
Շավարշ Քոչարյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի հակառուսական հայտարարությունների մասին

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ստանձնումը ռուսական կողմի սրտով չէր, որի պատճառով էլ ռուսական կողմը փորձում է օր առաջ ձերբազատվել Փաշինյանից:
Նա մասնավորապես ասել էր. «Այս ընթացքում ռուսական կողմը պարբերաբար արեց տարբեր գործողություններ՝ Լարսի փակում, հոսանքի անջատում և այլն: Սա երկիրը սոցիալապես ձախողման տանելու փորձեր են: Հասել ենք այն կետին, որ հիմա 5-րդ շարասյունը (Քոչարյանի ռեսուրսը, Արցախում մերժված դեմքեր և այլն) աշխատանք է տանում: Եթե այսօր քոչարյանական կողմը կարողանում է դուրս հանել մի քանի հարյուր մարդ, ապա վաղը կարող է մի քանի հազար երիտասարդ դուրս գալ փողոց՝ առանց հատուկ վարձատրության»:
168.am-ը Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե նման հայտարարությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ վարչապետը օրերս հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանի հետ:
Շ Քոչարյանն ի պատասխան՝ նշեց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այստեղ կա բազմակարծություն. մենք ցանկացած տիպի կարծիքի կարող ենք հանդիպել և՛ մամուլում, և՛ փորձագետների կողմից, ինչպես նաև քաղաքական ուժերի կողմից: Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում այս կամ այն կուսակցության դիրքորոշումը, որովհետև դա իրենց իրավունքն է, որպես արտգործնախարարի տեղակալ՝ դա իմ առաքելությունը չէ: Ընդամենը մի բան նշեմ, որ, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրության ժամանակ բավարար ձայներ չի ստացել, որ հայտնվի խորհրդարանում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան