Բաժիններ՝

Գյուլբուդաղյանցն ու Մանչինին՝ խաղի մասին

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը տանը պարտվեց Իտալիայի ընտրանուն՝ 1:3:

Հայ ֆուտբոլիստները առաջինը բացեցին հաշիվը: Սակայն, 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձած Ալեքսանդր Կարապետյանը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից:
Խաղից հետո թիմերի մարզիչները ամփոփել են խաղը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ խաղից հետո շնորհակալություն է հայտնել տղաներին լավ հանդիպման և շատ աշխատելու համար:

Մարզչի խոսքով՝ հայ ֆուտբոլիստները առաջին 20 րոպեները լավ սկսեցին, պրեսինգ իրականացրին, սակայն հետո կորցին խաղի վերահսկողությունը: «Երկրորդ խաղակեսում կորցնելու ոչինչ չունեինք»:

Երկրպագուների համար խաղը շատ էմոցիոնալ էր, սակայն, ըստ մարզչի, թիմերի համար նման էմոցիաները նորմալ էին. եղավ միայն մեկ դրվագ, երբ տեղի ունեցավ բախում, դա էլ այն պատճառով, որ երկու թիմերին էլ ուզում էին հաղթել:

Մարզիչը նշում է, որ խաղում շատ ակտիվ Կամո Հովհաննիսյանը վնասվածք էր ստացել, բայց չէր ցանկանում փոխարինվել: Այդ իսկ պատճառով փոխարինվեց Գևորգ Ղազարյանը:
«Դժվար է միանգամից փոփոխություն նկատելը (հավաքականի խաղում): Բայց տղաները մեծ ցանկություն ունեն, փորձում են ագրեսիվ խաղալ: Հիմա ստացվում է այսքանը»:

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշում է, որ իր ասածի նման Հայաստանի հավաքականը ֆիզիկապես գերազանցում էր իրենց, իսկ հայկական թիմի վրա ազդեց կարմիր քարտը:

Մանչինին այս խաղը համարում է բարդ և նշում է, որ դեռ շտկելու բաներ կան.

«Հայաստանի հավաքականը ագրեսիվ սկսեց խաղը և հասավ իր նպատաին: Բայց մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, երբ դեռ խաղում էինք 11-ը՝ 11-ի դեմ: Սա ազդակ էր մեզ համար: Մյուս խաղերում իմ թիմը կփորձի ուշադիր լինել հենց սկզբից»:

Մանչինին նշել է նաև, որ այս խաղում լավ գործեցին Հայաստանի հավաքականի հարձակման ֆուտբոլիստները, ովքեր տարածություն ստանալիս փորձում էին գրոհել:

Մանչինին նկատել է նաև Կամո Հովհաննիսյանի արագությունը՝ նշելով, որ նա, սակայն, արագացումներից հետո վտանգավոր պահեր չէր ստեղծում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս