«Քրեակատարողական ծառայության եզրակացությունն օբյեկտիվ չէ». ցմահ դատապարտյալը դատարանում վիճարկում է ՔԿԾ զեկույցը
Հուլիսի 31-ին փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդության քննարկումը տեղի է ունենալու սույն թվականի օգոստոսի 2-ին, ժամը 16։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրում։
168.am-ի հետ զրույցում, սակայն, Միհրան Պողոսյանն ասաց, որ դատական նիստը չի կայացել դատախազի չներկայանալու պատճառով (նա հեռախոսով հայտնել էր, որ արձակուրդում է գտնվում), և հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին։
«Դատական նիստին ներկայացել էին և Աշոտ Մանուկյանը, և քրեակատարողական հիմնարկի ու Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչներ։ Բոլորը կային, բացի դատախազից»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Քանի որ, որպեսզի դատապարտյալը հնարավորություն ունենա պատժի կրումից պայմանական-վաղաժամկետ ազատվելու, պետք է առկա լինի քրեակատարողական և Պրոբացիոն ծառայություններից գոնե մեկի դրական եզրակացությունը, փաստաբանին հարցրինք, թե ի՞նչ եզրակացություններ են տվել այս երկու ծառայությունները։
«Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել Աշոտ Մանուկյանին, համարել, որ նրա՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ է, ինչը մենք նույնպես վիճարկում ենք։ Նույն փաստական տվյալներն ունի նաև Պրոբացիոն ծառայությունը, սակայն ՔԿԾ-ն տվել է բացասական եզրակացություն, իսկ Պրոբացիան՝ դրական։ Մենք այդ չափանիշերը նաև քննարկման առարկա ենք դարձրել դատարանում»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Վերջինս նշում է, որ իր գնահատմամբ Քրեակատարողական ծառայության եզրակացությունն օբյեկտիվ չէ, որովհետև բոլոր այն չափանիշերը, որն օրենքն է սահմանում՝ կապված նոր հանցանք կատարելու ռիսկայնության հետ, Աշոտ Մանուկյանի մոտ լրիվ բացակայում են։
Մեր հարցին, թե ՔԿԾ բացասական եզրակացության մեջ ի՞նչ հիմք է նշվում, համաձայն որի՝ Աշոտ Մանուկյանի՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ է, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ Քրեակատարողական ծառայության ներկայացրած զեկույցի մեջ բացարձակապես որևէ հիմք ներկայացված չէ, իսկ բերված փաստական տվյալները, ինչպես արդեն նշվեց, նույնական են։
«Մեզ համար անակնկալ էր Քրեակատարողական ծառայության բացասական զեկույցը, սակայն օրենքը թույլ է տալիս, որ անգամ դրա պարագայում, եթե Պրոբացիոն ծառայության զեկույցը դրական է, դատապարտյալը հնարավորություն ունի դատարան դիմել իր՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը քննարկելու համար»,- նշեց փաստաբանը։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, Միհրան Պողոսյանը պատասխանեց՝ քանի որ ինքը նաև այլ ցմահների գործերով է զբաղվել, ովքեր ազատվել են՝ հենց վարքը հաշվի առնելով, կարող է նշել, որ որևէ բացասական հանգամանք առկա չէ այս պարագայում, քան այն անձի մոտ, ում ազատ են արձակել։
«Ավելի դրական հանգամանք է առկա Աշոտ Մանուկյանի պարագայում, քանի որ նա անցել է քավարանի ճանապարհով, հաշտվել է տուժողների իրավահաջորդների հետ»,- ասաց փաստաբանը։
Հարցին էլ, թե զոհերի հարազատներն արդյո՞ք դատարան ներկայացել էին, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ չէին ներկայացել, քանի որ դրա պահանջը չկար։
«Սակայն երկարատև գործընթաց է սա։ Բացի նրանից, որ տուժողների իրավահաջորդները նոտարական կայքում հայտարարություններ են տվել, որ հաշտվել են, որևէ պահանջ չունեն, նաև Պրոբացիայի ծառայության հանձնարարությամբ և խնդրանքով, երբ դեռ ուսումնասիրություններ էին կատարում Աշոտ Մանուկյանի հարցով, տեղի Պրոբացիայի աշխատակիցները նաև անձնապես են հանդիպել նրանց հետ, և վերջիններս նշել են, որ որևէ պարտք-պահանջ չունեն Աշոտ Մանուկյանի հետ, և չեն առարկում, որ վերջինս դուրս գա բանտից»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը 1996 թվականին գտնվել է զինվորական ծառայության մեջ, երբ կատարել է երեք ժամկետային զինծառայողների սպանությունը:
Նրանցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել:
19-ամյա երիտասարդի արարքում դրված է եղել զենքերը հափշտակելու դիտավորությունը, ինչպես 1990-ականների զինվորական մի շարք այլ սպանությունների գործերով: Ինքը` Մանուկյանը, պնդում է, որ զենքերի հափշտակության նպատակ չի ունեցել: Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության, երիտասարդ տարիքում բռնկվող լինելու, արարքները շատ ծանրութեթև չանելու արդյունքում:
1996 թվականին տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար Մանուկյանը գնդակահարության է դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
2017թ., պատիժը կրելու 22-րդ տարում, Աշոտ Մանուկյանը «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» վերնագրով գրքույկ հրատարարակեց, ուր ցմահ դատապարտյալը տեղի ունեցած սպանության մասին որոշ հանգամանքներ է պատմում, նշում, որ կենցաղային հարցի շուրջ վիճաբանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լքել էր իր զորամասն ու գնացել մեկ այլ զորամաս: Գրքույկում իր մտքերը շարադրում է զինվորների հետ խոսելու ձևով ու նրանց հորդորում տաքարյուն չլինել, կոնֆլիկտի չբռնվել, ինչ-որ քայլ անելիս մի պահ կանգ առնել ու մտածել, շեշտում, որ իր կատարած հանցավոր արարքի պատճառով ոչ միայն իր ու երեք զինծառայողների, այլ վերջիններիս հարազատների կյանքն է փչացել:
«Սիրելի՛ զինվոր, սիրելի՛ եղբայր, ինչպես կցանկանաս անվանել կատարվածը՝ արդեն ուշ է, որևէ բան փոխել հնարավոր չէ: Հայրենիքը կորցրեց չորս զինվորի, չորս օջախի ծուխ մարվեց, չորս երիտասարդի կյանք մարվեց, ովքեր կարող էին լինել և՛ հայրենիքի լավ զինվոր, և՛ լավ քաղաքացի: Բայց տեղի ունեցավ սարսափելին, երեքը երկնքում են, չորրորդը՝ մարդասպանի խարանով՝ բանտում»,- քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում հեղինակած գրքույկում գրել է ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Աշոտ Մանուկյանը: