Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է. Հրապարակվել է ներդրումների վիճակագրությունը   

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին կապիտալը գալու և ողողելու է Հայաստանի տնտեսությունը, առայժմ չի արդարանում։ Ճիշտ է, ներդրումները ժամանակ են պահանջում, բայց ժամանակն անցնում է, իսկ ներդրումները հեռու են ակնկալիքներից։ Անգամ իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց ներդրումային ակտիվությունը Հայաստանում ցածր է կամ առնվազն այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու ժամանակ։ Այդպես էլ չհայտնվեցին այն ներդրողները, ովքեր սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն` օր առաջ ներդրումներ անելու համար։

Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներդրումների` դրանց ծավալները շարունակում են փոքր լինել։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը չափազանց դանդաղ են ավելանում։

Հրապարակվել է այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։ Հիմնվելով այդ հրապարակման վրա, կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի չափազանց լավատեսական գրություն է հայտնվեց. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26 տոկոսով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20 տոկոսով»։

Տպավորություն է, թե բումը սկսված է։ Ցավոք, կառավարությունը մոռացել է հիշեցնել, թե անցած տարվա առաջին կեսին ինչպիսի բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում։ Հազիվ թե այդ պայմաններում որևէ մեկը կմտածեր Հայաստանում ներդրումներ անելու մասին։ Ու դա ակնհայտ դարձավ հատկապես երկրորդ եռամսյակում, երբ օտարերկրյա ուղղակի ներդրումները մի քանի անգամ կրճատվեցին։

Թե ինչքանո՞վ է տեղին հիմա համեմատել այս և անցած տարվա ցուցանիշները, թող որոշի կառավարությունը։

Բայց դա էլ կարևոր չէ։ Պարզապես շատ զարմանալի կլիներ, որ բերված ցուցանիշների հետ մեկտեղ՝ կառավարությունն ասեր նաև, թե այդ ընթացքում ինչպես են փոխվել ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։

Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբերությունն է, ինչը կարևոր ցուցանիշ է։

Բայց այդ մասին կառավարությունը գերադասել է լռել, որովհետև պատկերն իսկապես շատ տխուր է։

Տարեսկզբի առաջին վեց ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ։ Այն համարժեք է հազիվ 16 մլն դոլարի։

Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն ավելի շատ են աճել։ Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 203 մլն դոլար։ Բայց այդ թիվը չէ, որ տալիս է ներդրումների իրական բնութագիրը։ Դրանում ներառված են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը։

Այնպես որ, ներդրումների մասին խոսելիս շատ ավելի կարևոր է ուղղակի ներդրումների ցուցանիշը։ Իսկ այստեղ հպարտանալու առիթ կառավարությունը չունի։

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ։ Այսինքն` այս տարվա բացասական տարբերությունը գերազանցում է 30 միլիարդը։

Թե հատկապես ո՞ր երկրներն են սահմանափակել իրենց ներդրումային հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ, ըստ էության, այնքան էլ էական չէ։ Խնդիրն այն է, որ օտարերկրյա ներդրողների շրջանում վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ ցածր է։

Իշխանափոխությունից հետո ներդրումային մթնոլորտը Հայաստանում մի տեսակ շատ ճնշող է դարձել։ Իսկ այդ պայմաններում նույնիսկ միջազգային կազմակերպությունների լավատեսական գնահատականները չեն կարող փրկել երկրի ներդրումային դեմքը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե կառավարությունն ինչ կասի տնտեսական գործունեության համար մրցակցային պայմանների բարելավման կամ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին։ Ներդրումները ձգտում են այնտեղ, որտեղ դրանք պաշտպանված են, և հնարավորինս քիչ են ռիսկերը։

Այն, ինչ այսօր դժվար է ասել Հայաստանի պարագայում։ Միայն Ամուլսարի հետ կապված իրավիճակը բավական է, որպեսզի ներդրողները խուսափեն գումար ներդնել ՀՀ տնտեսության մեջ։ Կապ չունի նույնիսկ, թե ինչպես կլուծվի Ամուլսարի հարցը։ Այդ խնդիրը վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից և քննարկվում է միջազգային հարթակներում։ Ու թե անգամ լուծումը լինի հօգուտ հանքի շահագործման, միևնույն է` այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ տարում այդ ծրագրի հետ` չափազանց վատ ազդակ է ցանկացած օտարերկրյա ներդրողի համար։

Բերենք մի հատված Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի վերջերս արված հայտարարությունից. «Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողներն ազդարարում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի»։

Դժվար է պատկերացնել, թե Ամուլսարի մասին լսելուց հետո ո՞ր ներդրողը կհամարձակվի գալ Հայաստան։ Ընդհակառակը` այսպես շարունակվելու դեպքում կարող են հեռանալ նաև եկածները։ Նման հեռանկարը, անկասկած, կործանարար կարող է լինել Հայաստանի տնտեսության համար։

Վատն էլ այն է, որ Ամուլսարի օրինակն ամենևին էլ եզակի չէ։ Վերջերս էլ սկսել ենք հալածել «ՍանիՏեքին»։

Կարևոր չէ, ճի՞շտ ենք անում, թե՞ չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա բացասաբար է ազդում պոտենցիալ ներդրողների որոշումների ու երկրի ներդրումային մթնոլորտի վրա։ Փոխարենն այն փոխելու` անընդհատ լարվածության մեջ ենք պահում։

Եվ ո՞ւմ է սա ձեռնտու։ Գուցե ինչ-որ խմբերի շահերից է բխում երկրի ներդրումային մթնոլորտն անընդհատ լարվածության մեջ պահելը, բայց դա հաստատ տնտեսության օգտին չէ։ Առանց ներդրումների՝ դժվար է պատկերացնել Հայաստանի տնտեսության առաջընթացն ու կայուն աճի ապահովումը։ Այն ծավալները, որոնք այսօր կան, շատ հեռու են բավարար լինելուց։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս