«Ժողովուրդն հնարավորություն ունեցա՞վ իրացնելու իր իշխանությունը, թե՞ ոչ…»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդունված է համարել, որ ընդդիմությունը վաղվա իշխանությունն է: Քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունը հանդիսանում է քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը:

Անգամ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը: Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ռոբերտ Դալն իր «Քաղաքական ընդդիմությունը Արևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ նշում է, որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները, որոնք են՝ պետության սահմանադրական կարգի և ընտրական համակարգի գոյությունը, քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, հասարակության մեջ հատուկ ենթամշակույթների գոյությունը, կառավարության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը, հասարակության մեջ սոցիալական և տնտեսական բաժանումը, զանգվածային գիտակցության առանձնահատկություններ, որը պայմանավորված է ընդդիմություն-կառավարություն փոխհարաբերությունների բնույթով և հասարակության բևեռվածության աստիճանը:

Գոնե ինձ համար ակնհայտ է, որ մեր երկրում առողջ քաղաքական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի որակներով օժտված ընդդիմություն, որը սնուցվում է հասարակության համար ընդունելի սկզբունքներով ու արժեքներով: Պետության և իշխանության շահերից է բխում ունենալ ազդեցիկ ընդդիմություն, քանի որ ակնհայտ է, որ որքան ուժեղ է ընդդիմությունը, նույնքան ուժեղ է իշխանությունը:

Հայաստանում սովորաբար իշխանությունը հայհոյել է ընդդիմությանը և՝ ճիշտ հակառակը: Միշտ բացակայել է ծրագրային և գաղափարական հակադրությունն ու մրցակցությունը: Մեր երկրին իսկապես նոր որակի ու բովանդակությամբ քաղաքական համակարգ է անհրաժեշտ:

Այս առումով նոր իշխանության խնդիրն ահռելի է: Հրապարակ բերելով ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման հարցը, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա գալով իշխանության՝ քաղաքական այդ ուժի ուսերի վրա է մնում ձևավորելու այնպիսի ինստիտուցիոնալ քաղաքական համակարգի կառուցումը, որում հակադրվող, քաղաքական ուժերի, քաղաքական համակարգի սուբյեկտների՝ իշխանության ու ընդդիմության զինանոցում առկա կլինեն առավելապես ծրագրային ու գաղափարական ՛՛Զենքեր՛՛՝ հանուն ավելի լավ Հայաստանի՝ պատմության աղբարկղ ուղարկելով մեկը մյուսին սևացնելու, ստորացնելու և գոտկատեղից ներքև հարվածելու բոլոր միջոցները…

Այս համատեքստում հնարավոր չէ չարձանագրել, որ նախկին իշխանության և նրան արբանյակ ուժերի ներկայացրած հայտը՝ ապագա տարիներին դառնալու գործող իշխանության ընդդիմությունը, չի խոսում առողջ քաղաքական համակարգի կայացման հնարավորությունների մասին… Ապահով տուն կառուցելու համար նրա հիմքերը պետք է ճիշտ դրվեն…

Իմ տպավորմամբ Հայաստանի ապագայի շուրջ ծրագրային բանավեճի պակաս կա: Փոքր խնդիրները կլուծվեն մի քիչ լավ, միքիչ վատ, այդուհանդերձ, հաջորդ ընտրությունների նախաշեմին, պատմության տեսանկյունից, ենթադրում եմ, որ քննության առարկա կդառնան հետևյալ հարցադրումները.

1. Լուծվե՞ց, արդյոք, Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ,

2. Կարգավորվե՞ց հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ, թե՞ ոչ,

3. Հայաստանը դարձա՞վ իրապես ժողովրդավարական ու իրավական պետություն, թե՞ ոչ,

4. Ժողովուրդն հնարավորություն ունեցա՞վ իրացնելու իր իշխանությունը, թե՞ ոչ, ինչպես ամրագրված է ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածով:

5. Հայաստանը կարողացա՞վ ստեղծել երաշխավորված անվտանգության համակարգ, թե՞ ոչ
6. Հնարավոր եղա՞վ իրական հիմքեր ստեղծել արտագաղթի խնդիրը չեզոքացնելու համար, թե՞ ոչ…

Կապրե՛նք, կտեսնե՛նք…»:

Հայաստանի ապագայի շուրջ ծրագրային բանավեճի պակաս…

Gepostet von Նորայր Նորիկյան Norayr Norikyan am Freitag, 16. August 2019

Տեսանյութեր

Լրահոս