Հայաստանում եղջերավոր կենդանիների ընդամենը 0.64 տոկոսի մոտ է հայտնաբերվել բրուցելոզ
ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությանը, որը վերաբերում է կենդանիների շրջանում բրուցելոզի տարածմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառույցի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ տնտեսությունում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) և խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ՝ խոշոր եղջերավորները, թեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի, համապատասխանաբար, տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ: «2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում՝ գրանցվել է բրուցելոզով հիվանդ, համապատասխանաբար, 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի): Բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում է, ջերմային մշակումից հետո միսը դառնում է անվտանգ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ֆերմերի այն հայտարարությունը, թե Քարագլուխ համայնքում բրուցելոզով հիվանդ է 38 քաղաքացի, նույնպես իրականությանը չի համապատասխանում. այդ համայնքում հիվանդ է երեք մարդ, որոնք նույն ընտանիքի անդամներ են:
Ըստ ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիների ընդամենը 1.04%-ի մոտ (2318-ը 222546-ից):
«Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:
Ի դեպ, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում են ախտահանիչներ՝ անասնագոմերի, ինչպես նաև սպանդի տարածքների ընթացիկ և վերջնական ախտահանություն կատարելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: