2020-ի հունվարի 1-ից մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողները կազատվեն ԱԱՀ-ից
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից:
Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:
«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետևանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը: