Ռուսաստանը վաճառում է հայկական «Մարսը». Գնորդը, հնարավոր է, լինի «Տաշիրը»
168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը որոշել է վաճառել Հայաստանի «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերությունը, որտեղ գործում է նաև «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Գնորդի հավանական թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խումբն է։
«Մարս» գործարանը, հիշեցնենք, Ռուսաստանի սեփականությունն էր դարձել 2003թ. «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում։
2013 թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որի կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունն է: «Ալյանսում» գործում են բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններ։ Թե գործարքից հետո ի՞նչ է լինելու այդ տնտեսվարողների հետ, դեռ պարզ չէ։
«Սիտրոնիկս Արմենիայի» գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։
«Նման բան գոյություն չունի։ Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- ասաց նա։
Մինչդեռ «Տաշիր» ընկերությունների խումբը, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը։ Խմբի լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին. «Քանի որ «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում ունի արտադրական հզորությունները մեծացնելու ծրագրեր, մոտ 3 արտադրություն միայն գործարկելու պլաններ կան 2020թ.-ին, այդ ակտիվը՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն, հնարավոր է, գտնվի ընկերությունների խմբի հետաքրքրության դաշտում»: