Ինչ է կատարվում Սևանի շաքարի գործարանում
Անցած տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ առաջին անգամ խոսվեց Սևանի շաքարի գործարանի վերագործարկման մասին: Նույն տարի սեպտեմբերին այն ժամանակվա տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այցելեց գործարան, հայտարարվեց, որ ձեռնարկությունն ավելացնում է արտադրական հզորությունները՝ օրական 60 տոննա շաքարավազ արտադրելու նպատակով, որի համար ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, իսկ կառավարությունը հետաձգելու է ավելացված արժեքի հարկի մուծումը:
Հոկտեմբերին Ագարակ համայնքում միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում գործարարության համար նոր միջավայրին և ռուսաստանաբնակ հայ գործարարների հանդիպման հերթական արդյունքին, կրկին խոսեց շաքարի գործարանի մասին ու ներկայացրեց դրա սեփականատեր Գարիկ Բակլաչյանին:
«Շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից ևս մի արդյունք կունենանք՝ Սևանում շաքարի գործարանի բացում»,- ազդարարեց նա:
Սակայն մինչ օրս գործարանը չի աշխատում իր ամբողջ հզորությամբ:
168.am-ի տեղեկություններով՝ մի քանի ամիս առաջ այն որոշ արտադրանք տվել է, սակայն այժմ ձեռնարկությունը կրկին կանգնած է և կրկին վերազինման խնդիր է լուծում: Ընդ որում՝ զգալի կրճատել է աշխատակիցներին. ապրիլ-մայիսին գործարանն ունեցել է 6-11 գրանցված աշխատակից, հունիսին՝ 59, իսկ հուլիսի դրությամբ՝ ընդամենը 18:
168.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ գործարանն առ այսօր չի կարողանում նորմալ աշխատել:
«Երկու օր առաջ ինձ ասացին, որ հիմա որոշ ծավալով աշխատում են»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ձեռնարկության սեփականատերերն արտոնություններ էին խնդրել կառավարությունից, սակայն մերժվել են. «Մենք հասկացանք, որ այդ արտոնություններով շուկայում շաքարի գինը կբարձրացնենք ընդամենը: Իրենք ուզում էին, որ տուրք սահմանվի ներկրվող շաքարի նկատմամբ: Եվ այն ժամանակ քննարկման եզրակացությունն այնպիսին էր, որ չէր կարելի այդպիսի բան անել»: