«Չկա որևէ ատյան, որտեղ Հայաստանը կարողանա բողոքարկել». Արա Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու՝ ՌԴ որոշման մասին
«Ռուսաստանը հղում է կատարել Մինսկի կոնվենցիայի՝ իրավական փոխօգնությունը մերժելու կետի վրա, բայց ընդհանրապես, եթե անձը դիմում է ապաստանի համար, այստեղ որոշում պետք է կայացվի չվերադարձելիության սկզբունքի հիման վրա։ Դա արդեն ՄԱԿ-ի փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի մի շատ կարևոր, բայց շատ բարդ սկզբունք է, որը պահանջում է բավականին ծավալուն փաստական հիմքեր և իրավական հիմնավորում, որն ընդհանրապես շատ դժվար է հաղթահարել։ Պետք է հիմնավորել, որ անձի արտահանձնման դեպքում նա կենթարկվի խոշտանգումների կամ հետապնդումների, այսինքն՝ առկա է հիմնավոր երկյուղ, որ նա կենթարկվի վատ վերաբերմունքի, կամ արդարադատությունը կմերժվի, և այլն։ Դա շատ դժվար է հիմնավորել պրակտիկայում։ Սովորաբար նման չափանիշ են վկայակոչում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արա Ղազարյանը՝ խոսելով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ-ին հանձնելու՝ ՌԴ գլխավոր դատախազության մերժման մասին։
Ըստ նրա՝ այն, ինչ վկայակոչված է Ռուսաստանի կողմից, ընդհանրապես քրեադատավարական սկզբունք է: Այսինքն՝ ենթադրենք՝ Հայաստանի քննչական մարմինները խնդրում են այնտեղ առերեսում կազմակերպել կամ քննչական գործողություններ, ինչը մերժվում է:
Ա.Ղազարյանը նշեց, որ փախստականների դեպքում այդ հոդվածի վրա ընդհանրապես հղում չեն կատարում, այլ հղում են կատարում չվերադարձելիության սկզբունքի վրա։ Փաստաբանի համոզմամբ՝ ռուս իրավաբաններն իրենք դա շատ լավ գիտեն.
«Բայց որպես ապաստանի հայցող գործ այն այնքան թույլ է, որ պետք է մտածեն ինչ-որ ձևական, աբստրակտ հիմք, որ մերժեն, և այդ կոնվենցիային են հղում կատարել։ Եթե մերժեին չվերադարձելիության սկզբունքի հիման վրա, ապա դրա համար գործն օբյեկտիվորեն շատ թույլ է, ուստի բավականին աղոտ, մշուշոտ հիմքի վրա են վկայակոչել»։
Մ.Պողոսյանի վրա ՀՀԿ խորհրդի անդամ լինելու և այլ քաղաքական պատճառներով ճնշումների առկայությունը, ըստ փաստաբանի, պետք էր հիմնավորել 2 կերպ՝ երկրում տիրող ընդհանուր իրավիճակով, այսինքն՝ մասսայաբար քրեական հետապնդումների, քաղաքական հետապնդումների են ենթարկվում նախկին իշխանության ներկայացուցիչները, երկրորդ՝ պետք է հիմնավորել անձնական տվյալներով: Այսինքն՝ անձնավորված տվյալներ, որ կոնկրետ նրա հարազատների նկատմամբ կան հետապնդումներ, ձերբակալություններ, խոշտանգումներ, աշխատանքից ազատել, գույքը մասսայաբար բռնագրավել, ռեպրեսիաներ և այլն.
«Բայց, կրկնեմ, Միհրան Պողոսյանի գործը, որպես ապաստանի հայցող, այնքան թույլ է, որ եթե կա քաղաքական որոշում նրան չարտահանձնելու, պետք է որևէ ձևական, աբստրակտ հիմքի վրա հղում կատարեն»։
Այս պարագայում, Ա.Ղազարյանի կարծիքով, հայկական կողմը ոչինչ չի կարող անել. «Չկա որևէ ատյան, որտեղ Հայաստանը կարողանա բողոքարկել։ Ավելի շուտ քաղաքական երկխոսություն պետք է սկսել, իրավական որևէ գործընթաց այստեղ չկա»։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: