
Աֆղանստանում թալիբները հարձակվել են Ֆարահ քաղաքի վրա

«Թալիբան» արմատական շարժման ջոկատներն Աֆղանստանի արեւմտյան մասում հարձակում են գործել Ֆարահ քաղաքի վրա: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տեղական մի աղբյուր:
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի վրա հարձակումը կատարվել է սեպտեմբերի լույս 6-ի գիշերը երեք ուղղությամբ: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մոհիբուլլա Մոհիբը, կառավարական զորքերին հաջողվել է հետ մղել գրոհը:
Ինչպես հայտարարել է Մոհիբը, մարտերը շարունակվում են Ֆարահի արվարձանում: Գործողության ընթացքում ոչնչացվել է 30 թալիբ: Զինվորականներին օդից օգնում են երկրի ռազմաօդային ուժերը:
Նահանգի խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքին կատաղի դիմակայություն է սպասում, եթե օգնական ուժեր չուղարկվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: