոչարյան

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների բալային համակարգի ներդրման թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

«Տարեկան մեզ մոտ եթե զոհերի թիվը հաշվենք, ապրիլյան պատերազմից 3 անգամ ավելի մարդ է զոհվել մեր ճանապարհներին: Ռեալ սպառնալիք է, պետք չէ մատերի արանքով էս խնդրին նայել: Տուգանքների բարձրացումը մահերը, զոհերը, վիրավորները չի կանխարգելում: Մեզ պետք է նոր գործիքակազմ, նոր հնարավորություններ, և եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման հիման վրա, իսկ էդ փորձը միայն ինտերնետով չի նայվել, նաև համապատասխան շփումների շնորհիվ է վերլուծվել, մենք նոր կարգավորում ենք նախատեսում, նպատակը մահերը կրճատելն է»,- ասաց Հ.Քոչարյանը:

Ըստ նրա՝ ընտրվել է տուգանքների բալային միավորի հասկացությունը, որը միայն այն 20 իրավախախտումների համար է նախատեսված, որոնք առավել շատ են դառնում մահերի պատճառ, մասնավորապես՝ կարմիր լույսի տալ վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, ոչ սթափ վիճակում երթևեկելը, արագության գերազանցումը, այսինքն՝ խախտումներ, որոնց հետևանքով մարդիկ որպես կանոն հաշմվում են, զոհվում կամ վիրավորվում:

Հ.Քոչարյանը նշեց, որ նախագծի ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի 6 ամիս հետո, այդ ընթացքում կիրականացվեն իրազեկման աշխատանքներ, կբարելավեն ճանապարհների կահավորանքը՝ նշանների տեսանելիություն և այլն:

Փոխոստիկանապետի խոսքով՝ կառավարությունը հատկացրել է 1 մլրդ դրամ՝ ՃՈ մեքենաները համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցնելու նպատակով: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը միջոցներ կհատկացնի ՏԻՄ-երին՝ գծանշումներն ապահովելու համար: Նրա կարծիքով՝ դա ոստիկանությանը բնորոշ ֆունկցիա չէ, ու թեև Երևանում ոստիկանությունն է իրականացրել գծանշումները, բայց այդ օրենքը հակասում է այլ իրավական ակտերի, որոնցով այդ գործառույթը տրված է ՏԻՄ-երին:

 

Տեսանյութեր

Լրահոս