««Սասնա ծռերից» սկի իրենց տանը չեն վախենում». Կոնստանտին Տեր-Նակալյան

Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը նոր «Պանդորայի արկղ» է: 168.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նրա խոսքով՝ վարչապետը նոր հենարան է փնտրում:

«Տեսական ռիսկի տեսանկյունից՝ դա նոր Պանդորայի արկղ է, որը կարող է տանել քաղաքացիական բախումների և արյունահեղության: Երբ երկրի ղեկավարը հանդիպում է ահաբեկչական խմբավորման հետ, որի վրա քրեական գործ կա, դեռ դատավարություն է ընթանում, դա կարող է նշանակել միայն մեկ բան, Փաշինյանը փնտրում է նոր հենարան, ռադիկալ հենարան, քանի որ ներկա գործիքակազմը կա՛մ չի բավարարում Փաշինյանին, կա՛մ Փաշինյանը վստահություն չունի, որ պատկան մարմինները, ուժային կառույցներն առաջիկա զարգացումներում անվերապահ լոյալ կլինեն իր հանդեպ, նա նույնիսկ վստահ չէ, որ հիմա են լոյալ: Դրա համար նա փորձում է այլ ուժային կենտրոններ գտնել, ռադիկալ, այսպես ասած, «чернорубашечник»-ներ, որոնցով կարելի կլինի սաստել թե՛ յուրայիններին, թե՛ առավել ևս ընդդիմությանը, բայց դա շատ սխալ հաշվարկ է:

«Սասնա ծռերի» «բոբո» կերպարը պայմանավորված էր միայն մի հանգամանքով, որ պետությունն արժանի հակազդեցություն չցուցաբերեց նրանց նկատմամբ, ամբողջ աշխարհում ահաբեկիչներին սատկացնում են ուղղակի: «Սասնա ծռերը» վախենալու չեն, վախենալու էին միայն այն պարագայում, երբ ինչ-որ տեղից զենք էին հայթայթել, ու կար պետական, սկզբունքային մոտեցում, որ նրանց չեն սպանելու: Հիմա, եթե երկրորդ անգամ դիմեն նման քայլերի, պարտադիր չէ զենքով, բռնության դիմեն, էլ չկա նման ներքին արգելակ, որը հետ կպահի մյուս ճամբարներին՝ Նիկոլ Փաշինյանին ու իր «մեյդան բերած» «Սասնա ծռերին» ուժային հակազդեցություն ցուցաբերելու համար: Սա «Պանդորայի արկղ» է, որը կարող է բերել քաղաքացիական բախումների: Սա ներքին կոմպոնենտն է:

Արտաքին կոմպոնենտի պարագայում պարզ է, որ նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին էլ դուր չի գա, որևիցե նորմալ երկրի դուր չի կարող գալ, երբ երկրի գործող իշխանությունները «պարտնյորական» հարաբերություններ են ստեղծում Ջեբխատ ան-Նուսրայի«, Իսլամական պետություն» խմբավորման, «Սասնա ծռերի» և այլ ահաբեկչական խմբավորումների հետ:

ԱՄՆ-ը դեռ 2016թ. արգելել էր վիզա տրամադրել բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ ձևով կապված են «Սասնա ծռերի» հետ, Ռուսաստանն էլ իր հստակ դիրքորոշումն ունի, առավել ևս, որ իրենց դիրքորոշման մեջ դոմինանտ մասը հակառուսական թեզերն են»:

Այն հանգամանքը, որ պետության ղեկավարը հանդիպել է մի խմբավորման հետ, որի կատարած գործողությունների արդյունքում  զոհվել է 3 ոստիկան, Կոնստանտին Տեր-Նակալյանն անհարգալից վերաբերմունք է համարում պետության նկատմամբ:
«Սա անհարգալից վերաբերմունք է առհասարակ պետության նկատմամբ: Պետք է հասկանալ, որ ահաբեկիչն այն ամեն ինչն է, ինչը հակադրվում է և հակասում է պետության գաղափարին, առավել ևս, ոստիկանությանն ու բոլոր ուժային կառույցներին, որոնք ջանք, եռանդ չեն խնայել, արյուն են թափել, որպեսզի այդ «լնգուլավազին» սաստեն՝ փորձելով մարդկային զոհերից խուսափել: Այո՛, եղել են մարդկային զոհեր, և սա շառաչուն ապտակ է ոստիկանությանը, բայց ոստիկանապետի վարք ու բարքից մենք տեսնում ենք, որ ինքը կարծես թե այնքան էլ դեմ չի, երբ երկրի ղեկավարն էլ չէ, «Սասնա ծռերը» ոտքերն են սրբում սպայի պատվի, ոստիկանապետի և ոստիկանության ինստիտուտի վրա և ոչ մի հակազդեցություն չեն ստանում»:

Վարչապետի հետ հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր՝ ակնհայտ է, որ հները պատրաստվում են ռևանշի, և իրենք այն ուժն են, որը թույլ չի տալու, որ դա տեղի ունենա:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ քաղաքական գործընթացների վրա Ծռերի ազդելու միակ լծակը «Զիլ»-ն է:

«Զիլի լծակներով են ազդելու, որ գալիս մտնում են տարբեր տեղեր: Իրենց թվում է, որ մի անգամ ստացվածը կամ իրենց համբավը կսաստի ու կվախեցնի մարդկանց, «վայ, հանկարծ մի բան չանենք, թե չէ Ծռերը կգան», Ծռերից սկի իրանց տանը չեն վախենում: Շատ հեշտ է «բոբո» դառնալ, երբ երկրի ղեկավարի մասշտաբով կա հստակ հրահանգ՝ չսպանել իրենց: Հիմա էլ Սերժ Սարգսյանը չկա, որ ասի՝ չսպանեք: Հիմա ես վստահ եմ, որ, եթե իրենք ուժ կիրառեն՝ կստանան համաչափ կամ գուցե անհամաչափ պատասխան, որովհետև եզակի իրավիճակ իրենք ունեն, որ իրենց, մեղմ ասած, չեն սիրում ոչ միայն ՝քաղաքացիական հասարակության ինչ-որ սեկտորում, այլ նաև նրանց նկատմամբ կա կոնսենսուսային հակակրանք ուժային մարմիններում»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս