Բաժիններ՝

«Պահանջում եմ ծառայողական վարույթ իրականացնել ոլորտը համակարգող Նարինե Թուխիկյանի և գործընթացին մասնակցած բոլոր պաշտոնյաների նկատմամբ». Մանուկ Նիգոյան

Մի խումբ մարդիկ որոշել են իրենց իրավունք վերապահել խախտել ՀՀ օրենքները և ՀՀ քաղաքացիներին պատկանող միջոցները ծառայեցնել մեկ անձի: «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) դրամաշնորհ է տրամադրել Գրքի երևանյան փառատոնի համար, որը դրամաշնորհային ծրագիր չէ:

«Դրամաշնորհ տրամադրելու համար չնախատեսված պատվերի համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է դրամաշնորհ: ՀՀ Մշակույթի նախարարությունն ունի ֆինանսավորում իրականացնելու երկու տարբերակ. մեկով դրամաշնորհներ է հատկացնում տարբեր հասարակական կազմակերպությունների՝ ծրագրերի իրականացման համար, մյուսով՝ սեփական նախաձեռնությունների կամ Մշակույթի նախարարության կարիքների համար ՀՀ «Գնումների մասին» օրենքով հայտարարում է մրցույթ: Գրքի երևանյան փառատոնը Մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, և դրա իրականացման համար պետք է հայտարարվեր բաց ընթացակարգով մրցույթ, որին պետք է մասնակցեին տարբեր ընկերություններ , ներկայացնեին իրենց ծրագրերը, նախահաշիվները, և համապատասխան հանձնաժողովը պետք է ընտրեր ամենալավ, մշակութային քաղաքականությանն ամենահամապատասխան, ֆինանսական առումով ամենաշահավետ տարբերակը, այնպես, ինչպես արվել է նախորդ տարի: Մշակույթի նախարարությունը դրամաշնորհներ տալիս է ՀԿ-ներին իրենց ծրագրերն իրականցնելու համար: Այս անգամ ստացվում է, որ նախարարությունը ՀԿ-ին դրամաշնորհ է տվել իր սեփական (ԿԳՄՍՆ-ի) նախաձեռնությունն իրականացնելու համար: Չի կարող «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն իրականացնել այդ ծրագիրը, քանի ես չեմ իմացել այդ մրցույթի մասին և չեմ ներկայացրել իմ հայեցակարգը, որն ավելի շահեկան է պետության համար: Լավ, իմը չէ, քավ լիցի, Պետրոսինը, որովհետև Պետրոսը ասում է՝ պատրաստ եմ անել այդ փառատոնը առանց պետական ֆինանսավորման, օրինակ՝ մասնավոր սեկտորից օգտվելով»,-նշեց Մանուկ Նիգոյանը:

Դրամաշնորհը ԿԳՄՍՆ-ն տրամադրել է իր աշխատակիցներից մեկին պատկանող ՀԿ-ին, միչդեռ այլ ՀԿ-ներ տեղյալ չեն եղել մրցույթի մասին:

«Դրամաշնորհը տրվել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ին: Եկեք մոռանանք գործընթացի առաջին հատվածում տեղի ունեցած օրինախախտումները, համարենք, որ ամեն ինչ հրաշալի է եղել, մրցույթը կազմակերպվել է, շահել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն: Այն հիմնադրել է Հասմիկ Խեչիկյան ՀՀ քաղաքացին, որը այս պահին հանդիսանում է Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի պետը: Այդ բաժինը պարտավորված է իրականացնել հետևյալ գործառույթները՝ Մշակույթի նախարարության գրական դրամաշնորհային մրցույթների կազմակերպում և դրանց ընթացքի և ֆինանսավորման վերահսկում: Հենց այն, ինչ պետք է աներ Գրքի երևանյան փառատոնի կազմակերպման համար: Ստացվում է, որ ներսի պաշտոնյան, տիրապետելով այնպիսի ինֆորմացիայի, որին չեմ կարող տիրապետել ես, օրինակ՝ որ Գրքի երևանյան փառատոնի համար կարելի է դրամաշնորհային ծրագիր ներկայացնել, դա ծառայեցրել է սեփական շահերի համար»,- ասում է «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահը:

Ծրագրին և դրա համար հատկացվող գումարի չափին Մանուկ Նիգոյանը ծանոթ չէ, չնայած բանավոր դիմել է՝ դա իմանալու, ասել են՝ դա գաղտնի ինֆորմացիա է: Նիգոյանի տեղեկություներով՝ գումարը կազմում է մոտ 13 միլիոն դրամ:

«Ես պահանջում եմ անհապաղ չեղյալ հայտարարել 2019թ-ի վերջին եռամսյակի համար հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքները և ծառայողական վարույթ իրականացնել Հասմիկ Խեչիկյանի, ոլորտը համակարգող Նարինե Թուխիկյանի և այս գործընթացին մասնակցած բոլոր պաշտոնյանիների նկատմամբ: Մի խումբ մարդիկ որոշել են իրենց իրավունք վերապահել խախտել ՀՀ օրենքները և ՀՀ քաղաքացիներին պատկանող միջոցները ծառայեցնել մեկ անձի»,- եզրափակեց Մանուկ Նիգոյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս