Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով

Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման դրույքաչափը տարեկան 6,5 տոկոսից բարձրացնում Է մինչեւ 7 տոկոս: Այդ մասին հայտարարել է կարգավորիչը:

Լարին զգալիորեն արժեզրկվել է Թբիլիսիում բողոքի ակցիաների սկսվելուց եւ Ռուսաստանի կողմից տուրիստական բռնարգելքի սահմանումից ի վեր: Եթե Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հունիսի 21 – 22-ը կազմում էր մեկ դոլարի դիմաց 2,78 լարի, ապա օգոստոսի 1-ին այն հասել էր հակառեկորդի՝ 2,9718 լարիի: Սեպտեմբերի 4-ին փոխարժեքը մոտ է այդ մակարդակին՝ 2,9683 լարի: Այսինքն՝ դոլարի նկատմամբ լարին միագումար արժեզրկվել է 6,4 տոկոսով:

«Վրաստանի Ազգային բանկի դրամական քաղաքականության կոմիտեն սեպտեմբերի 4-ին որոշում Է ընդունել 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման դրույքաչափը՝ մինչեւ 7 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ
Կարգավորիչը նշում է, որ օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել է 4,9 տոկոս՝ գերազանցելով նպատակը, այդ թվում՝ ազգային արժույթի թուլացման պատճառով:

«Կոմիտեն պատրաստ է շարունակել դրամական քաղաքականության խստացումն այնքան ժամանակ, քանի դեռ չի նվազել ճնշումը լարիի փոխարժեքի կողմից»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս