Ուրուգվայի արտգործնախարարը՝ Արցախի հարցի, Ադրբեջանի կողմից ճնշումների մասին
«Այն 19-20 հազար հայերը, որոնք ապրում են Ուրուգվայում, Հայաստանը կոչում են մայր հայրենիք: Նրանք ինտեգրված են Ուրուգվայի հասարակության մեջ՝ բազմաթիվ ուղղություններով. ունենք զբոսաշրջության նախարար, որը հայերի ժառանգ է, ունենք համալսարանի ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց ներդրումն են բերել ազգային զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:
Նա ընդգծեց՝ Ուրուգվայն ու Հայաստանը կիսում են հստակ դիրքորոշում՝ խաղաղության և միջազգային անվտանգության ուղղությամբ, որը հիմնված է ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթի վրա: Նախարարը հիշեցրեց՝ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը՝ 1965թ.:
«2004թ. ապրիլի 24-ը ճանաչեցինք՝ որպես Հայ զոհերի հիշատակման օր: Այդ օրենքում նշվում է, որ հեռուստառադիո հեռարձակման ծառայությունները պետք է պարտադիր ժամանակ տրամադրեն այդ ցավալի դեպքին, որը տեղի ունեցավ Հայաստանի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Ուրուգվայը խաղաղության սիրահար երկիր է:
«Զոհրաբ Մնացականյանը շատ պարզ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում ՄԽ շրջանակներում՝ 1995թ. ստանձնած մանդատի համաձայն, որպեսզի բանակցված լուծում ձեռք բերվի՝ հիմնված նաև ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա: Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը՝ այլընտրանք չկա այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանը»:
Հարցին՝ Ադրբեջանը հաճախ ճնշումների միջոցով փորձում է կանխել տարբեր երկրների և Արցախի միջև հարաբերությունների որոշակի զարգացումը, Ուրուգվայը նո՞ւյնպես զգում է այդպիսի ճնշումներ, թե՞ ոչ, Ռուդոլֆո Նին Նովոան պատասխանեց.
«Ուրուգվայը մի երկիր է, որն անկախ է, ինքնիշխան է, փոքր, է, ժողովրդավարական մեծ ավանդություններով, խաղաղության կողմնակից երկիր է: Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, որովհետև աշխարհում գրեթե ոչ մի երկիր ռիսկ չի անի անհիմն կերպով ճնշում գործադրել Ուրուգվայի նկատմամբ, որն իր պատմության ողջ ընթացքում բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել է՝ ցույց տալու համար իր հանձնառությունը խաղաղության փոխըմբռնման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»: