Մանկապարտեզների, երաժշտական դպրոցների վերանորոգման բյուջեից՝ աղբահանությանը. «Սա կառավարման վատ ձև է»

Համայնքային բյուջեն քամելը և աղբահանությանը տալը կառավարման վատ ձև է: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Ապրիլի 29-ին մանկապարտեզների վերանորոգման բյուջեն նվազեցվել էր 243 մլն դրամով: Այսինքն՝ եթե մենք ապրիլից արդեն գիտեինք, որ չենք հասցնելու նախագծերն ամփոփել, շինարարություններ անել, բնականաբար, կարելի էր այդ բյուջեն դատարկել: Հուլիսի 12-ին հետիոտնային անցումների կառուցման և վերանորոգման բյուջեից հանվել է 57 մլն դրամ և կրկին 5 մլն դրամ՝ մանկապարտեզների նորոգման բյուջեից: Բոլոր այս մեջբերումները քաղաքապետի որոշմամբ բյուջեի վերաբաշխման արդյունք են, որոնք արվել են աղբահանության վրա լրացուցիչ գումար ծախսելու համար: Հուլիսի 24-ին հետիոտնային անցումների կառուցման և վերանորոգման բյուջեից հանվել է 15.8 մլն դրամ, բակային տարածքների վերանորոգման բյուջեից նվազեցվել է 50 մլն դրամ, և կրկին մանկապարտեզների բյուջեից՝ 216 մլն դրամ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ օգոստոսի 1-ին արտադպրոցական կազմակերպությունների շենքերի և շինությունների նորոգման բյուջեից հանվել է 142 մլն դրամ. «Սրանք երաժշտական դպրոցներն են, սպորտդահլիճները և այլն, որոնց անմխիթար վիճակի մասին բոլորս գիտենք: Մանկապարտեզների վերանորոգման բյուջեից ևս օգոստոսի 1-ին նվազեցվել է 43.8 մլն դրամ: Այսօր ավագանու այս որոշմամբ նախատեսվում է 91 մլն դրամ ևս նվազեցնել մանկապարտեզների նորոգման բյուջեից, և, փաստորեն, ինչ-որ մենք քննարկում ենք, դա երևացող կողմի մի մասն է:

Ըստ էության, պահուստային ֆոնդից էլ քիչ բան է մնում, ինչը մտահոգիչ է, որովհետև մենք տարեսկզբին հաստատեցինք մի քանի միլիարդ դրամի պահուստային ֆոնդ՝ այն էլ՝ այսպիսի մաշված շենքերով ու փողոցներով քաղաքի համար: Ես կարծում եմ՝ դա շատ վտանգավոր քայլ է՝ պահուստային ֆոնդը թողնել նման վիճակում»:

Խաժակյանն ընդգծեց, որ հիմա միլիարդներ են հատկացվում աղբահանությանը՝ լրացուցիչ կերպով. «Մենք «ՍանիՏեքին» կոպեկ առ կոպեկ տալիս ենք իր գումարները, իսկ մնացածը՝ բյուջեից հատկացումներ ենք կատարում, և դա նույնն է, որ մեր տունը վերանորոգման տանք ինչ-որ վարպետի, որը պահանջի իքս գումար ու իր աշխատանքը պատշաճ չկատարի, մենք էլ կողքից մի հատ ուրիշ վարպետ բերենք կամ սկսենք նույն գործը լրացուցիչ գումար հատկացնելով անել:

Այս տրամաբանությունը, որ մենք պետք է բոլոր միջոցները հատկացնենք աղբահանությանը, որովհետև քաղաքապետարանը համարում է, որ համայնքային կառավարումը ճիշտ է, մենք չենք կիսում: Մենք ասում ենք, որ երկրորդ միջազգային օպերատոր պետք էր ներգրավել, որը կաներ այդ ներդրումը, ու մենք ստիպված չէինք լինի բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնել:  Վատ է, երբ մի ոլորտում կա մոնոպոլիա, դրա լավագույն  ձևը մրցակցությունն ավելացնելն է: Համայնքային բյուջեն քամելը և աղբահանությանը տալը կառավարման վատ ձև է: Կառավարման ոճաբանությունն այնպիսին է, որ ամեն ինչ լինի համայնքային, համայնքը կատարի»:

Տեսանյութեր

Լրահոս