«Բացի ՀՀ Զինված ուժերից, որևէ այլ զինվորական Մարտի 1-ի գործողությունների որևէ հատվածում ներգրավված չի եղել». Հայկ Ալումյանի ուշագրավ հայտարարությունը

«Այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, զանգվածային անկարգություններ էին. ցույցերը վերածվել էին զանգվածային անկարգությունների: Երկրի անվտանգությանը դրանք սպառնում էին, թե ոչ, դա Սահմանադրությամբ գնահատում է ՀՀ նախագահը: Երրորդ՝ դրանից մեկ շաբաթ առաջ ընդդիմության որոշ գործիչներ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, անընդհատ հանդես են եկել հետևյալ կարգախոսով՝ «Մենք պետք է կազմաքանդենք ներկա իշխանությունը»»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանը նշեց, որ 2008թ. փորձ է արվել Երկրապահ կամավորականներին ներքաշել քաղաքական հարցերի մեջ, բերել հրապարակ, որոնց մեծ մասը, ըստ պաշտպանի՝ զինված է. «Բացի այդ, Զինված ուժերում աշխատանք էր տարվում, որպեսզի զինվորականներն անցնեն ցուցարարների կողմը, ու դա ուղղակի թվացյալ վտանգ չէր: Այն, ինչ դուք տեսաք 2018թ., երբ ԶՈւ մի ամբողջ ստորաբաժանում անցավ ցուցարարների կողմը, ինչն օրենքով արգելված է, դա նախապես կատարված աշխատանքի արդյունք էր: 2008թ. համանման աշխատանք էր տարվում Զինված ուժերի շատ ստորաբաժանումներում, և դա մեծ վտանգ էր ներկայացնում: Ցուցարարներից շատերը զինված էին. 187 վիրավոր ոստիկանների գերակշիռ մեծամասնությունն ունեին այրվածքներ՝ մոլոտովի կոկտեյլներից ստացված և բեկորային վնասվածքներ, որոնք առաջանում են նռնակներից: Եթե դա չի սպառնում երկրի անվտանգությանը, ապա ի՞նչն է սպառնում: Այն, որ ոչ մի կոնտակտ չի եղել զինվորականների և ցուցարարների միջև, դրա վառ ապացույցն այն է, որ 187 ոստիկան ստացել է վնասվածքներ, բայց ոչ մի զինծառայող վնասվածք չի ստացել»:

Ալումյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Բացի ՀՀ Զինված ուժերից, որևէ այլ զինվորական այդ օրն այդ գործողությունների որևէ հատվածում ներգրավված չի եղել: Մենք սա ապացուցել ենք դռնփակ դատական նիստի ժամանակ: Դատախազությունն ընդունեց այն, ինչ մենք ասացինք: Ուղղակի բաներ կան, որ ես իրավունք չունեմ ասելու»:

Ինչ վերաբերում է «սահմանադրական կարգը տապալելուն», Ալումյանն ասաց, որ ՔՕ-ում մտցվել է մի հասկացություն, որը ոչ միայն իրենք չեն հասկանում, այլև Սահմանադրական դատարանն է դժվարանում հասկանալ, դրա համար հիմա դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի պարզաբանեն այդ հասկացությունը:

«Այն, ինչ հիմա Սահմանադրական դատարանը ամսի 29-ին պետք է սկսի քննել, դա Քոչարյանին ավելի շատ է վերաբերում, քանի «Մարտի 1»-ի գործին: Այն, ինչ Վենետիկի հանձնաժողովում, Եվրոպական դատարանում կքննարկվի, դա գլոբալ ազդեցություն կունենա»,- նշեց նա:

Ալումյանն ասաց, որ երկու անգամ պաշտոնապես դիմել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, քանի որ, ըստ նրա՝ որևէ օրենքում սահմանված չէ, որ մակագրման գործընթացը պետք է փակ լինի. «Բացի այդ՝ հաշվի առնելով գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը և այն, որ միշտ կասկածելի ենք համարել գործի մակագրման գործընթացը, երկու անգամ միջնորդել ենք, որպեսզի այս գործընթացին մասնակից դառնան լրատվամիջոցները և պաշտպանները։ Առաջին անգամ պատասխան ուղարկվեց, ուր բոլորովին ուրիշ բան էին գրել։ Երկրորդ անգամ ընդհանրապես դեռ չեն պատասխանել։ Աննա Դանիբեկյանը, գործն իրեն մակագրելուց երեք օր հետո, արդեն ընդունել է վարույթ։ Ենթադրում ենք, որ այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկզբին պետք է որ առաջին նիստը լինի»:

Տեսանյութեր

Լրահոս