Բաժիններ՝

Հովիկ Աղազարյանը համաձայն է Հրանտ Բագրատյանի հետ

«Հրանտ Բագրատյանը մի՞թե տիրապետում է ամբողջական ինֆորմացիայի։ Այսօր Տիգրան Ավինյանը հրապարակել է տարբեր բնագավառների աճը՝ 14-15%, իսկ այն ոլորտները, որ թույլ են եղել, դրանց պատճառով է ընդհանուր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) 8.1% իջել։ Ամբողջական տեղեկատվությանը մենք այս պահին չենք կարող տիրապետել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հրապարակմանը, որ 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը լուրջ անկում է գրանցել, եթե հաշվի առնենք գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով, ըստ Բագրատյանի, գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։

Հ.Աղազարյանը համաձայնեց նախկին վարչապետի գնահատականի հետ, որ ցածր գնաճը պրոբլեմատիկ է, սակայն, նրա գնահատականով, հունվար-հուլիսին գրանցված 1.9% գնաճը լավ է մեզ համար.

«Նաև եվրոպական երկրներում գնաճի ցածր մակարդակն անհանգստացնող է, տնտեսության զարգացմանը չի խթանում, որովհետև գնաճն իր մեջ պարունակում է մեխանիզմներ, որ տնտեսության այս կամ այն ճյուղի վրա իր ազդեցությունն է ունենում։ Գնաճի շնորհիվ արտադրողներն իրենց տեղն են հաստատում շուկայում»։

Էլեկտրաէներգիայի արտադրության 5% անկումը Հ.Աղազարյանը դժվարացավ բացատրել և ենթադրեց, որ հավանաբար հավելագրումներն են պակասել.

«Գաղտնիք չէ, որ շատ ժամանակ հավելագրում է արվել, հետո վաճառվել է բնակչությանը, կամ հանվել կորուստների ձևով։ Բայց դա ենթադրում եմ, հաստատ չեմ կարող ասել։ Դա կարող է լինել պատճառներից մեկը»։

Հրանտ Բագրատյանի մեկ այլ դիտարկմանը, որ վերամշակող արդյունաբերության՝ 8.4%, ու արտահանման` 3%, դրական տեղաշարժը չնչին է, իշխանական պատգամավորը չհամաձայնեց.

«Չնչին չի, բայց այն թիվը չի, որ սպասում ենք, որովհետև կառավարությունը՝ որպես զարգացման ուղենիշ, ընդունել է արտահանման խթանումը, հետևաբար՝ այդ ցուցանիշները վատ չեն, բայց դեռ բավարար չեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս