Բաժիններ՝

Մարությանը մանկապարտեզների հաշվին աղբահանության համար ևս 1.7 միլիարդ դրամ է ուզում

Երևանի քաղաքապետարանում քաղաքի՝ կաթվածահար եղած աղբահանության խնդրի համար կարծես թե «լուծում» են գտել։

168.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի ընթացքում նախատեսվում է 1.7 միլիարդ դրամով ավելացնել աղբահանության ծախսային հոդվածը։

Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, այդ գումարից 91 միլիոն դրամը նախատեսվում է հանել մանկապարտեզների վերանորոգմանը հատկացված բյուջեից։

Նախորդ տարվա՝ 2018 թվականի՝ նախկին իշխանությունների կողմից աղբահանության համար նախատեսված գումարը եղել է 5.6 միլիարդ դրամ, այս տարվանը, որն արդեն կազմել է Երևանի ավագանու՝ արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն (82%) ստացած քաղաքապետ Հայկ Մարությանը, այդ ծախսային հոդվածն արդեն կազմել է 7.6 միլիարդ, այսինքն՝ նախորդ տարվանից 2 միլիարդ դրամով ավելի։

Եվ հիմա, փաստորեն, այդ 2 միլիարդ ավելի գումարին քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկանում է ավելացնել ևս 1.7 միլիարդ դրամ գումար։

Հետաքրքիր է, թե ի՞նչ են անում քաղաքապետարանում այդքան գումարները։ Եթե, փաստորեն, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման շրջանում 5.6 միլիարդով հնարավոր է եղել քիչ թե շատ տանելի աղբահանություն կազմակերպել (համենայն դեպս, քաղաքը գարշահոտություն չէր բուրում, առնետները, մոծակներն ու զանազան վարակակիր այլ միջատներ չէին վխտում, ու չկար համաճարակի վտանգ), ինչո՞ւ դա հնարավոր չեղավ անել ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից աղբահանության համար կազմած բյուջեով՝ 7.6 միլիարդով, ու ի՞նչ հարց պիտի լուծի լրացուցիչ 1.7 միլիարդը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս խոսել են այն մասին, որ աղբահանության այսպիսի ծառայության դիմաց գրեթե ամբողջ ծավալով, տարեկան 5․2 միլիարդ «ՍանիՏեքին» վճարելն արդարացված չէ։ Սրան զուգահեռ՝ քաղաքապետարանը 2019 թվականի համար աղբահանության և սանիտարական մաքրմանն ուղղված ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելացրել էր  շուրջ 2 միլիարդ դրամով։ Հիմա քաղաքապետարանը ավագանու արտահերթ նիստով կրկին ցանկանում է վերաբաշխում կատարել բյուջեում և ևս 1,7 միլիարդ դրամով ավելացնել աղբահանությանն ուղղված ծախսերը։

«Իհարկե, հրատապ միջոցառումներն անհրաժեշտ են, բայց, փաստորեն, ստացվում է, որ 2019 թվականին աղբահանության բյուջեն ավել կկազմի նախորդից շուրջ 3․7 միլիարդ դրամով, բայց կմնա պատմության մեջ՝ որպես աղբի կույտերի և գարշահոտության տարի»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ վերաբաշխման մի մասն իրականացվել է մանկապարտեզների հիմնանորոգումների հաշվին, ապա Երևանի ավագանու անդամը նկատեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ քաղաքապետարանը նվազեցնում է մանկապարտեզների վերանորոգման ծախսը․ նախորդ անգամ՝ ապրիլի 29-ին, քաղաքապետի որոշմամբ այն կրճատվել էր 243 մլն դրամով, իսկ այժմ ավագանուն առաջարկվում է նվազեցնել ևս 91 մլն դրամով։

«Մեր բնակիչներն այս անելանելի թվացող իրավիճակում, իհարկե, առաջին հերթին ցանկանում են, որ աղբահանության խնդիրը մայրաքաղաքում օր առաջ լուծվի, և, փաստորեն, քաղաքապետարանը պահուստային ֆոնդի զգալի մասը սպառում է իր ոչ արդյունավետ կառավարման հետևանքները շտկելու համար»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։

Խմբակցությունը, ըստ Դավիթ Խաժակյանի, դեռ որոշում չունի՝ ինչպե՞ս են քվեարկելու։

«Դեռ խմբակցության նիստ չենք արել, քվեարկության վերաբերյալ առանձին որոշում կկայացնենք»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ 168.am-ին տեղեկացրեց, որ դեռ խմբակցության որոշում չունեն։

«Նոր ենք ստացել ծանուցումը։ Վաղը մինչև ֆինանսական հանձնաժողովի նիստը խմբակցության նիստ կգումարենք, կքննարկենք ու մեր դիրքորոշումը կհայտնենք»,- տեղեկացրեց Միքայել Մանրիկյանը։

Վերջինս հավելեց սակայն, որ, այնուամենայնիվ, տարակուսելի է, որ եղած բյուջեով աշխատանքները նորմալ չեն կատարվում։

«Հիմա մենք չգիտենք, թե այդ հավելյալ գումարն ինչի՞ համար են ուզում։ Երկրորդ օպերատորի՞ն պետք է տրամադրվի, թե՞ վարչական շրջաններին, որովհետև, օրինակ, Դավիթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունը, որը Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկ է, իրականացնում է աղբահանություն, թեպետ ես կարծում եմ, որ աղբահանությունը պետք է սկսվեր Կենտրոնից, քանի որ հենց կենտրոնում է շատ զբոսաշրջիկների հոսքը, և գեղեցիկ չէ, որ նրանք աղբակույտերի ֆոնին լուսանկարներ ունենան»,- ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Վերջինս նշում է, որ իր տեղեկություններով՝ որոշ վարչական շրջաններ հրաժարվել են երկրորդ օպերատորի աշխատանքներից՝ նշելով, որ կարող են ինքնուրույն կազմակերպել աղբահանության աշխատանքները։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք խնդրահարույց չէ «ՍանիՏեքի» հետ զուգահեռ՝ երկրորդ օպերատոր ներգրավելը, Միքայել Մանրիկյանն ասաց, որ այդտեղ խնդիր կա, իհարկե։

«Չունենք լուծարված պայմանագիր, բայց կա երկրորդ օպերատոր։ Այլ հարց է, որ երկրորդ օպերատորը «ՍանիՏեքին» զուգահեռ՝ իրականացնի աղբահանության աշխատանքները, սակայն, երբ դու ասում ես՝ քո աղբամանները վերցրու, գնա, այստեղ կարող է խնդիր լինել, և հետագայում արբիտրաժային դատարանի առջև կանգնենք»,- նշում է ավագանու անդամը։

Այս պահի դրությամբ, ըստ Միքայել Մանրիկյանի, երկրորդ օպերատորը 12 «Կամազ» մակնիշի ավտոմեքենա է աշխատեցնում։

«Ծրագրված է դրանց քանակը հասցնել 38-40-ի, բայց դա էլ է քիչ։ Ես քաղաքապետին էլ եմ ասել, որ դրանց քանակն առնվազն 60-70 պետք է լինի։ Կարող է այնպես պատահել, որ «ՍանիՏեքը» մի օր արթնանա ու որոշի, որ առհասարակ աղբահանություն չի իրականացնելու, ու կունենանք կոլապսային վիճակ։ Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»,- ասաց Երևանի ավագանու անդամը։

Մեր այն հարցին, թե երկրորդ օպերատորն ինչո՞ւ է հենց Դավիթաշեն վարչական շրջանից սկսել աղբահանությունը, Միքայել Մանրիկյանն ասաց.

«Դավիթաշենում հեշտ է դիվիդենտներ շահելը։ Մեկ հիմնական փողոց ունի. աղբահանության իմաստով հեշտ կառավարվող համայնք է համեմատաբար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս