Բաժիններ՝

ԱՀԿ-ում կարևորել են ներդրումները առողջ սննդի տարածման բնագավառում

Ներդրումները ճիշտ սննդի առաջմղման բնագավառում կարող են մինչեւ 2025 թվականը 3,7 միլիոն կյանք փրկել: Այս եզրակացությունն է բովանդակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցը, կազմակերպություն, որը գտնում է, որ հարկավոր է շեշտը դնել «օպտիմալ սննդի ապահովման վրա մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում»։

Ինչպես նշված է զեկույցում, խոսքը վերաբերում է այն բանին, որ սննդային հանձնարարականները եւ բաղադրիչները նախատեսված լինեն առողջության պահպանման ծառայությունների համալիրում, որոնք ստանում է բնակչությունը: Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ դոնորների կողմից սննդի բազային ծրագրերում ներդրված յուրաքանչյուր դոլարը 16 դոլար կբերի տեղական տնտեսությանը:

Փորձագետները նշում են այն առաջընթացը, որը մարդկությունը ձեռք է բերել սննդի ոլորտում: Այսպես, մինչեւ հինգ տարեկան երեխաների զարգացման բնագավառում դանդաղման դեպքերի քանակն աշխարհում 1990 թվականի 252,5 միլիոնից 2018 թվականին նվազել է մինչեւ 149 միլիոն, այսինքն՝ 39,2 տոկոսից մինչեւ 21,9 տոկոս: Դրա հետ մեկտեղ Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներում իրադրությունը բարելավվում է ավելի դանդաղ, քան մյուս տարածաշրջաններում:

ԱՀԿ-ում լուրջ անհանգստություն են հայտնում ճարպակալման սաստկացող խնդրի առնչությամբ: Եթե 1990 թվականին դա հանդիպել է երեխաների 4,8 տոկոսի մոտ, ապա 2018 թվականին՝ 5,9 տոկոսի մոտ: Այսինքն՝ ճարպակալմամբ երեխաների թիվը 28 տարում աճել է 9 միլիոնով:

Չափահասների շրջանում իրադրությունը նույնպես բացասական դինամիկա ունի գործնականում մոլորակի բոլոր տարածաշրջաններում եւ աշխարհի երկրներում: 2016 թվականի տվյալներով՝ աշխարհում կար ավելցուկային քաշով 1,3 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնի մոտ (բնակչության 13 տոկոսը) եղել է ճարպակալում:

ԱՀԿ-ն հիշեցնում է, որ ճարպակալումը շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, մկանային եւ ոսկրային խանգարումների, ինչպես նաեւ քաղցեղի մի քանի տեսակների ռիսկի գլխավոր գոծոնն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս