Ինչո՞ւ են նախկին հեղափոխական ֆերմերին հրավիրել ոստիկանություն
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը մամլո ասուլիսը սկսեց չնախատեսված հայտարարությամբ: Նա ասաց, որ իր հետ կապվել է ֆերմեր Տիգրան Եղոյանը և տեղեկացրել, որ հրավիրվել է ոստիկանություն.
«Ինձ հետ կապվել է ֆերմեր, ով շաբաթներ առաջ հնչեցրել է բրուցելյոզով հիվանդ կենդանիների խնդիրը, որն արժանացավ ոչ համաչափ մոտեցման պատկան պետական մարմինների կողմից: Նա խնդրել է իրեն օգնել: Հիմա ուզում եմ տեղեկացնել, որ նա հնչեցրած հայտարարությունններից հետո սկսել է ենթարկվել ճնշումների մարզի ու գյուղի ադմինիստրացիայի կողմից: Եվ այսօր իրեն արդեն հրավիրել են ոստիկանություն: Երբ նա ասել է՝ ինչ եմ արել, ասել են՝ կգաս-կասեմ:
Ես ուղղակի կոչ կանեմ՝ զերծ մնալ նման գործելաոճից և չմոռանալ, որ մեր ժողովուրդն է իրենց ձեռքերի վրա բերել, իրենց նստեցրել այդ գահին, և եթե շատ ցանկանա, գահընկեց կանի նրանց»:
Ասուլիսին ներկա Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆերմերին իր աջակցությունը հայտնեց և նշեց, որ առհասարակ հաճախացել են նաև ողնաշարի բրուցելյոզ հիվանդության դեպքերը.
«Ունենալով 15 տարվա փորձ՝ այն աստիճանի ողնաշարի բորբոքային հիվանդություններ, որի հետազոտությունների արդյունքում բրուցելյոզը հաստատվում է, չի եղել նախորդ տարիներին»:
168.am-ը զրուցեց նաև ֆերմեր Տիգրան Եղոյանի հետ, ով մասնավորապես ասաց, որ օրեր առաջ իր հնչեցրած հայտարարություններից հետո Վայոց Ձորի մարզպետը հայտարարել է, թե՝ իմ գործով պետք է զբաղվի ԱԱԾ-ն.
«Քույրս զանգել և տեղեկացրել է, որ պետք է ներկայանամ Եղեգնաձորի ոստիկանություն. պատճառն այն է, որ իմ հայտարարությունը կրում է «զրպարտչական բնույթ»:
Եթե զրպարտչական բնույթ է կրում, որտե՞ղ են իր պաշտոնական թվերը և որտե՞ղ են իմ տված թվերը: Մարզպետը չի տիրապետում իրավիճակին: Եթե իմ տնտեսության 50 անասուն հայտնվեց այդ հիվանդությամբ, որոնց ես սպանդի ենթարկեցի, որտե՞ղ են իրենց տվյալները»:
Ֆերմերը նշեց նաև, որ փաստաբանների հետ հանդիպելուց հետո կտեղեկացնի հետագա քայլերի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆերմերն ասուլիսում ահազանգել էր, որ Վայոց ձորում բրուցելյոզ սուր վարակիչ հիվանդություն է տարածված եղել, ինքը դիմել է անասնաբույժներին:
«Անասնաբուժական տեսչության պետը և վարչության պետը մասնագետներ ուղարկեցին և ստուգումներ անցկացրեցին: 50 գլուխ էնդեմիկ տեսակի, որը մի քանի տարիների ընթացքում կարողացանք ամբողջ հանրապետությունով գտնել և ետ բերել, հայտնվել էին բրուցելյոզի ճիրաններում: Ես սա շատ շուտով կբացահայտեմ, ես զգում էի անասնաբույժների ծանր վիճակը, անասնաբուժական ծառայության պետի ծանր վիճակը, հայտարարեցի և խնդրեցի, որ գան տնտեսություն, և 50 գլուխ այծի տեսակները բոլորի աչքի առաջ սպանդի ենթարկեցի և խորը փոս փորեցի, թաղեցի»,- պատմել էր ֆերմերը՝ հավելելով, որ բրուցելյոզի դեպքում անասունները հայտնվում են Մարտունու շուկայում, Երևանում և հրամցվում մեր հանրությանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել էր ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությանը, մասնավորապես՝ նշելով, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:
Զարուհի Դիլանյան