«Եթե իմ բիզնեսը ուրիշ երկրում շարունակեմ, ապա եկամուտս 10-20 անգամ ավելի շատ կլինի». Գործարարները սպասում են կառավարության որոշմանը
«1.5 ամիս առաջ «Ինեկոբանկն» ինձ հրավիրեց, ասաց, որ «Ձյունիկ» սառնարանը վաճառում ենք: Ես ասացի, որ կարող եմ 2 մլն կրեդիտով վերցնել, 2 մլն էլ կրեդիտ ավելացրեք, որովհետև ամբողջը պետք է վերանորոգվեր: Այնտեղ սանիտարական պայմանները չէին համապատասխանում նորմերին: Մենք պայմանավորվեցինք, իրենք ասացին՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնելու ցանկություն ունի, եթե չգնի, կվաճառենք ձեզ: Հետո Մոսկվայից Արթուր անունով մեկը ցանկություն հայտնեց 2.5 մլն դոլարով շենքը գնել ու վերանորոգել: Պայմանագիրը պատրաստ էր, բայց չստորագրվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը:
Հարցին՝ եթե սանիտարական պայմանները նորմերին չէին համապատասխանում, ինչո՞ւ էին իրենց մսամթերքը պահում այդ սառնարանային պահեստում, նա պատասխանեց. «Ես երկար ժամանակ չեմ այցելել, հիմա սարքում եմ նոր սառնարան, որ իմ ողջ ապրանքը տեղափոխեմ, ուղղակի չհասցրեցի»:
«Ձյունիկ» սառնարանային պահեստում սառեցված մսամթերք ունեցող մեկ այլ գործարար՝ Ավետիք Սուքիասյանը, նշեց, որ 20 տարի աշխատում է «Ձյունիկի» հետ և չէր կարող պատկերացնել, որ նման խնդիր կունենա. «Դեպքից մոտ 10 օր առաջ, երբ հանդիպում կազմակերպեցին, ասացին՝ «Ձյունիկ» սառնարանը վերանորոգվելու է, բոլորս ուրախացանք, մարդիկ մեզ նույնիսկ հարցնում էին՝ ինչ խնդիրներ, ինչ առաջարկներ ունեք: Ինչո՞ւ էին գործարարներն իրենց ապրանքը պահում «Ձյունիկ» սառնարանում, ոչ թե այլ սառնարանում: «Ձյունիկը» գտնվում էր քաղաքի կենտրոնում, բոլորիս ձեռնտու տարբերակ էր, 1969թ. աշխատում էր, ու երբ մարդիկ հարցնում էին՝ որտեղ է ապրանքը, ասում էիր՝ «Ձյունիկ» սառնարանում, առանց բացատրելու՝ հաճախորդը կամ բեռնափոխադրող ընկերությունը գալիս-կանգնում էր «Ձյունիկ» սառնարանի մոտ: Այդ առումով շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը: Բայց հիմա ունենք փաստ, որ օգոստոսի 19-ին դեպք է տեղի ունեցել, ու բոլորս հայտնվել ենք նույն իրավիճակում»:
Նա նշեց, որ իրենց կազմակերպության վերջին բոլոր ներմուծումները տեղափոխել էինք «Ձյունիկ» սառնարան. «Վերջին կոնտեյները ստացել ենք օգոստոսի 17-ին, բեռնաթափվել է, ու օգոստոսի 19-ին այդ չմաքսազերծված ապրանքը մաքսային պահեստում այրվեց, գնաց, մոտ 100 տոննայից ավելիի մասին է խոսքը: Հիմա ունենք լուրջ խնդիրներ՝ կապված շրջանառու միջոցների, բանկերի նկատմամբ պարտավորությունների հետ, անորոշ վիճակ է: Փորձում ենք մատակարարող ընկերություններին բացատրել իրավիճակը, որ գոնե որոշակի ժամկետներով մեզ ապրանքներ ուղարկեն, մինչև կարողանանք ոտքի կանգնել: Բանակցությունների մեջ են, թե ինչքանով դրանք արդյունավետ կլինեն, ժամանակը ցույց կտա, իսկ գործարարը ժամանակ չունի»:
Գործարարներն ընդգծեցին՝ սպասում են կառավարության աջակցությանը: Հարցին՝ եթե կառավարությունն ընդունի այնպիսի որոշում, որին համաձայն չլինեն, ի՞նչ են անելու, Արթուր Անդրեասյանը պատասխանեց. «Մենք յուրաքանչյուր ամիս մոտ 270-300 մլն դրամ հարկ ենք վճարում, ես այնպես եմ հասկանում, որ մենք՝ բիզնեսմեններս, ոչ մի տեսանկյունից պետության կողմից պաշտպանված չենք: Եթե այդպես լինի, ես պետք է որոշում կայացնեմ, տեսնեմ՝ որտե՞ղ կարելի է իմ բիզնեսը շարունակել: Եթե իմ բիզնեսն ուրիշ երկրում շարունակեմ, ապա եկամուտս 10-20 անգամ ավելի շատ կլինի»: