Բաժիններ՝

«Ես լսեցի, որ դասագրքերի հեղինակային խումբը նույնիսկ արդեն 2018թ. հեղափոխությունն է դրել դասագրքում». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի սպասելիքները նոր ուսումնական տարուց ավելի մեծ են, քան նախորդ տարի՝ հաշվի առնելով այն, որ անցել է հետհեղափոխական շրջանը, և բավականին ժամանակ կա ինչ-որ ռազմավարական փաստաթողթեր մշակելու և  որոշակի քայլեր անելու համար:

Փորձագետը, սակայն, արձանագրեց, որ այս պահի դրությամբ դեռ չկան այդ փաստաթղթերը. «Որոշակի ելույթների ժամանակ հնչում են որոշակի տեսակետներ, օրինակ՝ այսօր ես տեսա՝ ԿԳՄՍ նախարարը 1996 թվականի Ժակ Դելորի կրթության չորս հենասյուները ներկայացրել էր՝ որպես Հայաստանի կրթության տեսլական, բայց, ցավոք սրտի, համակարգի մարդկանց համար այս պահին դեռևս հստակ չէ, թե մենք ինչ կրթական համակարգ ենք ունենալու, որոնք են մեր առաջնահերթությունները:

Նորից ուզում եմ հիշեցնել անցյալում թույլ տրված սխալների մասին, որոնք չպետք է կրկնենք. մենք պետք է ամեն ձևով խուսափենք դրսերում մշակված փաստաթղթերը ՀՀ ներմուծելուց: Սա կրթության ոլորտում չի աշխատում. մեզ պետք են ծրագրեր, որոնք մշակվել են մեր կարիքներից ելնելով՝ օգտագործելով միջազգային փորձը»:

Այս տարվա փոփոխություններին անդրադառնալով՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ դրանք հիմնականում ոչ առանցքային փոփոխություններ են.

Կարդացեք նաև

«Ասենք՝ որոշ դասագրքեր երկու հատորով են տպագրում, ինչի շնորհիվ երեխաների պայուսակը կարող է 500 գրամով թեթևանալ»:

Դասագրքերի փոփոխությունների թեման շարունակելով՝ 168.am-ը խնդրեց փորձագետին մեկնաբանել պատմության դասագրքերի բովանդակության փոփոխության շուրջ ստեղծված տարաձայնությունները:

«Արդյոք վաղ չէ՞ խոսել ու քննարկել թեմաներ, որոնց շուրջ դեռևս հստակ գնահատականներ չկան»՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Քանի որ հիմա մշակվում են նոր չափորոշիչներ և ծրագրեր, կարելի էր 9-րդ դասարանի դասագրքից, որտեղ մեր ժամանակակից պատմությունն է ներկայացվում, հանել վերջին 20 տարիների հատվածը, մինչև կունենայինք նոր ծրագրեր ու չափորոշիչներ, որոնց վրա մշակվող դասագրքերում հնարավոր կլիներ ընդգրկել: Որովհետև հիմա բավական խառը իրավիճակ է, զարգացումները, դիրքորոշումները շատ փոփոխական են, և նաև ուսուցիչների համար էլ այդքան հեշտ չէ այդ թեմաները մեր օրերում դասավանդել, որովհետև շատ դեպքերում աշակերտների վրա ազդում է ընտանիքի դիրքորոշումը:

Կարծում եմ, որ հիմա՝ այս պահին, այդպես շատ արագ… ես լսեցի, որ դասագրքերի հեղինակային խումբը նույնիսկ արդեն 2018 թ. հեղափոխությունն է դրել դասագրքում… Սպասենք մի փոքր, ավելի հանդարտ, ավելի սառը գլխով փորձենք այս խնդիրը լուծել»:

Ամփոփելով կրթական ոլորտի գործունեությունը՝ Սերոբ Խաչատրյանն արձանագրեց, որ որոշակի դրական զարգացումներ այդուհանդերձ տեսնում է՝ չմոռանալով հիշեցնել բացթողումների մասին.

«Որոշակի դրական տեղաշարժեր կան՝ աշխատավարձերի բարձրացում, աշխատավարձի նվազագույն շեմի սահմանումը, կոռուպցիոն երևույթների նվազում, մրցույթների ավելի մրցակցային բնույթը, միջավայրը, մթնոլորտը…

Բացասականն այն է, որ այս պահը, որը շատ հարմար էր, որպեսզի ռազմավարական ուղղությամբ սկսեինք մտածել, առայժմ բաց է թողնվում. օրակարգում ես չեմ տեսնում: Այս բոլորը մենք բաց ենք թողել, իսկ առանց դրա մենք չենք կարող»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս