«Հիմա այս գործի աղբ լինելը շատերը կտեսնեն». Վիկտոր Սողոմոնյան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ առանձնազրույցում անդրադարձել է քաղաքական ու հասարակական հնչեղություն ունեցող մի քանի թեմաների:

Խոսելով Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին՝ Վ. Կարապետյանը նշեց, որ վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ, ինչը և արվել է. «Կառավարությունում տեղի ունեցած երեկվա նիստում նախարարը հանգամանալից խոսել էր այդ թեմայի վերաբերյալ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները հանրության համար ավելի համապարփակ տեղեկություններ պատրաստելու նպատակով»:

Արձագանքելով լրագրողի հստակեցնող հարցին, թե կա՞ նոր ՇՄԱԳ-ի անհրաժշետություն, նա պատասխանեց. «Եթե նման բան պարզ դառնար, մենք անպայման կհաղորդեինք հանրությանը»:

Անդրադառնալով մեկ այլ աղմկահարույց թեմայի՝ ՍԴ որոշմանը, վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ չի խոսել վարչապետի հետ, ապա հավելեց, որ այդ առնչությամբ մեկնաբանություններ անելը չի մտնում գործադիր իշխանությունում աշխատողների իրավասության մեջ:

«Տեղյա՞կ եք՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ընդդիմադիր նոր բևեռ ստեղծել, խոսում է իշխանություն վերադառնալու մասին. Որքանո՞վ եք հավանական համարում այդ տարբերակը» հարցին ի պատասխան՝ Վ. Կարապետյանը հայտնեց.

«Բացառում եմ, որովհետև չեմ պատկերացնում, որ նորմալ գիտակցություն ունեցող մարդիկ, այն մարդիկ, որ հիմա շուտով ականատես կլինեն այն պրոցեսներին, որոնք կծավալվեն դատարանում. ամսի 12-ին մեկնարկող այն ծավալը վկայությունների, որ հայտնի կդառնա, հասանելի կդառնա հանրությանը, այդ լույսի ներքո ես բացառում եմ, որ որևէ լուրջ քաղաքական ուժ, լուրջ մարդիկ կարող են կանգնել այդ մարդու կողքը»:

Հարցին, թե որքա՞ն է հանրության մեջ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այն մարդկանց շրջանակներում, ում վճարում է»:

Վլադիմիր Կարապետյանի վերջին հայտարարությունների շուրջ 168.am-ը  մեկնաբանություն խնդրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկոտր Սողոմոնյանից, սակայն նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հայտարարությունները, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Խոսելով առհասարակ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ նա նշեց. «Պնդում եմ, որ դատաքաննության ամեն մի օրը պարզապես խայտառակ է անելու մեղադրական կողմին, այսինքն՝ մարդիկ համոզվելու են, որ գործն իսկապես ջուր է, ինչպես ասել է դասականը, սա մաքուր քաղաքական հետապնդում է, և այստեղ քրեական գործ ընդհանրապես գոյություն չունի:

Եթե հիշում եք, նախագահ Քոչարյանը նման արտահայտություն էր օգտագործել՝ ասում էր՝ սա իրավաբանական աղբ է. հիմա այս գործի աղբ լինելը շատերը կտեսնեն»:

«Այն մարդկանց շրջանակներում, ում վճարում է» Վ. Կարապետյանի ձևակերպմանն անդրադառնալով՝ Վ. Սողոմոնյանը նշեց. «Դա էժանագին հայտարարություն է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս