Տուգանքի սանկցիան կիառվելու է ծայրահեղ դեպքում. Դավիթ Անանյան
«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է հիմնականում մոնիտորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում: Այսինքն, ըստ էության, դա մնում է վերջին կիրառման ենթակա գործիք, որից մենք այս պահին ձեռնպահ ենք մնում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀԴՄ կիրառման խնդրին:
Ըստ նրա՝ ինքը չի կարող իր ենթականերին հրահանգել տուգանք չկիրառել, բայց ունեն որոշակի հայեցողության իրավունք, երբ կա առաջնահերթության խնդիր պոտենցիալ օրինախախտ վճարողների առումով:
Դ.Անանյանը հերքեց, որ վարչապետն իրեն կանչել է ՀԴՄ սարքերի հետ կապված, և նշեց, որ այդ հարցին անդրադարձ է արվել աշխատանքային հերթական քննարկման ժամանակ, քանի որ հարցը հանրային հնչեղություն էր ստացել, իսկ հանրային կարծիքը ևս պետք է հաշվի առնել:
«Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով՝ միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Մենք, իհարկե, երկրորդն ենք»,- ասաց Դ.Անանյանը:
Ըստ նրա՝ վարչարարության կիրառման հարցում ՊԵԿ-ն իրավունք ունի հաշվի առնել հանրային կարծիքը:
Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ անել ու բիզնես անել, բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով, ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական.
«Նաև բիզնեսին եմ ես ինչ-որ տեղ հասկանում, որ ազատականացումը, որ կառավարությունը ձեռնարկել է, շատ դեպքերում բիզնեսը կարող է չհավատալ այդ ազատականացմանը: Եվ իր քայլերը ոչ թե առաջանցիկ տեմպերով անի, այլ պետք է լինի զգույշ և հաշվենկատ»:
Դ.Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:
Նրա խոսքով՝ այսօր 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: Նա շեշտեց, որ պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել. «Բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չի»:
ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է:
Դ.Անանյանը նշեց, որ նոր բացված բիզնեսները կարող են աշխատել առանց ՀԴՄ սարքերի, ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա տուգանելուց, բայց կլինեն այցեր, և կիրականացվի վարչարարություն.
«Եթե ինքն իր գործունեության արդյունքները ճիշտ արձանագրի, մենք այս պահին տուգանք չենք կիրառի: Մեր մասնագետներն այցելություններ են անելու, խրոնոմետրաժ, օրական հասույթներն են պարզելու, և այլն»: