Բորիս Ջոնսոնին սպառնացել են շինարարական ճգնաժամով
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ընդգրկուն ճգնաժամ առաջացնել շինարարության ոլորտում: Այդ մասին, ինչպես հաղորդել է Bloomberg-ը, նախազգուշացնում են ինդուստրիայի ներկայացուցիչները։ Կառուցապատողները զգուշանում են, որ շինհրապարակներում աշխատող չի լինի. միգրացիոն կանոնների խստացման պատճառով երկիր ժամանող բանվորների թիվը կտրուկ կկրճատվի: Նոր նորմաներով՝ Մեծ Բրիտանիայում մշտապես ապրել եւ աշխատել կկարողանան սոսկ բարձր որակավորում ունեցող օտարերկրացիները. նրանք, ովքեր ունեն առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու ատեստատ եւ տարեկան վաստակում են առնվազն 30 հազար ֆունտ:
Մնացած միգրանտներին թույլ կտան աշխատել երկրի տարածքում մեկ տարվա ընթացքում, այնուհետեւ նրանք պարտավոր են 12 ամսով հեռանալ Բրիտանիայից: Ինչպես նշել է Bloomberg-ը, Մեծ Բրիտանիայի շինարարությունում աշխատող բանվորների շուրջ կեսը բրիտանացիներ չեն: Դրա հետ մեկտեղ երկիրը վաղուց է աշխատուժի պակաս զգում այդ ոլորտում: Դրա պատճառով կրճատվում է ոչ մեծ շինարարական ֆիրմաների թիվը. Savills-ի տեղեկատվությամբ՝ 2007-ից մինչեւ 2019-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը 72 տոկոսով պակասել է:
Բրիտանիայի կառավարությունը մինչդեռ հավակնոտ շինարարական պլաններ է հայտարարում. միայն բնակարանի պահանջարկը բավարարելու համար երկրում անհրաժեշտ է տարեկան կառուցել շուրջ 250 հազար տուն: Bloomberg-ի տվյալներով՝ Շինարարների ազգային դաշնության ավագ խորհրդական Ռիկո Վոյտուլեւիչը բազմիցս դիմել է երկրի իշխանություններին՝ շինարար-միգրանտների համար հատուկ զիջողություններ սահմանելու խնդրանքով, բայց առայժմ նրանց համար որեւիցե հատուկ կանոն նախատեսված չէ: