«ՍԴ որոշումը որոշակի յուրահատկություններ ունի». Վլադիմիր Կարապետյան

«ՍԴ որոշումը որոշակի յուրահատկություններ ունի։ Կարծում եմ՝ իրավաբանները շատ ավելի ճիշտ և լավ մեկնաբանություններ կտան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նկատելով, որ իրեն շատ դժվար է մեկնաբանել ՍԴ որոշումը՝ լինելով գործադիրում։

Թե Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո ի՞նչ տրամադրություններ են կառավարությունում, վարչապետն ի՞նչ տրամադրություն ունի, Վ.Կարապետյանը հավաստիացրեց՝ շատ լավ.

«Վարչապետի տրամադրությունը միշտ շատ լավ է»։

Հարցին՝ կառավարությունում քննարկվե՞լ է այդ որոշումը, նա պատասխանեց. «Մենք ի՞նչ ունենք անելու։ Եթե ՍԴ որոշումը վերաբերեր գործադիրին, ես կհասկանայի։ Իրավաբանները շատ անելիք ունեն»։

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ կառավարության կողմից դատական համակարգում բարեփոխումների ուշացման հետևանք է այդ որոշումը, Վ.Կարապետյանն ասաց.

«Մենք բազմիցս ասել ենք, որ լավ կլիներ՝ ավելի արագ տեղի ունենային բարեփոխումները, բայց հիմա հավատացնում եմ ձեզ, որ շատ արագ ենք շարժվում առաջ, և առաջիկայում համապատասխան կոնցեպտուալ փաստաթղթերը կհրապարակվեն, և դուք տեղյակ կլինեք դրանցից»։

«Թեժ աշնան» վերաբերյալ մեկնաբանությունները ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը լուրջ չի համարում. «Առհասարակ, եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում, ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել, իրականում այդքան էլ չունի աջակից»։

 

Տեսանյութեր

Լրահոս