«Այդ մարդուն ոչ թե պետք է առաջ տանեին, այլ կառավարությունից շպրտեին դուրս». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյուղոլորտում առկա խնդիրներին՝ ասաց, որ ոլորտը ղեկավարում են ոչ մասնագետներ, հոգածություն չկա ոլորտի հանդեպ.

«Այդպես էլ մորմազգի ցեցի դեմ չպայքարեցին, չնայած՝ Նիկոլ Փաշինյանը երեք անգամ հանձնարարական է տվել: Կամ արհամարհում են վարչապետի հանձնարարականը, կամ ուղղակի չունեն այդ մասնագետը, որ զբաղվի դրանով: Կարծում եմ՝ երկրորդն է. տնավարությամբ նշանակված անձինք այսօր քանդում են երկիրը՝ դա կլինի պառլամենտում՝ ձրիակերների մի խումբ, դա կլինի կառավարությունում՝ Լոնդոնի քուչեքը ման եկած տղաներն այսօր կառավարությունում են, թե այնտեղ ինչով են զբաղվել, պարզ չէ: Մեկն Իսպանիայի քուչեքն է քարշ եկել… բոլորի կենսագրությունը գիտենք: Նաև ոլորտի նկատմամբ հոգատարություն չկա»:

Հրաչ Բերբերյանը նկատեց՝ մի բնագավառ, որն այսօր ՀՆԱ-ի 25 տոկոսն է ապահովում, իսկ ժամանակին 45 տոկոսն է ապահովել, այսօր նախարարություն չունի. «Դրա հեղինակն ո՞վ է, ո՞վ է այնպես արել, որ Գյուղնախարարություն չլինի. մեկ-երկու հոգի են դա նախաձեռնել: Մենք մոտավորապես գիտենք՝ ովքեր են, բայց չեն խոստովանում, որովհետև Հայաստանի բոլոր գյուղացիները կթքեն իրենց երեսին, դրանից բոլորը վախենում են: Բայց մեկ է՝ ժամանակը կանցնի, կիմանանք՝ ով է եղել այդ խեղկատակը, այդ ազգի դավաճանը: Եթե մեր բանակը 90 դրամով էր կարտոֆիլ ձեռք բերում, հիմա այն ձեռք է բերում 120-150 դրամով, դա՞ էիք ուզում»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ մորմազգու ցեցի դեմ այդպես էլ չկարողացան պայքարել. «Նախկին գյուղնախարարը, որը պաշտոնի բարձրացում ունեցավ, առաջարկել էր ֆերոմոնային թակարդներով մորմազգի ցեցի դեմ պայքարել. մանկամիտ մարդկանց ուղեղի աշխատանք: Ֆերոմոնային թակարդը մոնիտորինգի համար է, ոչ թե պայքարի: Այսինքն՝ կոնկրետ հեկտարում միջին հաշվարկով քանի ցեց կա, որ փչացնում է բերքը: Կառավարություն էին ներկայացրել, որ ֆերոմոնային թակարդներ տեղադրեին: Դե, այդ մարդկանց խելքն էլ այդքան է: Փաշինյանի հանձնարարականները ձախողեցին, որի համար այդ մարդուն ոչ թե պետք է առաջ տանեին, այլ կառավարությունից շպրտեին դուրս»:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ ծիրանի մասով ահազանգեր կան Մոսկվայից. ««Food City» հանրահայտ շուկան, որտեղ հիմնականում մեծածախ բանջարեղենի առևտուրն է գնում, այնտեղ հիմնական ազդեցությունն իսլամիստների ձեռքում է: Եթե 3-4 տարի առաջ մեկ մեքենայի մուտքն այդ շուկա 20 հազար ռուբլի էր՝ բոլորի համար, ապա 2-3 տարի առաջ Հայաստանի համար դարձավ 30 հազար ռուբլի, իսկ Ուզբեկստանն ու Ղրղըզստանը մնացին էլի 20 հազար: Այս տարի Հայաստանի մեկ մուտքը՝ ծիրանով բարձված մեքենայի, 65 հազար ռուբլի էր արդեն, գումարած՝ 4 հազար ռուբլի ձևակերպման միջոցները, և օրական 10 հազար ռուբլի էլ՝ կայանի վարձ: Այսինքն՝ մեր ֆերմերի համար մոտ 1500 դոլար է նստում միայն Մոսկվայի շուկայում տեղավորվելը: Դա՝ այն դեպքում, երբ ուզբեկներն ու ղրղըզներն այդ գումարը չեն մուծում: Ավելին, նրանք մայիսին են ներկրում իրենց անորակ ծիրանը և հագեցնում շուկան:

Իսկ մեր ծիրանը շուկա է թափանցում հունիսի կեսերից: Այսինքն՝ արդեն մրցունակություն չունի: Բացի այդ՝ տեղափոխումը ևս մեզ վրա թանկ է նստում: Ուզբեկները վաճառում են 80 ռուբլով, իսկ հայ ֆերմերը, եթե շահույթ չստանա, ուղղակի ծախսերը հանի, պետք է 110 ռուբլուց պակաս չվաճառի: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիր՝ հնարավոր է՝ հաջորդ տարի կորցնենք ռուսաստանյան շուկան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս