Ի՞նչ կփոխվի Հայաստանի համար, երբ Ռուսաստանը վերադառնա Մեծ ութնյակ

Հարցազրույց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում դեռևս տեղի չի ունեցել, և այն մնում է օրակարգում, ամեն դեպքում հայ-ամերիկյան երկխոսությունը չի նվազել, այլ շատ ավելի ակտիվացել է բարձր մակարդակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Այդ հարցն օրակարգում կա և դուրս չի գալու օրակարգից: Դա, իհարկե, փաստ է, որովհետև ցանկացած պետության համար չափազանց կարևոր է՝ ուղիղ շփում և հանդիպում ունենալ ԱՄՆ-ի նման գերտերության ղեկավարի հետ, հատկապես՝ նման հանդիպում դեռևս տեղի չի ունեցել: Այնպես որ, այո՛, հարցը շարունակելու է օրակարգում լինել այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանդիպումը չի կազմակերպվել:

Ինչ վերաբերում է վարչապետի մոտակա այցին ԱՄՆ, այցը երկկողմ օրակարգ, մեծ հաշվով, չունի այն առումով, որ նախատեսված չէ երկու պետությունների ղեկավարների հանդիպում: Վարչապետը լինելու է ՄԱԿ-ում, հանդիպելու է մի շարք պետությունների ղեկավարների հետ, մասնակցելու է մի շարք միջոցառումների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կազմակերպած ընդունելությանը, սակայն տետ-ա-տետ հանդիպում Թրամփի հետ նախատեսված չէ:

– ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադրություն կա հաջորդ տարի G7-ի գագաթաժողովին հրավիրել նաև Ռուսաստանին և վերականգնել Մեծ ութնյակի ֆորմատը: Սա ինչպե՞ս կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը:

– Սա իրականում բավականին հետաքրքիր և լուրջ քայլ է, հատկապես ԱՄՆ նախագահն այս քայլում ունի Եվրամիության առաջնորդ պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությունը: Սա չափազանց կարևոր է, որովհետև Ռուսաստանը, որքան էլ դա ցանկալի կամ ոչ ցանկալի լինի Միացյալ Նահանգների կամ Եվրամիության համար, համաշխարհային տնտեսության և քաղաքականության վրա ամենաուժեղ ազդեցություն ունեցող պետություններից մեկն է և, որքան էլ ՌԴ-ում տնտեսական դժվարություններ լինեն, որքան էլ քաղաքական հակասություններ լինեն Մոսկվայի ու Վաշինգտոնի կամ Մոսկվայի ու Բրյուսելի միջև, դա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանն իր տեղը, դերն ու նշանակությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացներում չի պահպանել: Այնպես որ, սա շատ տրամաբանական մոտեցում է, և, իհարկե, ՌԴ-ն Մեծ ութնյակում տեղ ունի:

– Իսկ Ռուսաստանը կցանկանա՞ վերադառնալ:

– Ես կարծում եմ՝ այո, որովհետև սա բավականին հետաքրքիր ձևաչափ է: Սա, իհարկե, որևէ միջազգային կազմակերպություն չէ, բայց միջազգային հարթակ է, որտեղ հանդիպում են աշխարհի ամենահզոր պետությունների առաջնորդները, և ՌԴ-ն, իհարկե, որպես համաշխարհային գերտերություն, այստեղ ասելիք և անելիք ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով:

– Իսկ արդյո՞ք դա կնշանակի, որ ինչ-որ բան է փոխվել, և հնարավոր է՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները վերանան:

– Իրականում կան նման քննարկումներ ԵՄ տարբեր երկրների մայրաքաղաքներում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է գոնե ԵՄ-ի կողմից հանվեն, որովհետև Ռուսաստանը չափազանց կարևոր առևտրային գործընկեր է ԵՄ-ի համար, և, իհարկե, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից տուժում է ոչ միայն ՌԴ-ն, այլև նրա գործընկեր տասնյակ եվրոպական երկրներ, և ընդհանրապես ԵՄ-ն՝ որպես հավաքական երևույթ: Դրա համար, կարծում եմ, այո, չի բացառվում, որ որոշ պետություններ ապագայում սկսեն քայլ առ քայլ չեղարկել պատժամիջոցները:

– Դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ տնտեսական կապերը և այնտեղ մեր համայնքը:

– Ընդհանրապես Ռուսաստանի տնտեսության ցանկացած ցնցում, վայրիվերումներ, լինի դա ռուբլու փոխարժեքի կամ նավթի գների տատանում, իհարկե, լուրջ ազդեցություն է ունենում Հայաստանի վրա, որովետև ՀՀ-ն հազարավոր թելերով ՌԴ-ի հետ կապված է ոչ միայն երկկողմ համաձայնագրերով, այլև ԵԱՏՄ շրջանակներում: Այնպես որ, ցանկացած ցնցում ՌԴ-ում ուղղակի և անուղղակի հարվածում է Հայաստանին, և դրա համար, իհարկե, այդ ազդեցությունը մեր տնտեսության վրա անխուսափելի է: Դրա համար բնական է, որ ՀՀ շահերից չի բխում, որ ՌԴ-ն տնտեսական վնասներ կրի ու շարունակի մնալ պատժամիջոցների տակ, որն ուղղակիորեն հարվածում է նաև Հայաստանի Հանրապետությանը:

Տեսանյութեր

Լրահոս