«Քաղաքական որոշման դեպքում որոշ ժամանակ կպահանջվի Սիրիայից ՀՀ հումանիտար առաքելությունը դուրս բերելու համար». փորձագետ
«Բնական է, որ Հայաստանի նման երկրի համար բարդ է այդ պահանջը, առաջարկը կամ ակնարկը միանգամից ընդունել և դուրս բերել հումանիտար ուժերը Սիրիայից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ԱՄՆ-ը պահանջում է հայկական հումանիտար առաքելության դուրսբերում Սիրիայից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքել է, որ ԱՄՆ-ը նման պահանջ է ներկայացրել հայկական կողմին:
Թրեյսի Ջերմանը չի բացառում, որ ԱՄՆ-ը նմանատիպ ուղերձներ և ակնարկներ փոխանցի հայկական կողմին: Նա նկատեց, որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցի ուղղությամբ նորություն չէ հայկական կողմի համար, դա արտահայտված է եղել ԱՄՆ հայտարարություններում, ուստի կարող է լինել նաև նման ակնարկ, բայց ոչ պահանջ, քանի որ նման որոշումը ՀՀ ինքնիշխան որոշումն է:
«Բնական է, որ Հայաստանի նման երկրի համար բարդ է այդ պահանջը, առաջարկը կամ ակնարկը միանգամից ընդունել և դուրս բերել հումանիտար ուժերը Սիրիայից: Քաղաքական որոշման դեպքում որոշ ժամանակ կպահանջվի դա անելու համար: Եվ, ի վերջո, ենթադրվում է, որ դա առաքելություն է, որը մի օր ավարտվելու է: Բացի այդ, Հայաստանը կարող է ավարտել այդ առաքելությունը շատ տարբեր պատճառաբանություններով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջացած այս տարաձայնությունը վերացնելու նպատակով»,- ասաց Ջերմանը:
Մյուս հանգամանքը, ըստ նրա, այն է, թե ինչու Հայաստանը նման որոշման հանգեց: «Ըստ էության, հայկական կողմն ակնկալում էր, որ այս պրոյեկտով, որը մինչ իրագործվելը հաճախ ներկայացվում էր՝ որպես հայ-ռուսական խոշոր պրոյեկտ, Հայաստանն ինչ-որ խնդիր է լուծելու հայ-ռուսական հարաբերություններում: Բայց հայտնի չէ, թե ինչպիսի նման խնդիր լուծվեց, կամ ինչ խնդիր կար, որ նման ծրագիր նախաձեռնվեց, և լուծեց խնդիր, քանի որ հայտնի է, որ դեռ կան որոշ հակասություններ հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ այն վտանգները, որոնք Հայաստանին կարող են սպառնալ այս առաքելությունից հետո, չափազանց շատ են:
Ուստի Հայաստանը պետք է ելնի իր և Սիրիայում հայկական համայնքի անվտանգային շահերից, քանի որ ռուսաստանյան հայտարարություններում սա չի որակվում՝ որպես համատեղ ծրագիր, իսկ հայկական կողմը վերջին շրջանում դա ներկայացնում է՝ որպես հայ համայնքին աջակցելուն ուղղված բացառապես հումանիտար պրոյեկտ: Սակայն ես չեմ կարծում, որ հայկական կողմը մոտ ապագայում նման կտրուկ որոշում կկայացնի»,- ասաց Ջերմանը: