«ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով». Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Մարտի 1-ի վերաբերյալ ձևավորվել են բազմաթիվ միֆեր:
Ըստ պաշտպանի՝ միֆ է այն, որ ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս օգտագործել Զինված ուժերը՝ ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով:
«Սա միֆ է: Եվ այսօր դատարանում քննվող քրեական գործը հիմնված է այս միֆի վրա: Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգատգործել Զինված ուժերը՝ ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- ասաց նա՝ ներկայացնելով Չինաստանի, Նեպալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հյուսիային Իռլանդիայի, ԱՄՆ-ի օրինակները, երբ Զինված ուժերն օգտագործվել են զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով:
Ալումյանն ընդգծեց՝ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ է տալիս կիրառել զինված ուժեր՝ ապստամբությունների, զանգվածային անկարգությունների, երկրի ներսում հանցավոր գործողությունների դեպքում, որոնք ունեն իշխանությունները, օրինական մարմինները տապալելու, պետությանը, քաղաքացիներին վնաս հասցնելու նպատակ և խախտում են մարդու իրավունքները:
«ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Սահմանադրության 8.2 հոդվածով, որը գործել է այն ժամանակ, երբ Մարտի 1-ի դեպքերը տեղի են ունեցել, ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը:
Այսինքն՝ Սահմանադրությունն առանձնացնում է անվտանգությունը՝ որպես մի խնդիր, պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունը երկրորդ խնդիր, սահմանների անձեռնմխելիությունը երրորդ խնդիր: Այսինքն՝ անվտանգությունն այլ իմաստ ունի, քան տարածքների ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորությունն է: Ներքին անվտանգությունն, ի թիվս այլի, իր մեջ ներառում է նաև զանգվածային անկարգություններ, տեռորիստական ակտեր, էկոլոգիական աղետներ և այլն, և անվտանգության բաղադրիչներից մեկը, որը կարող է խախտվել, կարող է խախտվել զանգվածային անկարգությունների արդյունքում»,-ընդգծեց նա:
Մատնանշելով ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 1996թ. և գործել է 2008թ. դրությամբ, պաշտպանն ասաց, որ ըստ այս օրենքի 8-րդ հոդվածի՝ զինծառայողների պարտականություն ասելով՝ հասկացվում է մարտական գործողություններին մասնակցելը որպես մի պարտականություն, պաշտոնական պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը՝ որպես մի պարտականություն, զորավարժությունների մասնակցելը՝ որպես պարտականություն, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը՝ որպես պարտականություն.
«Սա հենց ներքին խնդիրներին Զինված ուժերը ներգրավելու իրավունք է սահմանում, իհարկե, ոչ ցանկացած իրավիճակում: 11-րդ հոդվածով՝ զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու իրավունք ունեն՝ պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների, և միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով և միջոցներով:
Նույն կանոնագրքից, թե երբ կարելի է զենքը կիրառել՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց այլ միջոցներով պաշտպանել, հանցագործության կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնել օրինական պահանջը կատարել հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով և միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը»:
Ամփոփելով՝ Ալումյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս ԶՈւ օգտագործումը՝ մասնավորապես զանգվածային անկարգություններին դիմակայելու, զանգվածային անկարգությունները դադարեցնելու նպատակով: