«Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն է փորձում ադապտացվել ռուսական օրենքներին, ինչն անընդունելի է». Արմեն Եղիազարյան
Սեպտեմբերի 16-17-ին Ազգային ժողովի պատվիրակությունն այցելելու է Մոսկվա, որտեղ ՌԴ Պետդումայի գործընկերների հետ քննարկելու են մի շարք ցավոտ հարցեր։ 168.am-ի հետ զրույցում ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ օրակարգում են լինելու 2020 թվականից Հայաստանի համար ուժի մեջ մտնող ԵԱՏՄ կանոնակարգերը, Ռուսաստանում հայերի վարորդական իրավունքների խնդիրը, և այլն։
Երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների թանկացման վերաբերյալ Ա.Եղիազարյանը նշեց, որ այս պահին հստակ լուծում ներկայացնելը, թե արդյոք հնարավո՞ր է՝ հետաձգվի ժամկետը, դեռ վաղ է.
«Միգուցե Մոսկվայում հանդիպումից հետո որոշակի պարզաբանումներ կլինեն, կհասկանանք»։
Ըստ նրա՝ շատ կարևոր և ՀՀ քաղաքացիներին հուզող հարց է վարորդական վկայականների խնդիրը, որն արդեն տևական ժամանակ չի լուծվում.
«Այսօր հանձնաժողովի նիստում դեսպանների հետ քննարկեցինք, շատ հարցեր կան, հիմնականը ռուսաց լեզվի հետ է կապված, որ ռուսերենի չիմացությունը կարող է անվտանգության նորմերի, կանոնների խնդիր լինել։ Պետք է բանակցենք սրա շուրջ։ Ես ասել եմ, որ տպավորություն է ստացվում, թե Հայաստանն է փորձում ադապտացվել ռուսական օրենքներին, ինչն անընդունելի է։ Եթե մենք գտնվում ենք մի տնտեսական գոտում, գործում են նույն կանոնները, պետք է հավասար պայմաններում գործենք։ Այդ մոտեցումը, որ մենք անընդհատ ստորադասում ենք մեր օրենքները ռուսականին, դա թե՛ վիրավորական է, թե՛ չի բխում մեր շահերից և գործընկերային չէ»։
Թե ինչո՞ւ 2 տարի շարունակ վարորդական իրավունքներ խնդիրը չի լուծվում, Ա. Եղիազարյանը նշեց, որ խնդիրն առավելապես քաղաքական հարթությունում է. «Ես չեմ տեսնում լուրջ խոչընդոտներ։ Եթե լեզվի հետ է կապված, գուցե առաջարկենք մեր քաղաքացիները ռուսաց լեզվի քննություն հանձնեն, քանի որ, եթե շահարկվում է այն հարցը, որ իբր ՀՀ-ն պետական երկրորդ լեզու չի ընդունում ռուսերենը, բայց դա երաշխիք չէ, որ վարորդները կիմանան ռուսերեն։ Շատ դեպքերում այն երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը երկրորդ լեզու է, ավելի վատ են տիրապետում ռուսերենին, քան մեր քաղաքացիները։ Փաստ է, որ խնդիրը տևական ժամանակ չի լուծվում»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանում հայերի վարորդական իրավունքի հարցում Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը Հայաստանը դրել է խտրական վիճակում: Ըստ նրա՝ այս հարցում մեկ պետության՝ ՌԴ-ի, ներքին օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ պայմանագրին: