«Դաստիարակչական» զգուշացում

Վերջին շրջանում տարբեր առիթներով ականատես ենք լինում, թե որքան է Ռուսաստանից խոսվում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին, և որ ՀՀ նոր իշխանություններն այդ հարաբերությունները դարձրել են այնքան փխրուն, որ դա կարող է հանգեցնել ոչ միայն ներքաղաքական, այլև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գերբարդ իրավիճակի։

Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ Սա նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան փաստացի երկրորդ անգամ մերժում է հայկական կողմի՝ քաղաքական ենթատեքստեր ունեցող հետախուզումների և արտահանձնումների դիմումը։ Սա կարելի է դիտարկել որպես հպանցիկ պատասխան վերջին շրջանում հայկական քաղաքական շրջանակներում, ինչպես նաև մեդիատիրույթում հնչող բացահայտ հակառուսական տրամադրություններին։

Զարմանալի «զուգադիպությամբ» Հարությունյանի հետախուզման մերժումը տեղի է ունենում ՀՀ-ում հընթացս հակառուսական ալիքի բարձրացման, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» խմբավորում-կուսակցության քաղաքական կոնսուլտացիաների գործընթացներից հետո։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Սեֆիլյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը ռուսական շրջանակաների սրտով չէ, և նրանք ցանկանում են արագ ազատվել նրանից։
«Ռուսական կողմը պարբերաբար արեց տարբեր գործողություններ՝ Լարսի փակում, հոսանքի անջատում և այլն: Սրանք երկիրը սոցիալապես ձախողման տանելու փորձեր էին: Հասել ենք այն կետին, որ հիմա 5-րդ շարասյունը աշխատանք է տանում: Եթե այսօր քոչարյանական կողմը կարողանում է դուրս հանել մի քանի հարյուր մարդ, ապա վաղը կարող է մի քանի հազար երիտասարդ դուրս գալ փողոց՝ առանց հատուկ վարձատրության»,-ասել էր Սեֆիլյանը:

Այսօր ունենք մի վիճակ, երբ Փաշինյանը, ով 2018-ի դեկտեմբերին տեղի ուենցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է 70 տոկոսից ավել քվե և համարվում է բացարձակ լեգիտիմ իշխանության կրողն ու պատասխանատուն, փաստացի գործընկերության անհրաժեշտություն ունի, ու այդ համագործակցությունը տեսնում է ընտրություններում 2 տոկոսից պակաս քվե ստացած ու ահաբեկչության հետ ասոցացվող ուժի հետ։ Անշուշտ, սա վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքական դաշտում առկա է վտանգավոր վակուում։ Ստացվել է այնպես, որ ՀՀ քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերից ոչ մեկը կամ չի ցանկանում համագործակցել Փաշինյանի հետ, կամ վերջինս ուղղակի չի վստահում նրանցից ոչ մեկին՝ համարելով «քրեաօլիգարխիկ» համակարգի սպասարկող և «ծախված» կառույցներ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակից կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում անընդհատ շրջանառվող այն թեզը, որ այս իշխանությունները, մեղմ ասած, չեն համակրում ՀՀ պրոռուսական վեկտորը և ամեն ինչ անում են հնարավոր բոլոր տարբերակներով դրանք «բլոկելու» համար, աստիճանաբար կյանքի են կոչվում։ Սա, բնականաբար, հղի է լուրջ ռիսկերով, քանի որ ՀՀ-ում հակառուսական ընդգծված պրոպագանդան, որը դեռևս քողարկված տանում են Փաշինյանն ու թիմակցիները, հայկական իրականության համար կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։

Նշենք նաև մի կարևոր դետալ. որ այս ողջ զարգացումները տեղի են ունենում այն փուլում, երբ առաջիկայում ՀՀ-ում սպասվում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, և հնարավոր է՝ այդ գագաթնաժողովի շրջանակներում Երևան ժամանի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ այն հանգամանքը, որ ռուսական շրջանակները ուշիուշով հետևում են հայկական հարթակից հնչող հայտարարություններին և կատարված քայլերի հաջորդականությանը, դրանում կասկած չկա։

Ասվածից կարող ենք եզրակացնել, որ Միքայել Հարությունյանի հետ կապված հետախուզումը դադարեցնելն ուղղակի կապված է ՀՀ իշխանությունների փնթի գործելաոճի ու վարած անհեռատես արտաքին քաղաքականության հետ, որը ՀՀ համար արտաքին միջավայրում օր օրի ստեղծում է պատային իրադրություն։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս