«Վիրավորական է միայն այն, որ մարդիկ կասկածում են, թե ես այդ սկզբունքներին հավատարիմ եմ մնալու». Զարուհի Բաթոյանը՝ «Երեխաների քաղաք» նախագծի մասին
Կառավարության 2019 թ. օգոստոսի 8-ի նիստում որոշում է կայացվել Արարատի մարզում անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը` սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք ստեղծելու նպատակով:
Թեմային՝ «Երեխաների գուլա՞գ», թե՞ «մերժվածների քաղաքը» հոդվածում խիստ գնահատականներով անդրադարձել էր հրապարակախոս, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
«….Հասկանո՞ւմ եք` սա նշանակում է, որ մենք վերադառնում ենք խոր միջնադար: Սա նշանակում է, որ մենք` որպես հասարակություն, որպես ազգ՝ սպառել ենք կարիք ունեցողի մասին հոգ տանելու մեր բոլոր ռեսուրսները, մենք սպառել ենք մեր ունակությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառելու հանրային կյանքում»,- նշել էր նա:
Վ. Թոքմաջյանը, ի թիվս այլ պատկան մարմինների՝ իր հոդվածում դիմել էր Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին.
«Իսկ ո՞ւր է սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, երբ թվում էր, թե նրա առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձինք: Ինչո՞ւ է լռել, երբ Կառավարության նիստի օրակարգ են բերել այս նախագիծը: Ինչո՞ւ բացասական եզրակացություն չի տվել: Ինչո՞ւ չի բոյկոտել: Հերթական երեսպաշտության հե՞տ գործ ունենք»:
168.am-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց նախարար Զարուհի Բաթոյանից: Մեր հարցերին, թե՝ «Նախաձեռնության իրագործումով արդյո՞ք չեն ոտնահարվում երեխաների իրավունքները, արդյո՞ք չեն խախտվում ինտեգրման սկզբունքները, ներառական կրթության ներդրված սկզբունքները», նա պատասխանեց.
«Իրականում ներառման սկզբունքին այդքան էլ չի համապատասխանում, այսինքն` եթե մենք խոսում ենք բնակավայրերի մասին, որտեղ պիտի ապրեն միայն կոնկրետ խմբի ընտանիքներ կամ երեխաներ, այդ մասով մենք խնդիր ենք տեսնում և հենց այդ ուղղությամբ առաջարկներ ենք ներկայացրել արդեն»:
Նախարարը տեղեկացրեց, որ հարցը քննարկել են նաև վարչապետի աշխատակազմում, որին մասնակցել են հեղինակները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և Արտաքին գործերի նախարարության իրենց գործընկերները (որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող մարմին).
«Մենք առաջարկներ ենք արել, որպեսզի այդ ներառման սկզբունքները պահպանեն:
Հետագայում, թե ինչպես կփոփոխվի, արդեն լրացուցիչ տեղեկություններ կհրապարակեմ»:
Նա անդրադարձավ նաև Վահրամ Թոքմաջյանի հրապարակման ձևակերպումներին՝ ասելով. «Ինձ համար վիրավորական է միայն այն, որ մարդիկ կասկածում են, որ ես այդ սկզբունքներին հավատարիմ եմ մնալու՝ անկախ նրանից՝ ես քաղհասարակության ներկայացուցի՞չ եմ, թե՞ պաշտոնյա»:
Զարուհի Դիլանյան