Ո՞ր երկրների համար է ՀԱՊԿ-ում դիտորդի և գործընկերոջ կարգավիճակը

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին դրական եզրակացություն է տվել «2002թ. հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ նախագծին: Դրանով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը: Դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ կտրվի այն երկրներին, որոնք ցանկանում են այս կամ այն կերպ խորացնել հարաբերությունը ՀԱՊԿ-ի հետ:

Հաշվի առնելով Ադրբեջանի սերտ հարաբերությունները ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի հետ, հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում ադրբեջանցի որոշ պատգամավորներ և քաղաքական գործիչներ խոսում էին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկության և անհրաժեշտության մասին, կան մտավախություններ, որ այս եզրակացությունը կարող է հիմք դառնալ հետագայում Ադրբեջանին նման կարգավիճակ տալու համար:

Սակայն ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պարզաբանել էր՝ ասելով, որ Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ոչ բարեկամ որևէ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: «Մինչև այժմ կար դրույթ, որ կարող է լինել դիտորդ պետություն, այժմ կարգավորվում է նաև գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով` գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն ու համամիտ է կառույցի գաղափարախոսության հետ։ Քոչարյանի խոսքով` Հայաստանի համար կարևոր է այն դրույթը, որ նման կարգավիճակ ունեցող երկրները չպետք է կազմակերպության անդամների դեմ որևէ բան ձեռնարկեն։ «Որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնության»,- ասել էր Քոչարյանը։

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը «ոչ» ասելու հնարավորություն ունի: Քոչարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի նպատակը դրա անդամների անվտանգությունն է, ու եթե կա պետություն, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը՝ որևէ կարգավիճակ չտրամադրելու համար լրացուցիչ գործոններ պետք չեն։ «Հայաստանի դիքերն ամուր են, ու կարևոր է, որ մենք անդամակցում ենք այդ կազմակերպություններին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Պատկերացրեք, որ այնտեղ Ադրբեջանը մտներ. դա մեզ համար շատ ավելի անընդունելի կլիներ»,- նշել էր Քոչարյանը։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում հարաբերությունների կառուցման արատավոր և կուլիսային պայմանավորվածությունների բնույթը, բոլոր մտավախությունները չեզոքացված չեն: Ավելին՝ հետաքրքրական է, թե ինչ երկրներ և ինչու են ձգտում ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում, ո՞ր երկրների համար է նախատեսված ՀԱՊԿ-ի այս կարգավիճակները:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ կարևոր են փոփոխություններում տեղ գտած ձևակերպումները: «Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա դա հնարավոր է: Նման փոփոխություններն արվում են՝ ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ տարբեր պատճառներով»,- ասաց Խրամչիխինը:

Նա նշեց, որ ցայտուն կերպով նկատելի չէ Ադրբեջանի ցանկությունը՝ միանալ ՀԱՊԿ-ին կամ նման կարգավիճակ ստանալ, խորացնել համագործակցությունը: «Բայց բոլորովին բացառել ևս չեմ կարող նման ձգտումներն Ադրբեջանի կողմից, քանի որ սկզբունքորեն, բացի Հայաստանից, ՀԱՊԿ բոլոր մյուս անդամ երկրների հետ Ադրբեջանն ունի նորմալ հարաբերություններ: Սակայն, եթե Հայաստանն արգելափակի, ապա դա տեղի չի կարող ունենալ, ՀԱՊԿ կանոնադրություն չի կարող խախտվել»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ասաց, որ կուլիսային համաձայնություններ կամ գործարքներ չեն կարող լինել այս թեմայի շուրջ:

«Ես երբեմն զարմանում եմ, թե ինչպես են Երևանում գնահատում իրավիճակը: Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը որևէ տեսակի համագործակցության է ձգտում ՀԱՊԿ-ի հետ: Բայց Հայաստանն իր քաղաքականությամբ սերտացնում է ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի համագործակցությունը: Այն ժամանակ, երբ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ որոշ հանգամանքներ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, իր համար ընդունելի չեն, Ադրբեջանը հայտարարեց, որ, եթե ձեզ ձեռնտու չէ, մենք կմիանանք:

Ի դեպ, դա ասացին ոչ թե առաջին դեմքերը, այլ փորձագետները, հայերն ասացին, որ թույլ չեն տա, Շավարշ Քոչարյանը՝ օրերս, ՀՀ վարչապետը՝ ավելի վաղ, ասում էին, որ թույլ չեն տա, իսկ ո՞վ է խնդրում միանալ: Ադրբեջանն այդ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ այնպիսի ռազմատեխնիկական բարձր մակարդակի հարաբերություններ է կառուցում, որոնք շատ հեռու են Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից, ինչո՞ւ է նրան հարկավոր ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանը հասկանում է, որ ղազախները չեն գալու և իրեն աջակցեն իր խնդիրներում: Դրանք դատարկ խոսակցություններ ու մտավախություններ են:

Դիտորդի կարգավիճակը մտցվել է մեկ նպատակով, որպեսզի Աֆղանստանը, Պակիստանը, որոնք աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ քաղաքական հովանոցի կարիք ունեն, նման կարգավիճակ ստանան: Ներկայումս ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարաններում այս փոփոխությունների վավերացման գործընթացն է գնում, ժամանակը կգա՝ կդիտարկենք հայտերը, կտեսնենք, թե ով նման ցանկություն կունենա, այս ուղղությամբ դեռ լուրջ առաջընթաց չկա, ՀԱՊԿ-ը, ի վերջո, ՆԱՏՕ չէ»,- հստակեցրեց Տարասովը:

 

Տեսանյութեր

Լրահոս