«Պուտինի գալ-չգալն արհեստական է, որ քննարկվում է մամուլում, և անհասկանալի է, ինչի՞ համար, ի՞նչ նպատակ է հետապնդում, միայն վնաս է հասցնում». Շավարշ Քոչարյան

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների խնդրի հետ կապված՝ հայկական կողմն ունի բոլոր փաստարկները և այդ ուղղությամբ աշխատում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ կրկնելով նախկինում արտահայտած իր միտքը, որ ՌԴ-ն խտրական մոտեցում է ցուցաբերում այս հարցում, քանի որ այդ սահմանափակումը կիրառվում է ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի նկատմամբ։

«Իրենք դա բացատրում են լեզվի կարգավիճակով։ Ուղղակի դրա մասին շատ է խոսվել, հիմնավորումներ եղել են, որ  կարգավիճակը լեզվի և անձի իմացությունը տարբեր բաներ են։ Այսինքն՝ կարող է լեզուն ունենալ կարգավիճակ, բայց կոնկրետ անձը չտիրապետի, և հակառակը։ Առավել ևս՝ Հայաստանում ռուսաց լեզուն պարտադիր առարկա է, ճիշտ այնպես, ինչպես հայոց լեզուն, մաթեմատիկան, օտար լեզուները։ Այդ տեսակետից մենք խնդիր չունենք»,- ասաց Շ.Քոչարյանը:

Նա միանշանակ պատասխան չտվեց հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում նահանջ կա:

«Այնքան բազմաոլորտ  ու բազմաշերտ են հարաբերությունները, որ առանձին դրվագներով չի կարելի խոսել։ Իհարկե, հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէ, որն իրենք պետք է ողջունեին։ Շատ պարզ պատճառով՝ արդեն երկրի կառուցվածքն է փոխվել, պառլամենտական է, իրենք արդեն պետք է հաշտվեն նրա հետ, որ բարձրագույն խորհրդում վարչապետն է, իսկ մինչ այդ իրենց հոգեբանությունն ուրիշ էր, որ նախագահն է։ Այսինքն՝ տարբերություններ կան, և այդ բոլորը ժամանակ է պահանջում»։

Շ.Քոչարյանի խոսքով՝ կան առանձին դրվագներ, որոնք չեն կարող խորքային, բազմաոլորտ հարաբերությունները շեղել, բայց միշտ էլ առանձին խնդիրներ կան: Նա օրինակ բերեց ամիսներ առաջ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև խնդիրները և նշեց, որ դա չի նշանակում, որ նրանք դաշնակիցներ չեն:

Թե ի՞նչ է փոխել հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերություններում, Շ.Քոչարյանը նշեց, որ ուղղակի պահանջվում էր ադապտացիա, օրինակ՝ իրենք սովոր էին, որ երկիրը ներկայացնում են նախագահներ, հիմա արդեն հաշտվում են նրա հետ, որ ոչ։

Դիտարկմանը, որ Կրեմլը պաշտոնապես շնորհավորում է պաշտոնաթող նախագահներին, փոխնախարարը պատասխանեց. «Դա արդեն իր դաշտում է, ես չեմ կարող մեկնաբանել»:

Շ.Քոչարյանը հերքեց լուրերը, թե հնարավոր է՝ հոկտեմբերին ՌԴ նախագահը չգա Հայաստան. «Որոշումը, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում լինելու է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, կայացրել են բոլոր անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Ռուստաստանի ղեկավարը։ Սա այն դեպքը չէ, որ մենք իրեն հրավիրել ենք, ինքը պետք է ասի՝ կգամ, թե չէ։ Այսինքն՝ սա համատեղ որոշում է, և այստեղ նիստ է, իհարկե՝ մեր նախագահությամբ, որովհետև մենք ենք հիմա նախագահում: Սա է: Այսինքն՝ գալ-չգալն արհեստական է, որ քննարկվում է մամուլում, և անհասկանալի է, ինչի՞ համար, ի՞նչ նպատակ է հետապնդում:

Միայն վնաս է հասցնում: Նման խնդիր գոյություն չունի: Նույնն է, որ ասեք՝ ղազախը գալու է, թե ոչ, ղրղըզը գալու է, թե ոչ: Այդպիսի խնդիր չկա: Պետությունները համատեղ որոշում են կայացրել, ամենաբարձր մակարդակով, որ 1-ին պետք է լինի նիստը: Սա այն դեպքը չի: Այ, հրավիրել ենք մենք այն պետություններին, որ անդամ չեն՝ Իրանի նախագահին, Սինգապուրի վարչապետին, Մոլդովայի նախագահին, որ ունի դիտորդի կարգավիճակ, հրավիրել ենք և պատասխան ստացել, որ իրենք ներկա են լինելու»:

Հիշեցմանը, որ 2016-ի ապրիլից հետո ԵԱՏՄ նիստը տեղափոխվեց Մոսկվա, և հիմա էլ կուլիսներում խոսվում է, որ կարող է կրկին տեղափոխվել Մոսկվա, ԱԳ փոխնախարարը հակադարձեց. «Շատ կներեք, այն, ինչ խոսվում է կուլիսներում, ես չեմ մեկնաբանում: Ես ասացի այն, ինչ գիտեմ, այն իրողությունը, որ կա»:

Տեսանյութեր

Լրահոս