Բաժիններ՝

Ինչ է խոստանում ՓՄՁ զարգացման 2019-2023թթ. ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը գործարար աշխարհի շահագրգիռ կազմակերպություններին ուղարկել է ՓՄՁ զարգացման 2019-2023 թթ. ռազմավարության նախագիծը: Այժմ պետք է սկսվի դրա ակտիվ քննարկումների փուլը:

Փաստաթուղթով սահմանվում է ՓՄՁ զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակը, նպատակները, արդյունքները, դրանց հասնելու համար կոնկրետ միջոցառումներն առաջիկա 5 տարիների համար:

Մասնավորապես՝ ռազմավարությունը թիրախ է սահմանում՝ Հայաստանում, հատկապես՝ մարզերում, 1000 բնակչին բաժին ընկնող ՓՄՁ-ների թվի աճ։

Ներկայումս՝ Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ՓՄՁ-ների միջին թիվը 20,1 է, որը Ռազմավարության գործողության ավարտին թիրախավորվում է հասցնել բնակչությամբ համադրելի Մերձբալթյան երկրների միջին ցուցանիշի 70%-ին` մոտ 42 ՓՄՁ` 1000 բնակչի հաշվով` հաշվի առնելով Հայաստանում և նշված երկրներում ՓՄՁ-ների թվաքանակի գրեթե կրկնակի տարբերությունը։

Ընդ որում, առավել թիրախավորվելու է հատկապես մարզերում ՓՄՁ խտության ավելացումը, որտեղ այն ներկայումս միջինում կազմում է 15,8։

Ռազմավարության հաջորդ թիրախը ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացումն է։ Ներկայումս ՓՄՁ սուբյեկտների մոտ մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքի արտադրողականությունը կազմում է միջին ընկերություններում՝ շուրջ 7,8մլն ՀՀ դրամ (մոտ 16,3 հազար դոլար), իսկ գերփոքր և փոքր ընկերություններում՝ շուրջ 8.3 մլն ՀՀ դրամ (մոտ 17,2 հազար դոլար)։

Նշված ցուցանիշները զգալիորեն զիջում են ԵՄ համապատասխան ցուցանիշներին:

Ռազմավարության գործողության ավարտին թիրախավորվում է հասցնել բնակչությամբ համադրելի Մերձբալթյան երկրների միջին ցուցանիշի 70%-ին` 27,7 հազար դոլար` հաշվի առնելով Հայաստանում և նշված երկրներում ՓՄՁ-ների թվաքանակի գրեթե կրկնակի տարբերությունը։

Ռազմավարության թիրախներից է նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացումը, քանի որ ֆինանսավորման ավանդական աղբյուրների պրոդուկտները, որպես կանոն, խիստ սահմանափակ են և դժվար հասանելի ՓՄՁ-ների համար:

Չինովնիկները կարծում են, որ այս պայմաններում ֆինանսավորման այլընտրանքային գործիքների զարգացումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ՓՄՁ ֆինանսավորման կարիքները բավարարելու համար:

Միջոցառումներ կիրականացվեն նաև միասնական բրենդով ներկայանալու կարողությունների ձևավորմանն ուղղությամբ, մասնավորապես` Արտահանման կոնսորցիումների ստեղծման ու հավաքման և լոգիստիկ կենտրոնների ձևավորման նպատակով:

Այս ամենը կյանքի կոչելու նպատակով նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ՝ օրենսդրական, իրավական կարգավորումներ, դասընթացներ, արտահանման սուբսիդավորում, ցուցահանդեսների կազմակերպում և այլն:

Նկատենք, որ նախորդ կառավարությունները համանման միջոցառումներ իրականացրել են, դեռ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ժամանակ առաջ քաշեց միասնական բրենդավորման գաղափարը՝ հայկական գինի, հայկական պանիր, նաև համահայկական առևտրային ցանց հիմնեց, աշխարհի հայ ճարտարապետների միություն և այլն, որոնց գործնական արդյունավետությունը չնչին էր:

Ուշագրավ է այս ռազմավարության մեջ նշված ՓՄՁ քանակը. 2017 թվականին ՀՀ-ում տնտեսվարողների քանակը կազմել է 59,575, որից միայն 108-ն են դասվել որպես խոշոր տնտեսվարողներ, իսկ 93.8%-ը գերփոքր տնտեսվարողներ են:

Մինչդեռ նախորդ՝ 2016-2018թթ. ՓՄՁ զարգացման ռազմավարության մեջ գրված էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական բազայի տվյալների համաձայն ՀՀ ամբողջ տարածքում 2014 թվականի ընթացքում գործունեություն են ծավալել 74,365 ՓՄՁ սուբյեկտներ, որոնցից 68,117-ը` գերփոքր, 5109-ը` փոքր, և 1139-ը` միջին:

Այսինքն՝ նախորդ ռազմավարության իրականացման արդյունքում ՓՄՁ-ների քանակը ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ 14,790-ով: Այս փաստը, թերևս, պետք է պարզաբանեն 2016-2018թթ. ոլորտի պատասխանատուները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս