«Իշխանությունների PR-ը սկսել է վատ աշխատել». Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու իշխանությունների գործողություններում կար Ամուլսարի հարցից հանրության ուշադրությունը շեղելու բաղադրիչ, սակայն այն չաշխատեց, քանի որ չհաջողվեց այդ գործողությանը տալ անհրաժեշտ հնչեղություն։

«Սա էր պատճառը, որ ձերբակալությունից հետո իշխանությունները կրկին քննարկեցին Ամուլսարի հարցը, քանի որ իրենց նպատակին չհասան։ Մենք հիմա գիտենք, թե մարդիկ ինչի համար են ձերբակալվում, ինձ համար անհասկանալի է, թե այսքան ժամանակ իշխանություններն ինչու քայլեր չէին ձեռնարկում, որպեսզի նրանց խոսքով՝ թալանված հարստությունները հետ բերեին կամ պարզեին դրանց աղբյուրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա, և՛ իշխանությունը կարողացավ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը մեծ հնչեղություն տալ, և՛ հասարակությունն է արդեն հոգնել այդ վիճակից, հատկապես այն դեպքում, երբ իշխանությունների PR-ը սկսել է վատ աշխատել։ Եվ այս ամենի պատճառը, քաղաքագետի խոսքով՝ այն է, որ իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում Ֆեյսբուքին, որի դերն այժմ գնալով թուլանում է։

«Հասարակությունն արդեն հոգնել է այդqան նեգատիվից, նախկին պաշտոնյաներին ձերբակալելը հասկանում են, որ չարաշահումներ թույլ տվածները պետք է պատժվեն, բայց նաև ուզում են, որ դրանից հետո երկիրը սկսի աստիճանաբար ոտքի կանգնել, ինչն ուշանում է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Վահան գյուղից կատարած Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան գրառմանը, որ գառին «ներում» է շնորհել, Աղասի Ենոքյանը կատակեց՝ վարչապետը դրա իրավունքը չուներ, նա պետք է դիմեր ՀՀ նախագահին, և նախագահը «ներում» շնորհեր։

«Վարչապետի գրառումներում որակը սկսել է փոխարինվել  քանակով  և, համեմատած մեկ տարի առաջվա հետ, այսօր գրառումների դիտողականությունը կտրուկ ընկել է»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս