Ի՞նչ գիտեր Մոսկվան Փաշինյանի իշխանության գալու մասին. մեկնաբանում է Տարասովը
«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
– Պարոն Տարասով, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Մոսկվան գիտեր Փաշինյանի իշխանության գալու մասին: Ի՞նչ նկատի ունեիք: Ինչպե՞ս Մոսկվան կարող էր նախապես տեղյակ լինել Հայաստանում տեղի ունենալիք ներքաղաքական իրադարձությունների մասին:
– Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք սերտ համագործակցում ենք Տնտեսական միության շրջանակում, մենք ունենք ռազմաբազա Գյումրիում: Այսինքն՝ մենք այստեղ լիովին օտար չենք: Oբյեկտիվ հանգամանքների պատճառով, իսկապես Մոսկվան պարտավոր էր խորությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես Հայաստանն է անում Ռուսաստանում:
Բնականաբար, մեր դեսպանատունը, մի շարք պատվիրակություններ զգում էին այն տրամադրությունները, որոնք կային Հայաստանի Հանրապետությունում հատկապես այն ժամանակ, երբ սկսվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մի քանի հանդիպումների ընթացքում ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ հարցրել էր, թե ինչպիսին է երկրում տիրող իրավիճակը բարեփոխումներից հետո: Այն, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում Երևանի փողոց դուրս բերեց 100.000 մարդու, դա ընդհատակյա չէր, չէ՞: Այդ տրամադրությունները տեսանելի էին նաև մեզ համար: Առավել ևս հայտնի է, որ Հայաստանում ակտիվորեն աշխատում էին արտասահմանյան ֆինանսավորմամբ հ/կ-ներ:
Այսինքն՝ իրավիճակը մեզ համար թափանցիկ էր, և դժվար չէր կանխագուշակելը: Իհարկե, գլխի ընկնել, որ այդ ամենը տեղի կունենա մայիսին կամ ապրիլին՝ դժվար էր, բայց բոլորը հասկանում էին, որ նախագահական կառավարման համակարգից անցումը խորհրդարանականին լի է լինելու քաղաքական ցնցումներով: Ուստի այս ամենը հասկանալու համար՝ արտասովոր փորձագետ չպետք է լինել: Բնական է, որ Մոսկվան հարցումներ է արել, թե ինչպիսի հարաբերություններ են լինելու ֆորսմաժորային իրավիճակներում: Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
– Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պարզապես կանխատեսելի էր, և ոչ թե այն, որ հենց Փաշինյանն է գալու իշխանության:
– Մոսկվան Փաշինյանին ճանաչում էր, նա թերթ ուներ, գրում էր, նա ընդհատակում չէր ծավալում իր գործունեությունը: Բայց կանխատեսել, թե ով կարող էր դառնալ այդ ծնվող շարժման առաջնորդը, շատ դժվար էր: Բնականաբար, փորձագիտական մակարդակներում քննարկվում էին նաև կադրային փոփոխությունները, այն, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Բայց ես կրկնում եմ, որ խնդիրն անձամբ Փաշինյանը չէր, այլ այն, որ իրադարձությունները, որոնք սկսեցին զարգանալ Հայաստանում, մեզ համար անսպասելի չէին:
– Հայաստանում հաջորդ ամսվա սկզբին անցկացվելու է ԵԱՏՄ գագաթաժողովը, որին նախատեսվում է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկ ավարների, ինչպես նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը, բայց կան փորձագետներ, որոնք, ելնելով ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած նոր իրողություններից, կարծում են, որ գուցե չկայանա ՌԴ նախագահի մասնակցությունն այդ գագաթաժողովին: Ըստ Ձեզ՝ անկախ այն տարաձայնություններից, որոնք նկատվում են Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև որոշ հարցերում, կկայանա՞ այդ այցը, թե՞ ոչ:
– Իրավիճակը պարզ չէ: Եկեք այսպես մեկնաբանեմ, որ պայմանավորված քոչարյանական խնդիրներով՝ ստեղծվել է լարվածություն երկու երկրների հարաբերություններում, առավել ևս, երբ մեր նախագահն առիթով և առանց առիթի շնորհավորում է Քոչարյանին, որն անազատության մեջ է գտնվում: Ռուսական կողմը նշում է, որ Քոչարյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Սա պարզապես ազդանշան է՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որ պետք չէ հաշիվ մաքրել պատմության հետ, առավել ևս՝ նախագահի հետ, ով սահմանադրորեն անձեռնմխելի է: Իսկ Փաշինյանը, ով խոսում է ժողովրդավարական նախաձեռնությունների մասին, կոպիտ ասած, օրենք է խախտում, և տպավորություն է ստեղծվում, որ նա անձնական վենդետա է իրականացնում:
Սա չի նշանակում, որ Մոսկվան չի ողջունում բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը: Բնականաբար, Հայաստանը բարեփոխումների և առողջացման կարիք ունի: Բայց պետք է նաև տարանջատել, թե ինչն է ներկայումս առաջնահերթ Հայաստանի համար: Ըստ իս, այսօր՝ ներկան, ապագան, ներուժի վերհանումն առաջ շարժվելու, և ոչ թե՝ ետընթացի համար:
Հայաստանը, բնականաբար, մնում է ռազմավարական դաշնակից, և անկախ նրանից, թե անձնապես ինչպես են դասավորվում Փաշինյան-Պուտին հարաբերությունները, պետությունների միջև հարաբերությունները պետք է զարգանան: Բայց իրերի դրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը ոչ թե պետք է Պուտինի միայն ընկերը լիներ, այլ սուպեր ընկերը, քանի որ այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում Հայաստանն է, շատ բարդ է, և Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի ուղղությամբ: Բավարար է հիշել, որ իշխանափոխությունից հետո արդեն 3-4 անգամ ղեկավարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել: Նման հաճախականությամբ Փաշինյանը որևէ ղեկավարի հետ չի հանդիպել:
Իսկ Թրամփը նրան չի ընդունել, այլ ղեկավարներն ընդունել են, սակայն տարբեր ձևաչափերի շրջանակներում: Սա նշանակում է, որ Մոսկվայի համար միևնույն չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Հայաստանում: Մենք ցանկանում ենք, որ զարգացումները լինեն միմիայն դրական, այլ ոչ՝ հեղափոխական, որի ուղղությամբ Փաշինյանն է շարժվում, ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ այս հեղափոխությամբ Փաշինյանը գոնե 5 տարով ուշացել է: Նա օգտագործել է պոպուլիզմի քաղաքականությունը, որն արդեն Արևմուտքում իր ճգնաժամային սահմանն անցել է: Ինչո՞ւ Փաշինյանը Եվրոպայում մեծ հեղինակություն չի վայելում, ինչի ակնկալիքն ուներ, քանի որ նրա փորձագետներն այլ սցենար պետք է ընտրեին, հաշվարկեին՝ իրական, օբյեկտիվ կերպով իրադարձությունների ընթացքը:
– ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում, որը դիտարկվում է՝ որպես ՌԴ-ի կողմից հարաբերությունները սրող քայլ: Ինչո՞ւ:
– Հիշեք Խաչատուրովի պատմությունը: Կրկնում եմ, որ խոսքը պատմության հետ հաշիվների մաքրման մասին է: Մոսկվան դրան դեմ է և Մոսկվան իրեն պահում է այնպես, ինչպես պահում է: Եթե հստակ փաստերով կոռուպցիոն մեղադրանքներով փաստաթղթեր ներկայացվեին Մոսկվային, ապա իրավական խորհրդակցություններ կսկսվեին, և կքննարկվեր հարցը: Մյուս հանգամանքը՝ Շիշկինի պատմությունն անհասկանալի է մեզ համար: Փորձում են հավասարը հավասարի հետ խոսել իրենց գործընկեր Ռուսաստանի հետ: Ռուսաստանը երբեք չի փորձել ստորացնել Հայաստանին, Հայաստանին մենք մշտապես համարել ենք արժանապատիվ գործընկեր, բայց մարտահրավերներ նետել Ռուսաստանին, որ մենք կանենք միայնակ, հայակենտրոնություն, մենք միայն ՀՀ շահերն ենք պաշտպանում, պաշտպանեք, ո՞վ է խանգարում, Մոսկվան ի՞նչ:
– Դուք ասում եք՝ պատմություն, իսկ Հայաստանում դա դիտարկվում է՝ ներքին գործերին միջամտություն:
– Այո, միանշանակ, դրանք ներքին գործեր են, բայց հարցն այն է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Փաշինյանի ընթացքը դեպի պատմություն, տեսնում ենք, որ բաժանում են Հայաստանը, և ոչ թե՝ միավորում: Դա ապակայունացնում է իրավիճակը: Ասեմ Ձեզ, որ Ռուսաստանում ևս իրավիճակն այդպիսին է, մի մտածեք, որ մենք դասեր ենք տալիս հայերին: Մենք զգուշանում ենք վերադառնալ պատմության էջեր ևս, քանի որ դա բաժանում է ռուսներին ևս: Մենք փորձում ենք առաջ գնալ, ոչ թե՝ հետ: Մենք պարզապես փորձում ենք ակնարկել հայերին այդ մասին, որ պետք է առաջ գնալ, ինչո՞ւ եք ետ գնում:
– Շիշկինի գործում ի՞նչն է Ձեզ համար անհասկանալի: ՀՀ միգրացիոն ծառայության այդ որոշման հիմքում քաղաքական դրդապատճառնե՞ր եք տեսնում:
– Մենք, անկեղծ ասած, քաղաքագետներ ենք, ակտիվ ներկայություն ունենք տեղեկատվական դաշտում և Շիշկինի մասին տեղեկացանք միայն հայկական ԶԼՄ-ներից, թե ով է նա, ինչով է զբաղվում, սկսեցինք գտնել տեղեկատվություն ինչ-որ մարգինալ կայքէջերից, ինչ-որ մարգինալ ելույթներ: Տարօրինակ է, որ հայերն իրենց այսպես են պահում: Հարցը Շիշկինը չէ, ի սեր Աստծո, ուզում եք՝ ապաստան տվեք նրան: Այն կոնտեքստը, որում այս ամենը տեղի է ունենում, երբ մենք ասում ենք, որ պետք չէ պատմությամբ զբաղվել, այն բոլոր մեղադրանքները, որը Փաշինյանը ներկայացնում է գեներալներին, Մարտի 1-ը, մեզ ներկայացնում են ներկան, ահա Դուք դիսիդենտ ունեք, մենք նրան կփրկենք: Փրկեք:
Դա ոչ բարեկամական քայլ է, դա փոխըմբռնման բացակայություն է: Տպավորություն ունենք, որ Հայաստանի ֆոնին Փաշինյանը ողբերգական ֆիգուր է, քանի որ հայտնվել է պետության ղեկավարի պաշտոնում շատ ծանր շրջանում պետության համար. նա պետք է շատ լուրջ խնդիրներ լուծի, նա պետք է նոր աշխարհայացք ունենա, նոր մոտեցումներ, գաղափարներ: Տպավորություն ունենք, որ նրա ողջ նոր թիմը գրքեր է կարդացել անցյալից, և նրանք փորձում են իրականացնել պրոյեկտներ, որոնք վաղուց պատմության աղբանոցում ընկած են եղել: Կամ հակասական հայտարարությունները: Մենք հայերին համարում ենք ամենաիմաստուն ազգը, հայերը ռուսական ինտելեկտուալ էլիտայի մասն են, և նման պրիմիտիվ բառապաշարով, ժարգոնով խոսել չի կարելի: Պետք է խոսել և քայլեր իրականացնել:
Եթե «Միացում» է, միացում արա, կամ ճանաչի ԼՂ անկախությունը, եթե ուզում ես Ղարաբաղը բանակցային կողմ լինի, հայտարարի, որ չես վարելու բանակցություններ առանց Ղարաբաղ, իսկ նա նախորդ սցենարով է բանակցում, ինչպես Սարգսյանի օրոք: Ոչ մեկը ոչինչ չգիտի: Նա փակ բանակցություններ է վարում, իսկ հայ ժողովրդին ասում է. «Դուք եք որոշելու»: Ամեն բան ակնհայտ է, երկակի ստանդարտներ են, որոնք քաղաքական վստահություն նրա նկատմամբ չեն ձևավորում:
Ինչո՞վ էր տարբերվում նախագահ Սարգսյանը Փաշինյանից, Սարգսյանը Մոսկվային ճիշտն էր ասում, մենք չենք պաշտպանում Սարգսյանին, մենք հանդես չենք գալիս Քոչարյանի պաշտպանության օգտին, դրանք Ձեր ներքին խնդիրներն են, բայց հարցն այն է, որ նախկիններն անկեղծ էին, մենք հասկանում էինք, այլ հարց է՝ մեզ դո՞ւր էր գալիս, մենք ողջունո՞ւմ էինք, թե՞ ոչ: Մենք գիտեինք, թե ինչ է ՀՀ իշխանությունը մտածում կոնկրետ, իսկ ներկայումս մենք չգիտենք: