Բաժիններ՝

«Դա կարող է լինել թե՛ անզգուշություն, թե՛ միտում». փոխնախարարը՝ հրդեհների մասին

Հանրապետության տարբեր բնակավայրերում բռնկվող հրդեհների մասին տեղեկությունը դարձել է վերջին օրերի լրահոսի մասը:  Բավական է ասել միայն, որ օգոստոսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արդեն  60 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Այսօր տեղեկացանք նաև, որ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։

168.am-ը հրդեհների պատճառների ու հետևանքների մասին հարցեր ուղղեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանին:

Պարո՛ն Մելիքյան, այս տարի հրդեհները, կարծեք թե, շատ էին՝ դրանք առավելապես մարդկային գործոնո՞վ էին պայմանավորված, թե՞ կլիմայական փոփոխություններով:

– Բուսածածկ տարածքների հրդեհները, իհարկե, հիմնականում պայմանավորված են լինում մարդկային գործոնով, այսինքն՝ դա կարող է լինել թե՛ անզգուշություն, թե՛ միտում, բայց փորձագիտական կարծիք կա, որ  93-95 %-ից  ավելի հրդեհները պայմանավորված են մարդկային գործոնով (իհարկե, դեպքեր կան, երբ կայծակի հետևանքով կարող են լինել հրդեհներ, բայց մեզ դա այդքան էլ չի վերաբերում):

Բայց նաև գործ ունենք կլիմայի հետ. կլիմայի փոփոխության արդյունքում՝ հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, Հայաստանում ունենք առավել շոգ և չոր եղանակ, որը նպաստում է հրդեհների տարածմանը:

Այսինքն, եթե լինեին այլ եղանակային պայմաններ,  անգամ մարդկային գործոնների պարագայում՝ անզգուշորեն նետված ծխախոտի, չմարված կրակի հետևանքով առաջացած հրդեհները չէին տարածվի:  Եղանակային պայմանները ռիսկերը մեծացնում են:

Հրդեհներից հետո բուսածածկույթի վերականգնում տեղի ունենո՞ւմ է. Եթե՝ այո, ապա այրված մակերեսի հետագա վերականգնումն ինչպե՞ս է լինում:

– Հրդեհներից հետո դեռ պետք է գնահատենք վնասները:

Առավել մտահոգիչ է գիհուտների վերականգնումը՝ շատ դանդաղ են աճում. անգամ փոքր գիհիները տասնամյակներ կամ հարյուրամյակներ առաջ են սկսել աճել, դրանց վերականգնումը շատ երկար կարող է տևել, եթե ոչ՝ անհնարին լինել:

Իսկ ընդհանուր առմամբ, մենք Խոսրովում տեսանք, որ լայնատերևները և խոտածածկը բավականին արագ վերականգնվեցին: Ամեն դեպքում անհրաժեշտ կլինի մշտադիտարկել տեղանքները՝ հասկանալու կորուստները և, թե ինչպես են դրանք վերականգնվելու:

– Ե՞րբ կարվի գնահատումը:

– Գնահատումները կարվեն, երբ հրդեհները մարված կլինեն: Դրանից հետո Անտառի մոնիտորինգի կենտրոնը, որը գործում է նախարարության ենթակայությամբ,  արբանյակային պատկերների և անօդաչու թռչող սարքերի միջոցով նախ կգնահատի մակերեսը, ապա համապատասխան մասնագետները նաև դաշտային աշխատանքներով կգնահատեն կորուստները:

Զարուհի Դիլանյան   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս